Լրահոս
Օրվա լրահոսը

Էդմոն Մարուքյանը՝ ԵԽԽՎ-ում. «Ելք» դաշինքը հետևողական է լինելու, որ անցումը պառլամենտական համակարգին լինի իրական

Հունվար 23,2018 14:45

Հունվարի 22-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի առաջին նիստում Լուսավոր Հայաստան Կուսակցության Խորհրդի նախագահ, ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր ելույթում անդրադարձել է Վեհաժողովի համազեկուցողների կողմից 2017 թվականի ընթացքում իրականացված մոնիտորինգի արդյունքներին և Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքին։ Պատգամավորը ներկայացրել է նաև Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ու կիսանախագահականից խորհրդարանական համակարգի անցման մարտահրավերները։

Էդմոն Մարուքյանը խիստ կարևորել է Եվրոպայի Խորհրդի դերը ներպետական մակարդակով անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու և Հայաստանի իշխանություններին պարտավորեցնելու գործում։ Նա ընդգծել է հետևյալ խնդիրները.

-Ընտրությունների ժամանակ համատարած ընտրակաշառքի բաժանումը։

– Խորհրդարանի առջև ոստիկանության հաշվետվողականության ապահովումը։

-Սահմանադրական բարեփոխումների արդյունքում կիսանախագահականից

խորհրդարանական համակարգին անցման ապահովումը։

Մարուքյանն իր խոսքում հղում է կատարել համազեկուցողներին առ այն, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները աչքի են ընկել մասսայական ընտրակաշառքների բաժանումով, որից հետո ԵԽԽՎ-ն Հայաստանից պահանջել է ընդունել ընտրակաշառքների պրակտիկայի դեմ պայքարելու օրենսդրություն։ Սակայն, ըստ Մարուքյանի, տվյալ ոլորտում օրենսդրության ընդունման կարիք չկա, քանի որ ընտրակաշառքների բաժանումը Հայաստանում համարվում է քրեորեն պատժելի արարք։ Գործնականում միայն անհրաժեշտ է, որպեսզի դրսևորվի գործող քրեական օրենսգիրքը կիրառելու կամք և ամեն ընտրությունից հետո ընտրակաշառք բաժանողները ենթարկվեն պատասխանատվության, որն էլ կկանխարգելի ընտրակաշառքների՝ հետագա բաժանման փորձերը։

Պատգամավորն ընդգծել է նաև, որ ինչպես նշված է զեկույցում, ընտրությունների ժամանակ վարչական ռեսուրսների չարաշահումը եղել և մնում է Հայաստանում ամենատարածված խնդիրներից մեկը։ Նա հիշեցրել է, որ Երևանում ՏԻՄ ընտրությունների ժամանակ ԵԼՔ դաշինքը ձեռք է բերել ու ներկայացրել ընտրակաշառքի զանգվածային բաժանման վերաբերյալ անհերքելի ապացույցներ, սակայն գլխավոր դատախազությունը գործը կարճել է, և այժմ Զիբիլիքս անվանումն ստացած գործը քննվում է դատարանում։

Պատգամավորը բարձրացրել է նաև սահմանադրական բարեփոխումներից հետո կառավարությանն առընթեր մարմինների գոյության անթույլատրելիությունը և հիշատակել դեռևս 2009թ․-ին ԵԽԽՎ կողմից կատարված առաջարկությունը՝ այն է թե ոստիկանությանը տալ առանձին նախարարության կարգավիճակ կամ այն ներառել որևէ նախարարության կազմում։

Մարուքյանն ասել է, որ ԵԼՔ խմբակցությունն առաջարկել է կառավարությանն առընթեր բոլոր մարմինները դարձնել նախարարություններ դրանք խորհրդարանական վերահսկողության դաշտ բերելու և Ազգային ժողովին հաշվետու դարձնելու համար։

Էդմոն Մարուքյանը ԵԼՔ դաշինքի անունից հայտարարել է, որ սահմանադրական բարեփոխումների արդյունքում կիսանախագահական կառավարման համակարգից անցումը պառլամենտական համակարգին շատ կարևոր ընթացք է և դաշինքը հետևողական է լինելու, որպեսզի վերոհիշյալ անցումը լինի իրական, քանի որ այս մասով որևէ իմիտացիա անթույլատրելի է։

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031