Լրահոս
Օրվա լրահոսը

Ում աշխատավարձից որքան կպակասի (Տեսանյութ)

Հունվար 23,2018 14:31

Հունվարի 1-ից սկսած վարձու աշխատողների աշխատավարձերից ավելի շատ պահումներ կլինեն: Հարկերի ավելացումը պայմանավորված է Հարկային օրենսգրքի փոփոխությամբ: Պետական եկամուտների կոմիտեի այս նորամուծությունը հարուցել է քաղաքացիների դժգոհությունը, քանի որ վերջին մեկ-երկու ամսում մեր երկրում արձանագրված 4 տոկոս գնաճն առանց այդ էլ նվազեցրել է մարդկանց եկամուտները:

Այսօր «Հենարան» մամուլի ակումբում հյուրընկալված ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի «Եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի» անդամ Վահագն Համբարձումյանը հրապարակեց, թե որքան աշխատավարձից որքան գումար է պահվելու: Այսպես ասած` «կեղտոտով» 279 հազար դրամ ստացող քաղաքացու աշխատավարձից ոչինչ չի պահվելու: Ինչպես որ «մաքուրով» ստացել է 208 հազար 380 դրամ, այդքան էլ ստանալու է: 420 դրամով պակասելու է 300 հազար դրամ ստացողի եկամուտը: 400 հազար աշխատավարձ ստացողից կպահվի 2420 դրամ ավել գումար: 500 հազար դրամ ստացողը ստիպված կլինի ավել վճարել 4420 դրամ` 371 հազար 920-ի փոխարեն ստանալով 367 հազար 500 դրամ: 600 հազար ստացողի պահումները կավելանան 6420 դրամով: Ամենաշատ պահումը հարկայինը կանի 2 միլիոն դրամ ստացող քաղաքացուց` 34 հազար 420 դրամ:

Վահագն Համբարձումյանն այս փոփոխություններն այնքան էլ մտահոգիչ չի համարում, քանի որ, 600 հազար վարձու աշխատողների 90 տոկոսը կազմում են 279 հազար դրամ ստացողները, որոնց եկամուտները ոչ մի դրամով չեն պակասելու:

Մանրամասները` տեսանյութում

Ըստ նրա, 500 հազար դրամ աշխատավարձ ստացողից 4400 դրամ պահումը գուցեեւ քիչ չէ:

Պարոն Համբարձումյանի խոսքով, փոփոխության նպատակը աշխատավարձերի թերհայտարարագրումը կանխելն է. «Մասնավոր հատվածը աշխատավարձերի լուրջ թերհայտարարագրում ունի, եթե մինչեւ հիմա մենք ունեինք, չձեւակերպելու խնդիր, այսինքն` արհեստավարժորեն պայմանագիրը կնքում էին, բայց չէին հայտարարագրում մինչեւ հաջորդող ամսվա 20-ը ժամանակ ունենալով, հիմա Հարկային օրենսգրքով փոխվել է: Վարձու աշխատողն աշխատանքի դուրս գալուց առաջ պետք է համակարգում պարտադիր հայտարարագրված լինի»:

Այդուհանդերձ, Վահագն Համբարձումյանի համոզմամբ, Հարկային օրենսգիրքը դեռեւս ունի լուրջ թերացումներ, որոնք շտկումների կարիք ունեն:

Համաձայն Վահագն Համբարձումյանի հրապարակած ցանկի, մինչեւ 270 հազար դրամ ստացող քաղաքացիների աշխատավարձերը ոչ միայն չեն պակասի, այլեւ` կավելանան: 80 հազար դրամ ստացողի եկամուտը 1120 դրամով կավելանա, 100 հազար ստացողինը` 1400 դրամով: 150 հազար ստացողինը` 2580 դրամով:

Հարցին, թե եկամտահարկի շեմի նվազեցում սպասվո՞ւմ է, պարոն Համբարձումյանն ասաց, որ այդ հարցը քննարկումների փուլում է եւ որ շրջանառվում է 20 տոկոսի շեմը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031