Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն այսօր ԱԺ-ում թանկացումների մասին լսումների ժամանակ իր զեկույցում անդրադարձավ կարագի գնի բարձրացմանը:
Նա նախ նշեց, որ հիմա ամենօրյա կտրվածքով խոշոր տնտեսվարողների մոտ գնային դիտարկում են անում եւ արդյունքները հրապարակում են հանձնաժողովի կայքում: Շաբոյանն ասաց, որ կարագի գների բարձրացումն ամբողջությամբ պայմանավորված է միջազգային գների ավելացմամբ, ամբողջ աշխարհում է բարձրացել 2016-ի սեպտեմբերից, մեզ մոտ 4 ամիս հետո է անդրադառնում. «Կարագի միջազգային գների եւ ՀՀ-ում կարագի ներմուծման գների միջեւ կա որոշակի ժամանակահատված, դա 4 ամիս է կազմում: ՀՀ-ում վերջին ժամանակահատվածում նորզելանդական Անքոր տեսակի կարագի գները նվազել են մոտ 100 դրամով, ակնկալում ենք, որ առաջիկայում ավելի շատ նվազեցումներ կլինեն»:
Շաբոյանն ասաց, որ եթե առաջ շուկայում 80 տոկոս կարագ ներկրողը մի տնտեսվարող էր, հիմա 28 այլ տնտեսվարողներ են շուկա մտել. «Բավականին շատացել են ՌԴ-ից, Ուկրաինայից, Բելառուսից ներկրվող կարագի ծավալները»: Արտակ Շաբոյանն ասաց, որ նորզելանդական կարագի պես նույն յուղայնության են ԵԱՏՄ երկրներից ներկրվող կարագները, բայց գները անհամեմատ ցածր էր՝ 3100-3900 դրամ»:
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը հարցրեց. «ԵԱՏՄ անդամակցությունը հանգեցնում է որոշ ապրանքատեսակների գների բարձրացմանը, գնաճը կապում էին մաքսատուրքերի բարձրացման հետ: Կարագի ոլորտում ԵԱՏՄ անդամակցության պարագայում մենք ստացել ենք հավելյալ հնարավորություններ այդ տարածքից ավելի էժան կարագ ներմուծելու: Այդ ներմուծումները մեղմե՞լ են կարագի գների բարձրացման տեմպերը:
Շաբոյանը պատասխանեց, որ իրենց ուսումնասիրությամբ ԵՏՄ մաքսատուրքերի փոփոխությունը չի կարող էական ազդեցություն թողնել երկրի ներսում գնագոյացման վրա, խոսքը վերաբերում է երրորդ երկրներից ներմուծումներին: Սոցիալական նշանակության ապրանքների մասով ընդամենը 4-5 ապրանքների դեպքում է մաքսատուրքի փոփոխությունն ազդում: Առաջինը կաթնամթերքն է, բայց կաթնամթերքի մեր ներքին արտադրությունը փակում է մեր պահանջարկը, ներկրումներ էլ կան, բայց՝ Բելառուսից, ՌԴ-ից եւ էական փոփոխություն չի կարող լինել: Երկրորդը կարագն է, մաքսատուրքի փոփոխությունը էլի գնային փոփոխության վրա չի անդրադառնալու: Հաջորդ ապրանքը ձեթն է, որի դեպքում մաքսատուրքի փոփոխություն է նախատեսվում, բայց այն եւս հիմնականում ներկրվում է ՌԴ-ից, էլի փոփոխությունը մեծ չի լինի: Մյուս ապրանքատեսակը ձուկն է, բայց մեր բնակչությունը նախընտրում է տեղական արտադրության ձուկը, ոչ թե ներկրվող սառեցվածը: Հավի մսի դեպքում նախատեսվում է փոփոխություն, մեր երկրում էլ ունենք տեղական հավի մսի զարգացած արտադրություն եւ մաքսատուրքի փոփոխությունը էական ազդեցություն դարձյալ չի թողնելու:
Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հարցրեց. «Բենզալցակայանից բենզալցակայան Երեւանում տարբերություն չկա, այսօր առնվազն 10 դրամի տարբերություն ենք տեսնում, գազալցակայանների դեպքում Երեւանում գործող գազալցակայանները սկսած 190-ից մինչեւ 240 դրամ տարբերություն են դնում արժեքի մեջ, ինչո՞վ եք պայմանավորում այս տարբերությունը եւ սա չի՞ վկայում այն մասին, որ քանի դեռ մարդիկ փորձում են հասկանալ, թե գնաճը որքանով է օբյեկտիվ, այս ընթացքում օգտվում են գազալցակայանների տերերը՝ մեծ տարբերություններ դնելով»:
Շաբոյանը պատասխանեց, որ իսկապես գազալցակայանների գների մեջ տարբերությունը մեծ է, բայց այն մրցակցային ոլորտ է. «Գազալցակայանների մեծ մասում, քանի որ հիմնականում նույն գնով են ձեռք բերում եւ նմանատիպ ծախսեր են կատարում, միջին գնի շուրջ է տատանումները, այս պահին մեծ մասում 213 դրամով է վաճառվում գազը: Կան գազալցակայաններ, որ շուկայի առաջարկ-պահանջարկի ազդեցության տակ, կախված թե որ բնակավայրում են գտնվում, գները տատանվում են: Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հիմնականում նույն գնի շուրջ է ձեւավորվում գնագոյացումը, Երեւանում հիմա վաճառվում է 210 դրամով՝ նախկինում 190 էր»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Տիկնիկների տեղը տիկնիկային թատրոնում է, այնտեղ տիկնիկներից հաճույք ենք ստանում: