Այսօր թանկացումների մասին ԱԺ լսումների ժամանակ «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Մովսես Արիստակեսյանը հիշեցրեց, որ ԱԺ նիստերի դահլիճում 2016-ին «Հարկային օրենսգրքի» նախագծի մասին կառավարությանը հարց է ուղղել՝ «Ակցիզային հարկի» փոփոխության այս պայմաններում ի՞նչ սպասումներ կան: Նրան պատասխանել են, որ սպասումները 0.4 տոկոս գնաճ է. «Ասացի, որ այդպիսի սպասումները մեղմ են: Այսօր գնաճային այս ճնշումը Մաքսային օրենսգրքի ստորագրմամբ եւ Հարկային օրենսգրքի փոփոխությամբ օբյեկտիվ է: Պետությունը գիտեր, որ գնաճային ճնշումներ են լինելու, ի՞նչ քայլեր են ձեռնարկել՝ գնաճային ճնշումները ամորտիզացնելու ուղղությամբ, ենթադրվում է, որ կառավարությունը սպասումները մեղմելու կամ չեզոքացնելու համար պետք է քայլեր ձեռնարկեր, բայց տարբեր ապրանքատեսակների համար կիրառվեց սպեկուլյատիվ սողացող գնաճ: Հարկային մարմինները պատրա՞ստ են այս իրավիճակում փոփոխելու Հարկային օրենսգրքի որոշ դրույքներ՝ Ակցիզային հարկի մասով»:
ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանը պատասխանեց, որ 0.4 տոկոս կետը այն ժամանակ առավելագույն ազդեցություն էր գնահատվում. «Մենք անգամ դրան չենք հասել գնաճին նպաստելու, դրույքաչափերի ազդեցության տեսանկյունից»:
Նա ասաց, որ ձեռնարկել են համարժեք միջոցառումներ՝ երկարաժամկետ կտրվածքով դրանք բարելավելու են տնտեսական ցուցանիշները եւ թույլ են տալու աճ ապահովել:
ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի, Միրումյանի զեկույցները լսելուց հետո հարցրեց՝ եթե ամեն ինչ այդքան լավ է, բոլոր ցուցանիշներով չենք զիջում ՌԴ-ին, Ադրբեջանին, էլ ի՞նչ ենք այստեղ հավաքվել, ավելորդ չե՞նք հավաքվել: Եթե վերահսկելի է գնաճը, եթե սարսափելի չի, այդ պարագայում ի՞նչն է մեզ մտահոգում, եկեք ամեն ինչ թողնենք, ասենք ամեն ինչ լավ է եւ ժողովրդին էլ բացատրենք, որ գնաճի պատճառով խնդիր չկա: Պարզվում է, որ բավարար չէ, որ դուք բենզինի գինը ավելացրեցիք, իրենք նորից այս օրերին 20 դրամով թանկացրին, հիմա ո՞նց հասկանանք, որ գնաճը վերահսկելի է: Սարգսյանը հարցրեց՝ երբ ուրիշ երկրների ցուցանիշներն են բերում գնաճի մակարդակի, համեմատո՞ւմ են, թե այնտեղ աշխատավարձերը ինչ մակարդակի վրա են, ինչպիսի գնողունակություն կա. «Դուք ինքներդ հայտարարել եք, որ 250 հազար աղքատ ընտանիք կա Հայաստանում, բա 250 հազարի վրա չի՞ ազդում այս ամեն ինչը, գոնե այնպես բացատրեք, որ հասկանանք՝ ուզում եք մեղմեք վիճակը, ոչ թե ասեք՝ ամեն ինչ լավ է, հիանալի է, Շվեյցարիայում ենք ապրում»:
Միրումյանն էլ պատասխանեց, որ դիզվառելիքը ակցիզային հարկով հարկելուց տնտեսությունը շահում է, եթե կան հակափաստարկներ, խնդրեմ, եկեք հակափաստարկները քննարկենք իրար հետ:
Իրավաբան Հայկազ Մակարյանը հարցրեց մարզերում հարկային քաղաքականությունից. «Եղել են բազում դեպքեր, երբ հարկային մարմինները միտումնավոր կերպով ՀԴՄ կտրոն չտալու հետ կապված բազմաթիվ քաղաքացիների տուգանել են: Ամեն ուրբաթ մարզպետարաններում եկեք տեսեք, հավաքվում են սոցիալապես անապահով ընտանիքներ, 10-20 հազար դրամ գումար են խնդրում: Պարոն Ջավադյանի պատմությունը լսեցինք՝ կարագի հետ կապված, լավ, կարագ չունեք, ձեթ չխմենք, ի՞նչ անենք»:
Միրումյանը հարկայինի աշխատակիցների պահվածքին անդրադառնալով՝ ասաց, որ իհարկե, կարող է սուբյեկտիվ մոտեցում լինի եւ կարող է ամեն աշխատակից յուրովի ընկալի իր պարտականությունների կատարումը, բայց դրա համար կան առանձին ընթացակարգեր:
Տնտեսագետ Ռաֆայել Հովհաննիսյանն ասաց, որ եկամտահարկի դրույքաչափը մեզ մոտ քիչ է իջել, նա ասաց, որ ակցիզային հարկը հայրենական արտադրանքը պահպանելու համար են աշխարհում կիրառում, դիզվառելիքը, սեղմած գազը կամ բենզինը Հայաստա՞նն է արտադրում, ո՞րն է դրա իմաստը՝ բարձրացնել այդ ծառայության արժեքը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ