Հայաստանի հանրությանը հայտնի դարձավ, թե ում է որպես
ՀՀ չորրորդ նախագահի թեկնածու առաջադրելու Ազգային ժողովում ջախջախիչ
մեծամասնություն ունեցող Հանրապետական կուսակցությունը:
Հայտնի է, որ Հայաստանի քաղաքացիներն այլեւս ուղղակի քվեարկությամբ երկրի նախագահ չեն ընտրելու, քանզի դա նախատեսված չէ նոր Սահմանադրությամբ, եւ դա վերապահված է խորհրդարանին: Իսկ դա նշանակում է, որ Հայաստանի բարձրագույն պաշտոնին հավակնողների թեկնածությունը որոշելը նույնպես վերապահված է այն ուժերին, որոնց ձայն է տվել հանրությունը:
Ֆորմալ առումով կամ, ինչպես ասում են, «փաստաթղթով» ամեն բան նորմալ է, եւ գործընթացը կարելի էր նորմալ համարել ինքնին, եթե չլիներ մի քանի վճռորոշ հանգամանք, եւ այստեղ ամենեւին էլ կարեւոր չէ հանրությանն այլեւս հայտնի անձը:
ՀՀԿ-ն ունի ջախջախիչ մեծամասնություն, նա էլ որոշում է, թե ով է լինելու նախագահ: Սակայն այստեղ էական է, թե ինչպես որոշվեց, որ հենց ա՛յդ թեկնածուն է ամենահարմարը: Ո՞վ է տեղյակ բանավեճից, քննարկումներից, թեկնածուների պաշտոնական «շորթ-լիստ»-ից, որից եւ նախապատվությունը տրվեց հենց այդ անձին: Բացի նրանից, որ փակ հավաքից հետո հայտարարվեց, որ շուտով հայտնի կդառնա նրա անունը, եւ ՀՀԿ նախագահն այն շուտով կբարձրաձայնի՝ քաղաքացիներին այլ բան հայտնի չէ, եւ, ըստ ձեւավորված ժանրի կանոնների, ստացվում է՝ դա այդպես էլ պետք է լիներ:
Դրա հետ մեկտեղ, ՀՀԿ-ն, ինչպես հայտնի է, այն կուսակցությունը չէ, որտեղ իրական քննարկումներ կարող են եւ պետք է տեղի ունենան: Իհարկե, կարծիքները եւ տրամադրությունները չեն կարող հաշվի չառնվել, համակարգի շահն էլ նույնպես, ինչպես եւ տարիների կադրային սելեկցիայի արդյունքը, բայց դա ուղղակի քննարկման մասին չէ դասական, պառլամենտական, ժամանակակից եվրոպական իմաստով:
Այս իմաստով ՀՀԿ-ն բացառություն չէ, դա հայաստանյան «կուսակցական հիվանդության» կարեւոր ախտանիշն է, որը համակել է չնչին բացառություններով բոլոր կուսակցություններին: Այնտեղ կան «առաջնորդ», «շեֆ», «շեֆ ջան», «մեր կուսակցության հայր» եւ այլն՝ ըստ ճաշակի եւ մակարդակի: Մինչդեռ որքան էլ Սահմանադրությունը սահմանի, փաստաթուղթն էլ կնքվի՝ առանց այդ ֆեոդալական եւ գավառական դրսեւորումներն արմատախիլ անելու Հայաստանում չի կարող լինել պառլամենտարիզմ: Հայաստանում այլեւս չկա որեւէ կուսակցություն, որը դեմ է ժողովրդավարությանը: Նույնիսկ Սովետի վերադարձի գաղափարով հանդես եկող Կոմկուսը դեմ չէ, սակայն մի քանի տասնյակ կուսակցություններից Հայաստանում քանի՞սն են, որոնք փոքրիկ Սաուդյան Արաբիա կամ փոքրիկ Հյուսիսային Կորեա չեն: Երեւի մեկ ձեռքի մատները բավարար են հաշվելու համար:
Մյուս կողմից՝ իսկ արժե՞ր արդյոք մեծ սպասելիքներ ունենալ չորրորդ նախագահի ընտրության գործընթացից եւ արդյունքից: Այն ամենից հետո, ինչ տեղի է ունեցել Հայաստանում 1995-96 թվականի ընտրություններից հետո, եւ եթե հաշվի առնենք այն «եվրասիական դրախտը» եւ այն «շրջապատը», որում Հայաստանը հայտնվել է, ապա հազիվ թե: Ի՞նչ է, ՀՀԿ-ն պետք է իր ձեռքով սպասողների համար իշխանափոխությո՞ւն աներ, թե՞ ընդդիմությունից մեկին նախընտրեր, թե՞ ինչ-որ մեկին, որը կսասաներ այսօրվա ջախջախիչ մեծամասնության դիրքերը: Դե իհարկե՝ ոչ, հակառակը: Ընդունվել է համակարգի տրամաբանության սահմաններում մի որոշում, որով փորձ է արվում ամրապնդել դիրքերը, համակարգին արտաքին փայլ հաղորդել, արեւմտյան գործընկերների աչքից չընկնել, խոսելու տեղ թողնել, մանավանդ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը ստորագրելուց հետո:
Այս ամենում, իհարկե, ինտրիգ չկա: Եվ չէր էլ կարող լինել: Միակ ինտրիգը գուցե թեկնածուի անձն էր, ավելի ճիշտ՝ անուն-ազգանունը: Որովհետեւ այն ցուցակը, որը շրջանառվում էր որպես «հավանական», անձնական հարթության վրա որոշակի ինտրիգ այնուամենայնիվ պահպանում էր: Եվ գործընթացին ինտրիգ հաղորդելուն որոշ չափով նպաստեց նաեւ առաջադրվող թեկնածուի՝ «մտածելու» խոստումը: Բայց դե, մեծ հաշվով, ի՞նչ կա այդտեղ մտածելու: Իշխանությունն էլ հազիվ թե առաջարկելու ավելի լավ տարբերակ ունենա իր «պահեստայինների նստարանից», եւ նույնպես պատկերացնում է, որ հակառակ դեպքում հո չէ՞ր առաջարկելու, ասենք, Գագիկ Հարությունյանին կամ Էդվարդ Նալբանդյանին: Մի պահ էլ ինտրիգային թվաց այն որ, ըստ Սերժ Սարգսյանի. թեկնածուն պետք է քաղաքականությամբ զբաղված չլինի… Բայց կարճ ժամանակ անց, երբ պարզ դարձավ թեկնածուի անունը, հարց առաջացավ՝ իսկ ինչո՞վ է նա զբաղվել վարչապետի քաղաքական պաշտոնը զբաղեցնելով, եթե ոչ՝ քաղաքականությամբ: Ավելին, ներկայացնելով Հայաստանը Միացյալ Թագավորությունում որպես արտակարգ եւ լիազոր դեսպան՝ թեկնածուն ներկայացնում է նաեւ պաշտոնական Երեւանի քաղաքական որոշումները, քաղաքականությունը, շահերը, եւ սա էլ այնպես չէ, որ քաղաքականություն չէ:
Ուրիշ բան, երբ խոսք է գնում կուսակցական լինելու մասին: Այո, թեկնածուն կուսակցական չի եղել եւ չէ: Բայց առաջադրվելով որպես երկրի նախագահի թեկնածու իշխող կուսակցության կողմից՝ այստեղ կուստոմս ունենալ-չունենալն այլեւս էական չէ: Բացի դրանից, ապրիլից անցում կատարելով խորհրդարանական կառավարման՝ պետք է փաստենք, որ քաղաքականությունն այլեւս չի՛ կարող կուսակցական չլինել: Իհարկե, եթե խոսքը գնում է դասական, իրական պառլամենտարիզմի մասին, այլ ոչ նրա մուտացիայի: Եվ նկատառումն այնքան էլ վերացական չէ. ԽՍՀՄ-ն ու Մաոյի Չինաստանն էլ էին յուրովի խորհրդարանական, որտեղ իշխում էր մի կուսակցություն, որը «հայր» ուներ: Բայց ոչ, Հայաստանը Չինաստան չէ, Ռուսաստան էլ չէ, որքան էլ ոմանք խոսեն «հայրերից» կամ երազեն դրա մասին, դա թողնենք:
Այո, ինտրիգ չկա, չի էլ լինելու, Հայաստանն այսպես թե այնպես կունենա իր չորրորդ նախագահը: Ինտրիգն ուրիշ տեղ է: Եվ դա ինտրիգ էլ չէ, այլ ազգային անվտանգության հարց, մարտահրավեր քաղաքական ուժերին եւ պետությանը. դա խորհրդարանական համակարգում գործելուն պատրաստ եւ այդ խնդրին համարժեք կուսակցությունների բացակայությունն է:
ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ
«Առավոտ»
23.01.2018