Գերմանիայի Հանովեր-Լանգենհագեն օդանավակայանում բախում է տեղի ունեցել քուրդ ցուցարարների և թուրք ուղևորների միջև, երկու մարդ թեթև վնասվածքներ է ստացել: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը:
Ծեծկռտուքը տեղի է ունեցել երեկ երեկոյան: Հաղորդվում է, որ քրդերը տերմինալի մոտ կազմակերպել են ինքնաբուխ ցույց Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունների դեմ և մեղադրանքներ հնչեցրել Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի հասցեին:
Ի պատասխան՝ Ստամբուլի իրենց չվերթին սպասող թուրք ուղևորները հարձակվել են նրանց վրա:
Ըստ նախնական տեղեկությունների՝ դեպքի վայրում եղել է մոտ 180 մարդ: Ոստիկանությունը ծեծկռտուքի 20 մասնակիցների դեմ կիրառել է պղպեղային գազ:
Հունվարի 20-ին Անկարան սիրիական Աֆրին քաղաքում քրդական զինված խմբավորումների դեմ սկսել է «Ձիթենու ճյուղ» գործողությունը: Դամասկոսը դա որակել է որպես ներխուժում իր տարածք:
https://www.youtube.com/watch?v=BqLHFxtUHm8
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ