Մինչ նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է հրավիրում և տնտեսական ոլորտի պատասխանատուներին հանձնարարում է ուսումնասիրել վառելիքի շուկայում տեղի ունեցող գնաճի պատճառները և դրանք մեղմելու մեթոդներ գտնել, իսկ խորհրդարանի ՀՀԿ-ական խմբակցությունը նույն խնդրի վերաբերյալ խորհրդարանական լսումներ է պատրաստվում կազմակերպել, Հայաստանում բենզինի և դիզվառելիքի գները նոր տարվա մեջ բարձրացան երկրորդ անգամ՝ ևս 10 դրամով: Եթե նախորդ բարձրացումը բացատրվում էր ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացմամբ, ապա այս նոր թանկացումը, կարծես թե, որևէ օբյեկտիվ հիմք չունի: Հայաստանում բենզին ներկրող ընկերությունների ներկայացուցիչները ընդհանրապես չեն ցանկանում որևէ պաշտոնական բացատրություն տալ գների բարձրացման թեմայով: CPS ընկերության տնօրենի օգնականը լսելով որ մեր հարցը վերաբերում է վառելիքի գների թանկացմանը, միանգամից հայտարարեց, որ տնօրենը տեղում չի: Մեզ մնում է ինքնուրույն հասկանալ, թե ինչու են գները բարձրանում և դեռ որքան:
Ըստ ռուսաստանյան autotraveler.ru կայքի, որը շատ մանրամասն մոնիթորինգի է ենթարկում տարբեր երկրներում բենզինի գները, Ռուսաստանում մեկ տարվա ընթացքում բենզինի գները ոչ միայն չեն աճել, այլ ընդհակառակը՝ նվազել են: Ճիշտ է, ռուսական ռուբլով արտահայտված դրանք աճել են 2․75 ռուբլով կամ գրեթե 22 դրամով АИ 92 բենզինի համար, բայց եվրոյով արտահայտված՝ 1․25 տոկոսով գները իջել են:
Դիզվառելիքի դեպքում գնանկումն ավելի մեծ է՝ մոտ 2 տոկոս: Ինչու ենք բերում Ռուսաստանի օրինակը, որովհետև Հայաստանը բենզին է ներկրում հիմնականում Ռուսաստանից, և Հայաստանում գնագոյացումը կապում են Ռուսաստանի հետ:
Հայաստանում բենզինի գնի աճը թե՛ եվրոյով, թե՛ հայկական դրամով եղել է աննախադեպ: Այսպես, առանց վերջին թանկացման, Հայաստանում բենզինի գինը մեկ տարում աճել է 100 դրամով, կամ 30․3 տոկոսով, իսկ եվրոյով թանկացումը կազմել է մոտ 9 եվրոցենտ կամ 14 տոկոս: Վարչապետ Կարեն Կարապետյանի համար ասենք, որ հարևան Վրաստանում բենզինը մեկ տարվա ընթացքում թանկացել է ընդամենը 3․4 եվրոցենտով, իսկ ազգային արժույթով՝ 13 տոկոսով:
Գալուստ Հակոբյան
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում