«Ադրբեջանը փորձում է իր մոտեցումներն առաջ մղել եւ դրանք ներդաշնակեցնել բանակցային օրակարգի հետ՝ հայկական կողմին «օկուպանտ» որակելով եւ «իր» տարածքներն ազատելու պահանջ ներկայացնելով: Սա մեր բանակցողների բացթողման հետեւանքով ստեղծված իրավիճակ է, որը որոշակիորեն նախապատրաստեց ապրիլյան ռազմական գործողությունները»,- «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով Արցախյան հակամարտության բանակցային գործընթացի ներկայիս փուլին՝ ասում է Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:
Նրա խոսքով. «Մեր բանակցային դիրքերը թույլ են եւ խոցելի: Հայկական կողմի բանակցողները լուրջ անելիքներ ունեն, շատ հարցեր պետք է վերանայվեն: Բանակցային նոր օրակարգ պետք է ձեւավորվի՝ մեր մասով»: Թե ինչպիսի բանակցային օրակարգի մասին է խոսքը, Արման Մելիքյանը չի մասնավորեցնում, քանի որ խնդիրն ընդգրկուն է, իսկ մանրամասները հանրայնացնելը նպատակահարմար չէ: «Եթե որոշվի, որ այդ փոփոխությունները պետք է կատարել, այդ ժամանակ հնարավոր կլինի գործնական փակ միջավայրում նախապատրաստել անհրաժեշտ թեզերը՝ հօգուտ մեր շահերի եւ մեր անվտանգության»,- ընդգծում է նա:
ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
«Առավոտ»
23.01.2018