Պատերազմ սկսելու համար պետք են քաղաքական նախապայմաններ: Ոչ մի փոքր կամ մեծ ղեկավար՝ լինի նա Նապոլեոն, Հիտլեր, Էրդողան կամ Ալիեւ, պատերազմ չի սկսում՝ հիմնավոր քաղաքական հաշվարկներ չունենալով: Խելագարության կանխավարկածն այս դեպքերում չի գործում. պատերազմ սկսող ղեկավարը կարող է անձնապես անհավասարակշիռ բնավորություն ունենալ, բայց նա, թեկուզ ինքնապահպանման բնազդից ելնելով, չի կարող առանց քաղաքական հիմքեր ունենալու՝ պատերազմ սկսելու հրաման տալ:
Իհարկե, հաշվարկները կարող են սխալ լինել, ինչպես որ դա եղավ Ալիեւի սանձազերծած «4-օրյա» պատերազմի դեպքում: Բայց անգամ Ալիեւը, որը բարձր մտավոր ունակությունների մարմնավորում չէ, հասկանում էր՝ եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի որեւէ պետություն կտրականապես դեմ լիներ Արցախի դեմ պատերազմին, դա իր համար լրջագույն քաղաքական հետեւանքներ կունենար: Իսկ իր նպատակներին նա չհասավ, որովհետեւ ոչ նա, ոչ էլ հիշյալ երեք երկրների վերնախավը լավ չգիտեն Հայաստանը եւ հայերին: Չմանրամասնեմ՝ հայ ընթերցողի համար առանց այդ էլ պարզ են մեր ուժեղ եւ թույլ կողմերը:
Հիմա Էրդողանն է պատերազմ սկսել Սիրիայի քրդերի դեմ, եւ չեմ կասկածում՝ եթե թուրքական բանակը գրավի Աֆրինը, որտեղ կա հսկայական խաղաղ բնակչություն, Թուրքիան իրեն կպահի այնպես, ինչպես սովորաբար պահում է: Դա նույնպես պետք չէ հայերին բացատրել:
Բայց Էրդողանը, որքան էլ «մաչոյի» կեցվածք ունենա, չէր գնա այդ քայլին, եթե վստահ չլիներ, որ առնվազն երեք կողմ՝ Ռուսաստանը, Իրանը եւ որոշակի սահմաններում նաեւ՝ Ասադի ռեժիմը, այդ քայլին լրջորեն չեն հակազդի: Իհարկե, նրանք անում են «արարողակարգային» հայտարարություններ, բայց մեծ հաշվով նրանց նույնպես ձեռնտու է ճնշել քրդերի ինքնավարությունը: Եվ Էրդողանը, իրեն հատուկ ցինիզմով, գրեթե ուղղակի տեքստով դրա մասին ասում է:
Դեմ են, բնականաբար, ամերիկացիները: Բայց դեմ են` որոշակի վերապահումներով, որովհետեւ Թրամփի «իմաստուն» արտաքին քաղաքականության պատճառով շատ հարցերում հայտնվել են մեկուսացման մեջ: Էրդողանի քայլը, բացի ուղիղ նպատակներից, նաեւ ունի ամերիկացիների հետ քաղաքական առեւտրի համատեքստը: Պատահական չէ, որ նա, դարձյալ ուղիղ տեքստով, ասում է՝ դիմելով քրդերին. «Դուք պետք է իմանաք՝ միայն աղմուկ-աղաղակով, ոռնալով, թե ձեր թիկունքին կանգնած է Միացյալ Նահանգները, դուք չե՛ք կարող դեմ կանգնել Թուրքիային եւ թուրք ժողովրդին»:
Հնարավոր է, որ Միացյալ Նահանգներն այդ «դեմարշը» կուլ տա եւ փորձի, այնուամենայնիվ, հարթել հարաբերությունները ՆԱՏՕ-ի իր դաշնակցի հետ: Բացառված չէ նաեւ, որ ավելի ակտիվ խառնվեն իրենց կողմից հովանավորվող քրդական ջոկատներին պաշտպանելու համար: Դեռ մեծ հարց է, թե որ սցենարն է ավելի լավը:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Պատմականօրէն, Ռուս-թրքական մերձեցումը միշտ ել աղետալի եղած է Հայութեան համար:
Կը մնայ նայիլ սակայն եթէ այժմու այդ մերձեցումը իսկական է, կամ որքա՞ն է տեւելու:
Նաեւ, ինչո՞ւ չմտածել թէ այս կացութիւնից տուժողը կարող է որ լինի Ազրպէյճանը…
Ամէն դէպքում, պարզ է թէ Փութինը դեր ունի Թրամփի ընտրութեան մէջ, եւ այդ միջոցաւ նա ԱՄՆ-ն չէզոքացուց յաջորդող գոնէ տասը տարիներուն համար (քանզի քանդիչ հետեւանքները մնալու են Թրամփի մեկնումէն ետք, վնասներից ոմանք նոյնիսկ անյեղաշրջելի են):
Մինչ, այս ամէնի մէջ, մենք մեր գիւղում՝
https://2.bp.blogspot.com/-yu8lhgH-CcM/VzSWFAgfy2I/AAAAAAAABws/yDvQP0XLi4shFmUA9YRuylmjdcoqKWg3gCLcB/s1600/bagarre-gauloise-par-conrad.jpg
Ամեն խելքը գլխին քաղաքական գործիչ պետական պաշտոն ստանալու իմաստը պետք է տեսնի ազգին պատերազմին բարձր մակարդակով պատրաստելու մեջ՝ եթե նույնիսկ մենք չուզենանք պատերազմել, ապա լիքը քոչվոր ցեղեր կան, որոնց գոյության միակ ձեւը տեղաբնիկներին ու բնությանը թալանելու մեջ է, իսկ պատերազմի իմաստը՝ դա պետությունների պետական համակարգերի արդյունավետությունների մենամարտն է: Ամեն ինչ՝ զինուժը, տնտեսությունը, գիտությունը, արվեստն ու մշակույթը հավասարապես պայմանավորում են պետական համակարգի արդյունավետությունը, երբ ազգը լիարժեք իրացնում է իր աստծո կողմից տրված շնորհքը: Ինքնասեր հայերը պետք է երկրից քշեն եսասեր հայերին ու նրանց տեղը դրսից բերեն ինքնասեր հայերին: Կարճ ասած՝ կեցցե՛ հայերի սանձազերծած լայնածավալ պատերազմը հզոր թշնամիների դեմ: