Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ձիթենու ճյուղ»-ի թույլատրված ծլարձակումները

Հունվար 22,2018 23:40

«Ձիթենու ճյուղ» գործողությունը չի բնութագրվում պատերազմական ոճի կայծակնային բռնկումով կամ հանկարծակիության գործոնով։ Երկարատեւ նախապատրաստություն, զորքերի կուտակում, ազդանշանի հայտարարություն, նպատակի բանաձեւում եւ ապա նոր ներխուժման քայլեր:

Որքան էլ լարված իրավիճակի կապվելով սպասելի լինի հակամարտությունների դեպքում ռազմական բախումների մեկնարկը, այնուամենայնիվ հակառակորդը անակնկալի բերելու եւ գործողությունները վերջին պահին սկսելու գործնականությունը բազմիցս դրսեւորել է ինքն իրեն տարբեր միջավայրերում եւ տարբեր ժամանակների ընթացքում։

Աֆրինի ուղղությամբ Անկարայի ձեռնարկած քայլը ոչ միայն հեռու է հանկարծակիության գործոնի տեսությունից, այլեւ նախքան մեկնարկը այն տպավորությունն է թողնում, որ թիրախին առընթեր նպատակադրում է գրավել համայն աշխարհի ուշադրությունը, կամ ավելի ճիշտ՝ միջազգային հանրային կարծիքը:

Սիրիական պատերազմի ապրած անդադար ձեւափոխումների հերթական արարն է, որը տեղի է ունենում, ռազմական գործողությունները տեղափոխելով թուրք-քրդական հակամարտության հարթություն:

Այս երկարատեւ պատրատությունը, իհարկե, միայն ռազմական ոլորտի եւ զինուժի կուտակմանը չի վերաբերում: Զուգահեռ, կար ներխուժումը համաձայնեցնելու խնդիր տարբեր կողմերի հետ: Իսկ քաղաքական նախապատրաստությունը «ձիթենու ճյուղ»-ի հետեւյալ դիտակետերի շուրջ է զարգացնում վերլուծական փորձը:

Դամասկոս-Անկարա հայտարարողական հարթության վրա արձանագրված ելեւէջների վերջին հանգրվանը հատկանշվել էր թշնամական ոճաբանության վերադարձով: Անկարան վերհիշեցնում էր Ասադի վարչակարգի տապալման նախապայմանականությունը, մինչ պաշտոնական Դամասկոսը ազդարարում էր, որ անհետեւանք չի մնա Անկարայի կողմից սիրիական տարածքների ուղղությամբ կատարված որեւէ զինվորական ոտնձգություն:

Բնականաբար Դամասկոսի հակահարվածի կանաչ լույսը միացվելու էր Սիրիայում տեղակայված ռուսական զորաբաժնի հրամանատարությունից: Իսկ այստեղ շարունակվում է արդեն քաղաքական իրադրությունների շղթայական կապի տրամաբանությունը: Սպառնալիքի հայտարարությունը ռազմական գործնականության վերածելը կամ ձեւական հակահարվածից ուղղակի հակահարձակողանի անցնելը (կամ չանցնելը) նախագծում էին խաղի կանոնների ընդհանուր սահմանները:

«Ձիթենու ճյուղ»-ը թույլատրված գործողության դաշտում դիտարկելի երեւույթ է, այն առումով, որ Սիրիայում տեղակայված այլ գլխավոր խաղացողի` Թեհրանի նախազգուշացումները կամ այս առիթով դրսեւորած անհանգստությունը զուսպ է եւ ըստ էության չի արգելակում կամ չի կանխարգելում ներխուժման իրականացումը:

Մինչ Վաշինգտոնը Սիրիայի քրդերի նկատմամբ որդեգրում է Իրաքի քրդերի ուղղությամբ ճշտած դիրքորոշումների հարափոփոխ նման պահվածք: Այն է` որոշ, սահմանափակ կտրվածքով արտոնել քրդերին խաղաթղթի կարգավիճակ ձեռք բերելու գործընթացները:

Հակաահաբեկչական պայքարի միջազգային կարգախոսի եւ նորաձեւ եզրերի որդեգրումով Անկարան փորձում է միջազգային հանրությանը համոզել, որ մարդկության դեմ լուրջ սպառնալիքի դեմ պատերազմ է մղում։

Ճիշտ է, որ քրդական գործոնի սահմանափակման համար շահերի համատեղման կետեր  են երեւում «ձիթենու ճյուղ»-երի արտոնված ծլարձակումներում: Ավելի վերեւներից օգտագործված մանրադիտակային տեսողությունը նշմարում է, որ սահմանափակ շրջագծեր կան նաեւ Անկարայի շարժումների համար եւ` դրանց թույլտվությունը պահանջող քայլեր: Որոնց շարքին նաեւ «Ձիթենու ճյուղ»-ը:

 

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031