Իսպանիայի կազմի մեջ մտնող Կատալոնիայում հունվարի վերջին նախատեսվում է անցկացնել մի նոր քվեարկություն, որը Մադրիդում արդեն իսկ առաջ է բերում կենտրոնական կառավարության զայրույթը։
Կատալոնիայի խորհրդարանի նախագահը երկրամասի կառավարության ղեկավարի պաշտոնում երկուշաբթի օրը նշանակեց Կարլես Պուջդեմոնին։
Հիշեցնենք, որ Կատալոնիայի նախկին նախագահ Պուջդեմոնի գլխավորած կառավարությունը հոկտեմբերին կազմակերպել էր անկախության հանրաքվե ու Կատալոնիան հռչակել Իսպանիայից անկախ։ Դրանից հետո էր, որ Պուջդեմոնը մեկնեց Բելգիա՝ խույս տալով իր հայրենիքում ազատազրկվելու վտանգից։ Նրա դեմ հարուցվել էին ապստամբություն կազմակերպելու ու մի քանի այլ մեղադրանքներ՝ նրա համար ապահովելով մինչեւ 30 տարվա ազատազրկման պատիժ։
Կատալոնիայի խորհրդարանի նախագահ Ռոջեր Թորենթն ասել է, թե մինչեւ Պուջդեմոնին խորհրդարանի կողմից Կատալոնիայի կառավարության ղեկավարի պաշտոնում հաստատելը, ինքը հանդիպում է ունենալու Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռահոյի հետ։
Ի դեպ, Կատալոնիայի անկախական ձգտումներով մյուս կուսակցությունները եւս կողմ են, որ երկրամասի կառավարության ղեկը հանձնվի Պուջդեմոնին։ Օրինակ Էսկուերրա Ռեպուբլիկանա կուսակցության խոսնակը, ողջունելով Ռահոյի հետ նախատեսված հանդիպումը, հայտարարել է, որ այս կուսակցությունը պաշտպանում է Պուջդեմոնի թեկնածությունը։
Իսպանիայի կառավարությունը պնդում է, թե Պուջդեմոնն այլեւս չի կարող ընտրվել որպես Կատալոնիայի նախագահ, ոչ էլ կարող է որեւէ այլ կերպ կառավարել երկրամասը, քանի որ գտնվում է երկրից դուրս, ու չի կարող ֆիզիկապես ներկա գտնվել քվեարկությանը։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ամերիկայի ձայն»-ի կայքում: