Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Պատրաստված է Հայաստանում» ապրանքները կարող են մրցունակ լինել ԵՄ-ում». Կարեն Կարապետյան

Հունվար 22,2018 21:21

Մեկնարկել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի աշխատանքային այցը Շվեյցարիայի Համադաշնություն: Ժամանելով Ցյուրիխ՝ վարչապետն աշխատանքային ճաշ է ունեցել Շվեյցարիա-Հայաստան առևտրային պալատի ներկայացուցիչների և շվեյցարացի գործարարների հետ:

Իր խոսքում Կարեն Կարապետյանը գոհունակություն է հայտնել, որ Հայաստանի և Շվեյցարիայի  միջև ապրանքաշրջանառությունը 2017 թվականի ընթացքում աճել է շուրջ 3,5 անգամ՝ 2016 թ. նույն ժամանակահատվածի համեմատ:  Դիմելով ներկաներին՝ վարչապետը նշել է.

«Այսօր ձեզ ուղղված իմ ուղերձը պարզ ու անկեղծ է՝ եկե՛ք ու բիզնեսով զբաղվեք Հայաստանում, եկե՛ք ու ներդրումներ արեք Հայաստանում: Մեր երկիրը  ներդրումներ կատարելու և բիզնեսով զբաղվելու արժանի վայր է:

Մենք նշանակալի բարեփոխումներ ենք նախաձեռնել տարբեր ՝ պետական կառավարման,  հարկային և մաքսային, կրթության ոլորտներում, մենք բարելավում ենք  բիզնես միջավայրն ու մթնոլորտը՝  խթանելու տեղական ձեռներեցությունն ու օտարերկրյա ներդրումների ներգրավումը: Մենք  բարելավում ենք զբոսաշրջային ոլորտն ու ծառայությունները:

Ու իսկապես, 2017 թվականի արդյունքները խոստումնալից են  և, ընդհանուր առմամբ, մենք բավարարված ենք կատարված աշխատանքով:

Մենք ակնկալում ենք, որ 2017 թվականի համար ՀՆԱ-ի աճը կհասնի շուրջ 7 տոկոսի: Այս արդյունքին նպաստել է 12,3 տոկոս աճը արդյունաբերության ոլորտում (2017 թ. հունվար-նոյեմբերին 2016 թ. նույն ժամանակահատվածի համեմատ), ինչպես նաև առևտրաշրջանառության՝ 14,4 տոկոս, ծառայությունների՝ 14,2 տոկոս աճը (բացառությամբ առևտրի):

Ունենք նաև աճի այլ ոլորտներ: Օրինակ, դոլարային արտահայտությամբ արդեն նոյեմբեր ամսին մենք կարողացանք արձանագրել արտաքին առևտրի ռեկորդային բարձր մակարդակ անկախությունից ի վեր: Եվ դա շնորհիվ այն փաստի, որ 2017թ. հունվար-նոյեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, մեր արտահանման ծավալներն աճեցին 23,5%-ով, իսկ ներմուծումը՝  28%-ով: Կարծում եմ՝ մենք կունենանք աճի ամենաբարձր տեմպը տարածաշրջանում:

Եթե ինձ հարցնեք, թե կոնկրետ որ ոլորտում դուք պետք է ներդրում կատարեք, ապա ես կպատասխանեմ, որ կան մի շարք ոլորտներ. գյուղատնտեսություն և գինեգործություն, ՏՏ և բարձր տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն, դեղագործություն, ենթակառուցվածքներ, էներգետիկա և հանքարդյունաբերություն, ոսկերչություն և ակնագործություն, ժամագործություն և այլն: Այո, Հայաստանը չափերով փոքր է, բայց Հայաստանով անցնող շուկաները շատ ավելի մեծ են: Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, որն իրենից ներկայացնում է 180 միլիոնանոց ընդհանուր շուկա և տնտեսական միություն:

Մենք սահմանակցում ենք Իրանին, որն ունի ավելի քան 80 միլիոն բնակչություն և որի հետ Հայաստանն ունի բարիդրացիական հարաբերություններ: Վերջերս Իրանի հետ սահմանին մենք հիմնեցինք Մեղրի ազատ տնտեսական գոտին, որն իր հերթին կարող է հետաքրքրել նրանց, ովքեր ցանկանում են ուսումնասիրել Իրանը դրսից, բայց բավականաչափ մանրակրկիտ:

Այս ամենին գումարվում է Եվրամիությունն իր ավելի քան 500 միլիոն բնակչությամբ, որի հետ Հայաստանը բոլորովին վերջերս ստորագրեց Համապարփակ և Ընդլայնված Գործընկերության Համաձայնագիրը, ի հավելումն ԵՄ-ի հետ ունեցած GSP+ համակարգի: Հայաստանում արտադրության և ծառայությունների ծախսերը մատչելի են, ուստի «Պատրաստված է Հայաստանում» ապրանքները կարող են մրցունակ լինել ԵՄ-ում»:

Նշելով, որ մոտ ապագայում նախատեսված է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դե Բումանի և մի շարք շվեյցարացի գործարարների այցը Հայաստան, ՀՀ վարչապետը նշել է, որ դա շատ լավ առիթ է տեղում ծանոթանալու մեր երկրի հնարավորություններին:

Վարչապետն ասել է, որ Դավոսում մի շարք հանդիպումներ է ունենալու ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով, որոնց ընթացքում ներկայացվելու են Հայաստանի տնտեսական ներուժն ու հնարավորությունները:

Հանդիպման ավարտին Կարեն Կարապետյանն ուղևորվել է Դավոս, որտեղ մասնակցելու է Համաշխարհային տնտեսական համաժողովին: Այսօր վարչապետը կմասնակցի նաև «Քրիսթալ» 24-րդ ամենամյա մրցանակաբաշխության բացման արարողությանը, ինչպես նաև համաժողովի մասնակիցների պատվին Ֆորումի հիմնադիր և գործադիր նախագահ Կլաուս Շվաբի կողմից տրվող ընդունելությանը:

Դավոսի այս տարվա համաժողովն անցկացվում է «Ստեղծելով համատեղ ապագա պառակտված աշխարհում» (“Creating a Shared Future in a Fractured World”) խորագրի ներքո:

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031