Փաստաբան Տիգրան Եգորյանը դժգոհ է Ժիրայր Սեֆիլյանի ու մյուսների գործով դատավարությունից: Ըստ նրա՝ այդ գործով Ժիրայր Սեֆիլյանի, Գեւորգ Սաֆարյանի եւ մյուսների դատավարական իրավունքների կոպիտ խախտումներ են տեղի ունենում:
«Խախտվում է նրանց պաշտպանական իրավունքը, նույնիսկ պաշտպան ընտրելու իրավունքը, ամբողջ դատավարության ընթացքում նախագահող դատավորը որեւէ կերպ չսահմանափակված կամայականություններով խախտել է այս մարդկանց արդար դատաքննական իրավունքը՝ նրանց հեռացնելով նիստերի դահլիճից, ինչը դրսեւորվել է ընդգծված խտրականությամբ, տարբեր դեպքերում տարբեր հիմքեր են ընդունվել, որոշ դեպքերում նույն գործողությունները հարգելի էին համարվում, որոշ դեպքերում՝ ոչ հարգելի:
Նախագահող դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը դրսեւորել է դատավորին ոչ հարիր պահվածք: Նա հայտարարում է, որ օրինակ այս կամ այն բանը դատարանը լսելու ցանկություն չունի, սա վկայում է, որ այդ մարդը հանդես է գալիս իր ցանկությունները առավելագույնս բավարարելու տենչով, ոչ թե որպես դատավոր: Դատարանը չի կարող չցանկանալ ունկնդրել Սաֆարյանի ընդլայնված պատասխանը որեւէ հարցին կամ չունկնդրել լսել փաստաբանին: Այս դատավորը ոչ միայն չի կառավարում իրավիճակը, նրան չի էլ հուզում այդ իրավիճակը, այնպիսի էական խախտումները, որոնք նա ՀՀ անունից թույլ է տալիս»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փաստաբանը:
Փաստաբանն ասաց, որ Տաթեւիկ Գրիգորյանի գործողությունների վերաբերյալ իրենք արդեն ծրագրել են իրենց գործողությունները, որոնց մասին ավելի ուշ կտեղեկացնեն:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ