Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ադրբեջանցի գիտնականը առաջարկում է Հայաստանում 9 բալանոց երկրաշարժ կազմակերպել՝ ստուգելու համար Մեծամորի ատոմակայանի սեյսմակայունությունը

Հունվար 22,2018 20:30

Այսօր Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ նստաշրջանում Նաիրա Զոհրաբյանը խոսել է Եվրոպայում ռասիզմի, ծայրահեղականության եւ քսենոֆոբիայի վտանգավոր աճի մասին եւ կոչ է արել Վեհաժողովին հավատարիմ մնալ իր իսկ ընդունած որոշմանը եւ քաղաքական պատասխանատվության ենթարկել ԵԽ անդամ այն երկրների լիդերներին, որոնք քսենոֆոբիան եւ այլատյացությունը իրենց երկրներում դարձրել են պետական քաղաքականություն։

Զոհրաբյանը մեջբերել է Ադրբեջանի նախագահ Ալիեւի հայտարարությունը, թե իրենց հիմնական թշնամին աշխարհասփյուռ հայությունն է, եւ նրանց ազդեցության տակ գտնվող կեղտոտ գործիչները, ինչպես նաեւ՝ հիշեցրել է Ադրբեջանի Գիտությունների Ակադեմիայի Ռադիացիոն խնդիրների ինստիտուտի տնօրեն Ադիլ Գարիբովի հայտարարությունը, ով առաջարկում է Հայաստանում 9 բալանոց երկրաշարժ կազմակերպել՝ ստուգելու համար Մեծամորի ատոմակայանի սեյսմակայունությունը։

Իր ելույթում Զոհրաբյանն ասել է՝

Հարգելի գործընկերներ,

Ես ցավում եմ, որ մեր Վեհաժողովը հրաժարվեց քննարկել այնպիսի մի կարեւորագույն խնդիր, ինչպիսին Եվրոպայում ռասիզմի, անհանդուրժողականության եւ քսենոֆոբիայի հարցն է։

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Էդվարդ Գրեյի խոսքերը՝ «Ողջ Եվրոպայում մարում են լույսերը եւ մեր կենդանության օրոք դրանք այլեւս չեն վառվի»՝ կարծես թե դառնում են մարգարեական։

Իհարկե, Գրեյը այլ բան նկատի ուներ, բայց վերջնարդյունքում իրավացի դուրս եկավ։ Այսօր Եվրոպայում իսկապես մարում են լույսերը, որովհետեւ մենք տեսնում ենք, թե ինչպե՞ս են ռասիզմը, քսենոֆոբիան, ծայրահեղական քաղաքական գաղափարները սպանում Եվրոպան։

Տարիներ առաջ Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարի նախաձեռնությամբ այս դահլիճում հավաքվեցին աշխարհում լուրջ հեղինակություն ունեցող անձիք՝ Յոշկա Ֆիշերի գլխավորությամբ, որպեսզի միասին փորձենք հասկանալ, թե ինչպե՞ս է հնարավոր կանխել Եվրոպայում արժեքների լրջագույն ճգնաժամը։ Սակայն, այդ հանդիպումից վեց տարի անց, մենք ունենք ծայրահեղ մարտահրավերների առաջ կանգնած Եվրոպա, որի լիդերները խոստովանում են, որ գրեթե անկարող են այլեւս պայքարել ռասիզմի, կրոնական եւ միջմշակութային անհանդուրժողականության ու էքստրեմիզմի դեմ։ Նույն այս դահլիճում մենք ձեզ հետ միասին ընդունեցինք բանաձեւ, ինչը ենթադրում էր պատասխանատվության ենթարկել Եվրոպայի Խորհրդի անդամ երկրների քաղաքական լիդերներին՝ ռասիզմ եւ քսենոֆոբիա տարածող հայտարարությունների համար։ Ուզում եմ ձեզ հարցնել՝ որեւէ մեկը ենթարկվե՞լ է պատասխանատվության իր ռասիստական, միջկրոնական կամ միջմշակութային համակեցությունն արհամարհող հայտարարությունների համար։ Իհարկե՝ ոչ։ Ո՞ւմ համար է գաղտնիք, որ Եվրոպայի Խորհրդում կա պետություն, որտեղ հայատյացությունը պետական քաղաքականություն է, իսկ հայաֆոբիան՝ վաղուց արդեն դարձել է մենթալիտետ։

«Մեր հիմնական թշնամին աշխարհասփյուռ հայությունն է, եւ նրանց ազդեցության տակ գտնվող կեղտոտ գործիչները»՝ սա Ադրբեջանի նախագահ Ալիեւի մտքի գոհարներից է։ Նրանից հետ չի մնում նաեւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեն՝ «Սուտը եւ դավաճանությունը հայերի արյան մեջ է եւ մենք պետք է պայքարենք հայի տեսակի դեմ»։ Իսկ Ադրբեջանի Գիտությունների Ակադեմիայի Ռադիացիոն խնդիրների ինստիտուտի տնօրեն Ադիլ Գարիբովն առաջարկել է Հայաստանում 9 բալանոց երկրաշարժ կազմակերպել՝ ստուգելու համար Մեծամորի ատոմակայանի սեյսմակայունությունը։ Ես հասկանում եմ, դժվար է ընկալել, որ հոգեւոր առաջնորդը կարող է արյուն պահանջել, իսկ գիտնականը՝ կազմակերպել երկրաշարժ, բայց եթե մի երկրի կրթական ծրագրերում, եւ անգամ հեքիաթներում հայատյացությունը հիմնական լեյտմոտիվն է, այլ իրականություն չէր էլ կարող լինել։

Կա՝ «AzeriChild.info» մանկական կայք, որի նպատակը, ինչպես նշված է կայքում, գրականության միջոցով հայրենասիրություն, ազնվություն եւ մարդասիրություն դաստիարակելն է։ Հիմա մեջբերեմ «մարդասիրության» ընդամենը մեկ օրինակ այդ կայքից. «Եկել են նոր ժամանակներ։ Հրեաները աշխարհում այլեւս մենակ չեն։ Նրանցից ավելի հրեշավոր եւ կեղտոտ են հայերը»։ Եվ սա գրում է ադբրեջանցի երիտասարդ Ռուսլան Նովրազը, ով, վստահաբար, վաղվա Ալիեւը, Ալլահշուքյուր Փաշազադեն ու այն գիտնականն է դառնալու, ով առաջարկելու է մեկ այլ երկրում երկրաշարժ կազմակերպել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031