Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ո՞ր երկրի առաջին դեմքն ես ուզում դառնալ, գաղթող երկրի՞, 1 միլիոն աղքատ քաղաքացիների՞»․ Զարուհի Փոստանջյան (Տեսանյութ)

Հունվար 22,2018 20:20

«Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը Գյումրիում բնակիչների հետ հանդիպելուց ու համազգային մեծ ընդվզման գործընթաց սկսելու անհրաժեշտությունը բացատրելուց հետո, լրագրողների հետ զրույցում կիսեց իր տպավորություններն ՝ ասելով․ «Ես կարող եմ ասել, որ մեր ժողովրդին պակասում է կազմակերպվածությունը, և այդ կազմակերպվածության խնդիրն է, որը մենք պետք է լուծենք։ Եվ իմ խնդիրն է, և մեր կուսակցության խնդիրն է, որպեսզի մենք օգնենք ժողովրդին ինքնակազմակերպվելու։ Ես այլևս չեմ հորդորելու, որևիցե մեկին ասելու՝ գնացեք այս մարդու կամ այս ուժի հետևից, ընդհակառակը պետք է յուրաքանչյուրը իր տեղում ինքնակազմակերպվի, եթե ուզում ենք հեղափոխություն ապրել։ Իսկ եթե ուզում ենք ժամանակի մեջ, մի քանի տարվա մեջ մաշվել, կործանվել, անկում ապրել, որը թակել է մեր դուռը, ապա դա մեր մի մասի ընտրությունը կարող է լինել, որը, իհարկե, շատ վտանգավոր է։

2020 թվականին արդեն մեր պետական պարտքի սպասարկումը կազմելու է մեկ միլիարդ դոլար, մեր պետական բյուջեն այդ հնարավորությունները չունի, այսօր հարկերի հավաքագրման խնդիր է առաջացել, հենց դրա պատճառով է, որ այս թանկացումները տեղի են ունեցել։ Առաջին սպառման ապրանքների գների կտրուկ աճը և նաև ակցիզային հարկի բարձրացումը․․․ Եվ նաև շուրջ 400 հազար քաղաքացիներ ունենք, որոնք ստանում են 150 հազար դրամից ավել աշխատավարձ, նրանց աշխատավարձի հարկումը բարձրացել է, նրանք նվազ աշխատավարձ են ստանալու, քան ստանում էին մինչև անցյալ տարի, դրա հետ մեկտեղ կտրուկ աճ առաջին սպառման ապրանքների, դրա հետ մեկտեղ թոշակների ու աշխատավարձերի ինդեքսավորում չի լինելու և այդ մասին հայտարարել են։ Արդեն երկրորդ տարին է, որ աշխատավարձերը չեն բարձրացել։ Եվ էստեղ վիճակը, իհարկե, հեղափոխական է, և որքան էլ Սերժ Սարգսյանը ցանկանա իրեն հռչակի, որ նորից շարունակելու է մնալ որպես պետության գործադիր իշխանության առաջին դեմք, բոլոր պայմանները խոսում են այն մասին, որ երկիրը ճգնաժամի մեջ է և հնարավոր է անկում ապրի։

Ո՞ր երկրի առաջին դեմքը պետք է նա դառնա կամ այն մարդը, ով որ ցանկանում է համակարգի մեջ դառնալ առաջին դեմք, արդեն իսկ ովքեր որ կան, նրանք մեկ միլիոն աղքատ քաղաքացիների առաջին դեմքն են։ Ովքեր որ կան այսօր, գաղթող երկրի առաջին դեմքն են, ովքեր որ կան այսօր, պատերազմը պարտված, հող հանձնած երկրի առաջին դեմքն են։ Եվ այս մարդկանց, իհարկե, մենք պետք է դատապարտենք միանշանակ, որպեսզի հաջորդ եկողը իրեն զերծ պահի այդպիսի ապօրինություններից։ Մենք դասեր պետք է տանք, մենք պետք է դատապարտենք և՛ քաղաքական իմաստով, և՛ նաև իրավական, բոլորին պետք է տրվի համապատասխան գնահատական, որը չի եղել։ Եվ, իհարկե, հաջողությունը կախված է նրանից, թե մենք հասկանում և գիտակցո՞ւմ ենք մեր քաղաքական իրավունքները, ողջ հայության, ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում բնակվող, այլ նաև Սփյուռքում բնակվող, նաև նոր Սփյուռքի կողմից գիտակցվո՞ւմ է արդյոք, որ ինքն ունի քաղաքական իրավունքներ։ Այս պահին ունենք արդեն շուրջ 3-4 միլիոն նոր Սփյուռք, 25-ամյա Սփյուռք, և էսօրվա առաջին դեմքերը ովքե՞ր են, ովքեր մեր երկրի ժողովրդին դուրս են շպրտել երկրից»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031