Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հայաստանում մի գործարարի խաբում են, շատ արագ դա տարածվում է սփյուռքում». Հրանուշ Հակոբյանը՝ ներդրումների մասին

Հունվար 22,2018 20:03

Այսօր ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովը կազմակերպել էր աշխատանքային հանդիպում՝ «Հայաստան-սփյուռք գործակցության զարգացումները» թեմայով:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանն ասաց. «Հայաստան-սփյուռք գործակցության արդյունավետությունը պայմանավորված է ներդրումներով: Սփյուռքի ֆինանսական հնարավորությունները բավականաչափ մեծ են, բայց ներդրումային առումով մենք չենք կարողանում ռացիոնալ ուղղություններ գտնել: Նրանք ոչ թե որոնումների մեջ են, այլ վստահության ինստիտուտը ցածր է, ներդրումների ռիսկը ՀՀ-ում լավագույններից չէ»:

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը պատասխանեց. «Մենք պետք է փորձենք նրանց օրինակի ուժով ներգրավել. «Ասում են՝ լավը կաղ է, վատը քամու արագություն ունի: Եթե մի վատ բան է կատարվում Հայաստանում, մի գործարար չի հաջողում, մի գործարարի խաբում են, չի կարողանում ներդրումներ կատարել այստեղ, բնականաբար, շատ արագ դա տարածվում է սփյուռքում եւ սփյուռքի վրա բացասական լուրջ ազդեցություն է թողնում: Դրա համար մեր խնդիրն է, որ կարողանանք լավերի օրինակը տեղ հասցնել: Ընդհանրապես ես բիզնեսմեն չեմ, բայց երեւի բիզնեսի 90 տոկոսը, կայանում է, 10 տոկոսը ձախողվում է: Եվ ձախողումը այնքան է ազդում սփյուռքի վրա, որ անընդհատ պետք է իրենց համոզես, բացատրես, ներկայացնես, իսկ դա մենք փորձում ենք օրինակներով ցույց տալ, թե տեսեք ով ինչ հաջողությունների է հասնել, փորձում ենք մեր արտոնությունները ներկայացնել: Սփյուռքահայերն ասում են, որ մաքսատանը բավականին փոփոխություններ են կատարվել: Ասացին,, որ եթե առաջ ամիսներով սպասում էինք, մինչեւ ապրանքը մուտք գործեր, հիմա մի քանի ժամվա ընթացքում լինում է»:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ հիշեցրեց՝ երբ մենք ձկնորսության ենք գնում, պետք է ոչ թե մտածենք, թե մենք ինչ ենք ուզում ուտել, այլ՝ թե ինչ է ուզում ուտել ձուկը. «Այսինքն, մեզ հետ պետք է ոչ թե խորոված վերցնենք, այլ՝ որդ: Ես երկար ուսումնասիրելուց սփյուռքի հարցերը հասկացել եմ մի բան, մենք պետք է ոչ թե մտածենք, թե ինչ ենք ուզում սփյուռքից, այլ՝ սփյուռքն ինչ է ուզում մեզանից: Քննարկումների ընթացքում մեր հայրենակիցներն ասում են, որ ցանկություն ունեն ուղիղ ներդրումներ անել, ոչ թե բազմաթիվ կառույցներով, բյուրոկրատիայով»: Նա ասաց, որ եթե մինչեւ 100 հազար դոլարի փոքր արտադրությունների ծրագիր մշակվի, իրենք սիրով ներդրումներ կանեն:

Հրանուշ Հակոբյանը պատգամավորներին ներկայացրեց իրենց ռազմավարությունը, 2017-ի եւ 2018-ի գերակա խնդիրները:

ՀՀԿ պատգամավոր Կարեն Բեքարյանը հարցրեց՝ Սփյուռքի նախարարության 2018-ի ռազմավարության մեջ գերակա խնդիրներից Արցախին առնչվող կետը ինչո՞ւ է հանվել, 2017-ին էլ ցեղասպանությունը վերեւ էր, Արցախը՝ ներքեւ: Սա զուտ վրիպո՞ւմ էր, եթե ոչ, ինչո՞վ է պայմանավորված:

Հրանուշ Հակոբյանը պատասխանեց. «Հայաստան ասելով՝ հասկանում ենք նաև Արցախը, ոչ մի տարբերություն չենք դնում: Սփյուռքի գործունեության առյուծի բաժինը հենց Արցախինն է: Դու ինչ ես արել Արցախի համար շարժումը սկսվեց Արցախում, մենք փորձեցինք ավելի ոգեւորել մեր երիտասարդությանը հատկապես, բայց միշտ չենք ուզում գերակաները կրկնել: Ասացին՝ գերակա հարցերը շատ եք գրում, կարճացրեք, 2018-ին 4-ն ենք գրել: Բայց երիտասարդություն ասում ենք՝ Արցախը հետն է, մշակույթ ասում ենք՝ Արցախը հետն է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Առեւտուրի մէջ «խաբելը» յարաբերական բան է: Շատ մօտ կը նկատուի… վարպետութեան:

    Սակայն երբ նիւթը կը վերաբերի Սփիւռքի հայու առեւտրական ձեռնարկութեան Հայաստանի մէջ, Սփիւռքի հայուն համար, մղումը, տրամադրութիւնը, բացառապէս առեւտրական չեն, նոյնիսկ յաճախ, հիմնականօրէն նիւթական չեն: Այդտեղ կայ նաեւ – կամ երբեմն՝ մանաւանդ – հայրենասիրութիւն: Հետեւաբար, երբ որ նա խաբվում է Մայր Հայրենիքի մէջ, հայու կողմէ, շատ աւելի է վիրաւորւում քան թէ երբ որ զինք խաբէ օտարը, օտար հողի վրայ:

    Առաւել, Հայաստանի մէջ գործ ընող սփիւռքահայը աւելի անզգոյշ է, աւելի խոցելի, քան երբ որ գործ է անում այլ երկիրներում, քանի որ զգացական ազդակը կայ, եւ նա հակում ունի աւելի վստահելու իր դիմացինին, տեղացի գործակիցին…

    Չարաչար մի շահագործէք սփիւռքահայի ազգասիրութիւնը: Դուք ալ տուժելու էք ատկէ:

    • Հ.Շ. says:

      Յ.Գ. Ես ինքս տարիներէ ի վեր տեւական կապեր ունիմ Հայաստանի/Արցախի հետ, սակայն մի՛ դրամի իսկ առեւտրական գործ չեմ ըներ այդտեղ, որպէսզի չենթարկուիմ այդ վիրաւորանքի հաւանականութեան… որու պատճառով, դրամական կորուստէն անդին, որպէս շատ աւելի ծանր կորուստ՝ կարող է որ վնասուի հայրենասիրութիւնս…

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031