Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դիլիջանի զինկոմի որդու քրեական գործով տուժողը մեղադրվում է սուտ մատնության համար

Հունվար 22,2018 19:22

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում է Դիլիջան քաղաքի բնակիչ Սերգեյ Միքայելյանի դատավարությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, կատարել է սուտ մատնություն: Համաձայն առաջադրված մեղադրանքի` Սերգեյ Միքայելյանը ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության հատկապես կարեւորագույն գործերով քննիչ Սմբատ Սաղաթելյանին մեղադրել է քրեական գործով ապացույց կեղծելու`ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 3-րդ մասին 1-ին կետով նախատեսված հանցագործության մեջ:

Ս. Միքայելյանը կալանավորված է: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով («Հանցագործության մասին սուտ մատնությունը, եթե անձը գործել է`գիտակցելով,որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է,որը զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով» ):

Սույն հոդվածը որպես պատիժ նախատեսում է առավելագույնը 5 տարի ժամկետով ազատազրկում: Սերգեյ Միքայելյանը Դիլիջանի զինկոմ Հովհաննես Հակոբյանի որդու`Դավիթ Հակոբյանին առնչվող քրեական գործով տուժող էր, նա մեղադրվում է այդ քրեական գործով քննիչ Ս. Սաղաթելյանի հանդեպ սուտ մատնության կատարելու մեջ:

Ըստ մեղադրական եզրակացության՝ 2016թ. փետրվարի 11-ին Դիլիջանի Կալինինի փողոցի 4-րդ նրբանցքում Դավիթ Հակոբյանը շատերի համար վտանգավոր եղանակով Սերգեյ Միքայելյանին սպանելու դիտավորությամբ, իր կողմից ապօրինի ձեռք բերված եւ պահվող հրազենով կրակոցներ է արձակել վերջինիս «Նիսսան Տեանա» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, մեկ անգամ հետեւի աջ դռան եւ երկու անգամ`պաշտպանիչ վահանակի ուղղությամբ:

Կրակոցների հետեւանքով Սերգեյ Միքայելյանին պատճառել է աջ ոտքի շրջանում մարմնական վնասվածք: Հանցագործությունն ավարտին չի հասցվել Դ. Հակոբյանի կամքից անկախ հանգամանքներում: Ս. Միքայելյանը կրակոցներից հետո ավտոմեքենայի նստատեղից հանել է այնտեղ պահված ինքնաձիգը եւ ավտոմեքենայի պատուհանից 3-4 անգամ օդ կրակել, որպեսզի այլեւս իրենց ուղղությամբ չկրակեն: Նա կրակելուց հետո ինքնաձիգն աղբամանն է նետել:

Հայտնել ենք, որ 2017թ. նոյեմբերի 28-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահ Սամվել Մարդանյանը վճռել է ճանաչել եւ հռչակել Դավիթ Հակոբյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով նրան մեղսագրված հանցագործությունների կատարման մեջ`կատարված հանցագործություններին նրա մասնակցությունն ապացուցված չլինելու հիմնավորմամբ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031