Այսօր սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի կազմակերպած աշխատանքային խորհրդակցությանը պատգամավորներին ներկայացրեց Հայաստան-սփյուռք գործակցության խնդիրները, նախարարության սահմանած գերակա հարցերը:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հարցրեց սփյուռքի ներդրումներից, Հրանուշ Հակոբյանն էլ պատասխանեց. «Մենք ամեն օր, հանդիպելով սփյուռքահայերին, փորձում ենք նրանց ուղղորդեն դեպի զարգացման հիմնադրամ, Ներդրումների նախարարություն, մենք էլ ենք հետեւներից հետեւներից գնում, որ կարողանանք օգտակար լինել՝ ներդրումներ իրականացնելու ուղղությամբ»:
Հրանուշ Հակոբյանն ասաց, որ իրենք, ի տարբերություն այլ գերատեսչությունների, սփյուռքին ոչ կարող են հրահանգել, ոչ էլ հանձնարարականներ տալ, պետք է տքնաջան աշխատել նրանց հետ: Նա, կարելի է ասել, դիտողություն արեց պատգամավորներին, գնում են արտերկիր, սփյուռքի հետ հանդիպումներ են ունենում, հայ համայնքների հետ են հանդիպում ու մի հատ իրենց չեն էլ ասում. «Մենք 7-8 գործուղում ենք ունենում տարեկան, շատ կարեւոր է, որ պատգամավորներն էլ հանդիպեն սփյուռքին, բայց ոչ թե գնան, հանդիպեն, գան ու լռեն, այլ անպայման մեզ տեղեկացնեն՝ ուր հասան, որ խնդիրն է առաջնայինը, ինչ անենք այդ խնդիրները լուծելու համար: Շատ դեպքերում ես համայնքից եմ իմանում, որ պատգամավորը գնացել է այսինչ երկիր, եւ համայնքն է ինձ ասում, թե ինչպես անցավ հանդիպումը: Խնդրանքս է, որ բարեկամական խմբերը մեզ հետ ակտիվ աշխատեն, շատ հաճախ մենք չգիտենք էլ ձեր գործուղումների ուղղությունները, մեզ անպայման տեղեկացրեք»:
Վահրամ Բաղդասարյանն արձագանքեց. «Այդ խնդրանքդ այնքան խիստ է, որ հրահանգ է հիշեցնում»:
Հրանուշ Հակոբյանն ասաց, որ սփյուռքը համախմբվում է ցավի, դժբախտության պահերին, այդպես եղավ նաեւ ապրիլյան պատերազմի ժամանակ. «Օրինակ, Քըրք Քրքորյանը հայության հետ կապ չուներ, երկրաշարժը եղավ, այս մարդու մեջ խոսեց հայ լինելու ցանկությունը, հայ գալը»:
Նա ասաց, որ իրենց կառույցների առաջ որ թե հայադարձության հարց են դրել, այլ հայադարձության. «Մենք իրենց ասում ենք՝ զբաղվեք հայադարձությամբ, պարտավոր եք ձեր տարածքում, ձեր քաղաքում զբաղվել այն հայերով, որոնք հեռացել են համայնքից, փորձեք նրանց վերադարձնել դեպի հայկական արմատներ, նաեւ՝ դեպի Հայաստան»:
«Ելքի» պատգամավոր Արտակ Զեյնալյանն էլ ասաց՝ պիտի աշխատենք չափը չանցնենք, սփյուռքում հաջողած անձինք պատճառ են դառնում, որ Հայաստանը հայաթափվում է:
Հրանուշ Հակոբյանն էլ արձագանքեց, որ Հայաստանը մարդաշատ դարձնելը բոլորի խնդիրն է:
Հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն ասաց, որ Սերժ Սարգսյանի ներկայացրած 2040-ին 4 մլն-անոց Հայաստանի մասին առանձին ծրագիր է պատրաստվում, որը կքննարկեն ավելի ուշ: Նախարարը միայն նշեց, որ հազարավոր հայրենադարձներ կան. «Նրանք ասում են, որ մենք եկել ենք ձեզ հետ կիսելու լավ եւ վատ օրերը, չենք գտնում, որ Հայաստանը պիտի ամեն ինչով միայն լավը լինի: Այն երկրները, որտեղ ապրել են, ե՛ւ լավն է եղել, եւ վատը: Նրանք մեծ տեղ են տալիս ապահովությանը, Հայաստանը շատ ապահով երկիր է, իրենք գիշերները ազատ ման են գալիս»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ