«Արմեն Սարգսյանի հետ մենք միասին ավարտել ենք Երեւանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը: Նա անկասկած տաղանդավոր մարդ էր, հազար ու մի շնորհներ ուներ»,- այսօր «Հայելի» մամուլի ակումբում խոսելով ՀՀ 4-րդ նախագահի ՀՀԿ-ի թեկնածու Արմեն Սարգսյանի մասին, ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը: Եվ քանի որ ուսանողական տարիներից հետո Աշոտ Մանուչարյանն անընդհատ լսել է Արմեն Սարգսյանի «փայլուն հաջողությունների» մասին`տարբեր ոլորտներում, , կարծում է, որ նա լավագույնս կարող է իրականացնել իր գործառույթները:
Այլ մանրամասները` տեսանյութում
Արմեն Սարգսյանի մասին դրական կարծիքը բնավ էլ Աշոտ Մանուչարյանին չի մղում չխոսել Մեծ Բրիտանիայի` ըստ իրեն «Հայաստանը ոչնչացնելուն ուղղված» ծրագրերի մասին: Ամենավառ օրինակներից մեկն էլ Ամուլսարի հանքի շահագործումն է: Ասում է, ավելի լավ, որ Մեծ Բրիտանիան սկսեց ավելի բաց խաղաքարտերով խաղալ. «Փառք Աստծո, որ այստեղ Մեծ Բրիտանիայի ուղիղ ներկայացուցիչ է հայտնվում, մենք իհարկե դա պետք է ողջունենք: Եթե առաջ մենք չգիտեինք, թե ում դիմենք, հիմա կոնկրետ հասցեատերը արդեն ունենք, հիմա արդեն բացահայտ է: Օրինակ Ամուլ սարի հետ կապված մենք ուղիղ կհարցնենք բրիտանացիներին, թե ինչո՞ւ եք որոշել մեզ ոչնչացնել, ուղիղ ներկայացուցիչը արդեն կլինի»:
Որ Հայաստանը երբեք չի կառավարվել Բաղրամյան 26-ից, Աշոտ Մանուչարյանը կասկած չունի: Ասում է` կառավարվել է կամ Ազատության հրապարակից, կամ Բաղրամյան 26-ը միշտ եղել է արտաքին կառույցների կամակատար, խոսնակ. «Հայաստանի արտաքին կառավարման համակարգը բյուրեղանում է: Սա վկայությունն է այն բանի, թե հայկական համակարգը ինչ մեծ արժեք է ձեռք բերել եւ նրա համար պայքար է գնում աշխարհի բոլոր կետերում»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ