Լրահոս
Օրվա լրահոսը

Սևանի մանկապարտեզներում ծնողական վարձավճարների զրոյացումից մեկ տարի անց

Հունվար 22,2018 17:21

Սևան համայնքում գործում է 5 նախադպրոցական ուսումնական հաստատություն: Մինչև 2017թ-ը Սևան քաղաքի մանկապարտեզներում սահմանված ծնողական վարձավճարը եղել է 6000-7000 դրամ, Գագարին գյուղում` 2000 դրամ /վերջին բարձրացումը կատարվել է 2015թ-ին/:

2016թ-ի տարեվերջին համայնքի ավագանու` N13-Ա որոշմամբ ՆՈՒՀ-երում ծնողական վարձավճարները զրոյացվեցին, և փաստորեն մանկապարտեզ հաճախելը դարձավ անվճար:

Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը, անդրադառնալով այս որոշման կայացմանը, նշել է. «Որոշումը չի ծնվել մեկ օրում, այն կայացվել է երկարատև դիտարկման և ուսումնասիրությունների արդյունքում: Համայնքի մանկապարտեզներ հաճախում է շուրջ 650 երեխա, որոնց զգալի մասը սոցիալապես անապահով ընտանիքներից է: Սրան հավելեմ նաև այն, որ կան ընտանիքներ, որոնք մանկապարտեզ են ուղարկում երկու երեխա: Ընտանիքների մեծ մասի համար 6-7 հազար վարձավճարն արդեն իսկ զգալի բեռ է: Այդ բեռը թեթևացնելու և սոցիալական լարվածության մեղմացնելու նպատակով իրականացվող այս որոշումը ես համարում եմ հիմնարար: Համայնքապետարանում կիրառելով խնայողության ռեժիմը, որոշ ծախսեր քչացնելով` միանգամայն հնարավոր է համայնքային բյուջեից փոխհատուցել սննդի համար հատկացվող գումարները»:

Հավաքագրվող ծնողական վարձավճարներն ուղղվում էին երեխաների սննդի ձեռքբերմանը: Որոշման ընդունումից հետո սննդի համար տրամադրվող գումարը հատկացվում է համայնքային բյուջեից:

Սևան համայնքի ղեկավարի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Էդիկ Ղազարյանի տեղեկացմամբ` 2017թ-ի 10 ամիսներին համայնքի բյուջեից սննդի ձեռքբերման համար 4 մանկապարտեզի հատկացվել է 17 մլն. 680 հազ. դրամ, որը չի ներառում հացի համար նախատեսված գումարը: Չնայած համայնքային բյուջեում ներառվել է նաև հաց ձեռքբերելու համար 5.2 մլն. դրամ, սակայն մանկապարտեզներին բարեգործական հիմունքներով հաց մատակարարել է Սևանի հացի գործարանի տնօրեն Աշոտ Ավետիսյանը:

Համայնքի ղեկավարի հանձնարարականով ստեղծված հանձնաժողովը ողջ տարվա ընթացքում մանկապարտեզներում իրականացրել է մշտադիտարկում, որը ներառում է մի քանի բաղադրիչ` երեխաների հաճախելիություն, ճաշացանկերի կազմում, կալորիականության պահպանում և այլն:

«Ուսումնասիրելով 4 ՆՈՒՀ-երի 2017թ-ի ճաշացանկերը` պարզ է դառնում, որ համայնքի բյուջեի միջոցների հաշվին հնարավոր է եղել ապահովել ոլորտը կարգավորող իրավական ակտերի պահանջները: Համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 12.08.2013թ. N 42-Ն հրամանի` երեխաների սննդի օրաբաժնի էներգետիկ արժեքը /կալորիականությունը/ պետք է կազմի մոտավորապես 1350 կկալ: Սևան համայնքի մանկապարտեզներում նախորդ տարի երեխաների սննդի օրաբաժնի էներգետիկ արժեքը կազմել է 1100-1250 կկալ,- ներկայացնում է համայնքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Մարիանա Ռաֆայելյանը և հավելում:- Ճաշացանկերը կազմվել են` պահպանելով վերոհիշյալ հրամանի պահանջները. ճաշացանկերում ներառվել են տաք ճաշատեսակներ, շաբաթական 3-4 անգամ միս, սերուցքային կարագ, բանջարեղեն, միրգ, կաթնաշոռ և այլն: Հավելեմ նաև, որ կազմվում են ճաշացանկերը 10-14 օրվա համար, որը ներառում է այդ ժամանակահատվածում երեխային անհրաժեշտ սննդամթերքի լրակազմը պահանջվող ծավալով»:

2017թ-ին համայնքի 5 մանկապարտեզներից աշխատել է 4-ը: Թիվ 2 «Զարթոնք» մանկապարտեզում Հայաստանի տարածքային զարգացման և համայնքի ֆինանսավորմամբ իրականացվում է հիմնանորոգման մեծամասշտաբ ծրագիր, որի արդյունքում այս տարի շահագործման կհանձնվի ժամանակակից չափորոշիչներին համապատասխան մանկապարտեզի շենք:

Համայնքի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի բաժնի գլխավոր մասնագետ Սվետլանա Ներսիսյանը մանկապարտեզներում երեխաների հաճախելիության դինամիկան ներկայացնելիս համեմատականներ է անցկացնում 2016թ-ի հետ. «2016թ-ին մանկապարտեզներ հաճախող երեխաների ցուցակային թիվը եղել է 613, ամենաշատ հաճախումը գրանցվել է 512: 2017թ-ին ցուցակային թիվը եղել է 633. մայիս-հունիս ամիսներին արձանագրվել է ամենաշատ հաճախելիությունը` 562»:

Իհարկե, արձանագրված թիվն ամբողջական պատկերը չէ մանկապարտեզ հաճախել ցանկացողների: Այս պահին մանկապարտեզների տնօրենների կողմից տրամադրված տվյալների համաձայն, մանկապարտեզներ հաճախելու համար հերթագրվել է 158 երեխա:

Համայնքապետարանի աշխատակազմի ԿՄՍԵՀ բաժնի գլխավոր մասնագետի փոխանցմամբ` հերթագրվող երեխաների զգալի մասը 3-4 տարեկաններ են, որոնց հետևում են 2-3 տարեկանները:

Մեծ հաշվով համայնքի մանկապարտեզներում ծնողական վարձավճարների զրոյացումը սոցիալական ուղղվածություն ունեցող ծրագիր է, և շատ ընտանիքներ, խնայելով այդ գումարը, կարող են լուծել կենցաղային այլ հարցեր:

2017թ-ի տարեսկզբին Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը նկատում էր, որ այս որոշման դրական արձագանքներին կհետևեք ամիսներ անց: Իր նախընտրական խոստումը Սևան համայնքի ղեկավարը ներառել է նաև Սևան համայնքի 5-ամյա զարգացման ծրագրում: Իհարկե, այն կյանքի կոչելու համար կար և մտավախություն, և անորոշություն:

Որոշման ընդունումից մեկ տարի անց, ինչպես նշում է համայնքի ղեկավար խորհրդական Պապ Պետրոսյանը, համակարգված աշխատանքի, ֆինանսական տնտեսումների և վերահսկողական մեխանիզմների կիրառման շնորհիվ հնարավոր եղավ իրականացնել նպատակային գործընթաց, որն էլ իր հերթին նշանակում է, որ որոշումն արդարացված էր, արդյունքը` գոհացուցիչ:

 

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031