Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բաբայանը՝ դատավորներին. «Կապացուցեմ, որ նա խեղաթյուրել է փաստերը եւ պատվեր է կատարում» (Տեսանյութ)

Հունվար 22,2018 17:04

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր դատավորներ Մանուշակ Պետրոսյանի, Մխիթար Պապոյանի եւ Սեւակ Համբարձումյանի նախագահությամբ սկսեց Հայաստան «Իգլա» զենք տեղափոխելու եւ փողերի լվացման մեղադրանքով 6 տարվա ազատազրկման դատապարտված՝ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի վերաքննիչ բողոքի քննությունը: Նա, ինչպես նաեւ Սանասար Գաբրիելյանը եւ Արմեն Պողոսյանը պահանջում են բեկանել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որով իրենք մեղավոր են ճանաչվել;

Դատական նիստերի դահլիճ մտնելուն պես ամբաստանյալներից Սանասար Գաբրիելյանը, նայելով հատակին, հեգնեց՝ «էս ի՞նչ տրուբայա» (նկատի ունի «Իգլա»-ն.-խմբ.): Դատավորներից Մխիթար Պապոյանը նրան նկատողություն արեց, որ ոտքը ոտքին նստած է խոսում եւ դատարանին կանգնած չի դիմում: «Ի՞նչ անեմ, տրուբան ոտքիս խանգարեց»,-կրկին հեգնեց Սանասար Գաբրիելյանը:

Նա հայտարարեց, որ ինչպես եւ նախկինում, այժմ էլ պաշտպան չի ցանկանում ունենալ: «Ի՞նչ եմ արել, որ պաշտպանվեմ»,-ասաց նա:

Ապա Սամվել Բաբայանը դատախազ Արամ Արամյանի դեմ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց, որը հիմնավորեց այսպես. «Նա իր մեղադրականում միտումնավոր չի ընդգրկել կարեւոր փաստերը: Ես կապացուցեմ ձեզ, որ նա խեղաթյուրել է փաստերը: Նա պատվեր է կատարում: Դատարանն էլ արտագրել է մեղադրողի գրածը: Նման մեղադրող չի կարող լինել»:

Սանասար Գաբրիելյանը, Արմեն Պողոսյանը միացան միջնորդությանը: Արամ Արամյանը հայտարարեց, որ միջնորդությունն ակնհայտ անհիմն է. «Ամբաստանյալների կողմից որեւէ իրավական հիմնավորում չնշվեց, որը միջնորդությունը բավարարելու հիմք կարող էր դառնալ: Զուրկ է հիմնավորումից այն պնդումը, թե մեղադրողը կողմնակալ է եղել»:

Դատավորները, վերադառնալով խորհրդակցական սենյակից, որոշեցին դատախազի դեմ ինքնաբացարկի միջնորդությունը մերժել: Իսկ դա նշանակում է, որ բողոքի քննության ընթացքում որպես մեղադրող-դատախազ շարունակելու է հանդես գալ Արամ Արամյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031