ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանին
ՀՀ ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանին
Մեծ Բրիտանիայի քաղաքացի Սոնյա Մաքլեոդից
ԲԱՑ ՆԱՄԱԿ
Մեծարգո պարոնայք,
Դիմում եմ ձեզ, համոզված լինելով, որ անտարբեր չեք լինի որևէ ներդրողի, այդ թվում և հատկապես՝ օտարերկրյա ներդրողի խախտված իրավունքների վերականգման հարցում, քանզի այն ոչ միայն տնտեսության զարգացման, այլ նաև տնտեսական անվտանգության կարևորագույն երաշխիք : Ունենալով Ֆլայ Դուբայ ընկերության կողմից լիազորություն ՀՀ-ում ընկերություն հիմնադրելու հետ կապված՝ բանակցել եմ տարբեր անձանց հետ և 2010թ-ի հոկտեմբեր ամսին ՀՀ–ում գրանցել եմ «Թրասթ Թրավել Ընդ Տուրիզմ» ՍՊԸ-ն։ Հիմնադրման
պահին 40 տոկոս բաժնեմասը պատկանել է ինձ, 30 ական տոկոս՝ երկու այլ գործընկերոջ: Որպես բրիտանացի ես ունեմ սկզբունք, որ կյանքում պետք է վստահել երեք հոգու՝ բիզնեսի գործընկերոջը, քո իրավաբանին և քո բժշկին: Սակայն Հայաստանում ես կարծես թե սխալվեցի: Հավատալով, որ Հայաստանի Հանրապետությունում կա արդարադատություն, հույս ունենալով, որ կհասնեմ արդարության և խախտված իրավունքներիս վերականգնմանը, սույն թվականի փետրվարի 9-ին ՀՀ քննչական կոմիտե եմ ներկայացրել հանցագործության մասին հաղորդում ընդդեմ նախկին բիզնես-գործընկերոջս և նախկին իրավաբանիս՝ ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ (Առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը) և 178-րդ (Խարդախություն) հոդվածների հատկանիշներով` տնօրենի կողմից ընկերության շահերին հակառակ գործելու հետևանքով Ֆլայ Դուբայի պաշտոնական ներկայացուցչի կարգավիճակը կորցնելու և վստահությունս չարաշահելու հիմքով բաժնեմասերի «օտարում» կազմակերպելու հիմքերով:
Նյութերի նախապատրաստության արդյունքում, քննիչ Ա. Գ.-ի կողմից 18.02.2017թ-ին կայացվել է քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում, որը բողոքարկվել է և Երևան քաղաքի դատախազի 14.03.2017թ-ի որոշմամբ վերացվել: Հարուցվել է թիվ 63200817քրեական գործով:
Գործի նախաքննության ընթացքում երկու անգամ տեղի է ունեցել քննիչի փոփոխություն (քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը Երևան քաղաքի դատախազի կողմից վերացվելուց հետո տեղի է ունեցել քննիչի փոփոխություն, որից հետո կրկին Ա. Գ-ն է իրականացրել գործով վարույթը) և վեց անգամ երկարաձգվել է գործի նախաքննության ժամկետները:Քննիչ Ա. Գ.-ի կողմից 14.11.2017թ.-ին որոշում է կայացվել քրեական գործի վարույթը կարճելու մասին։Նախաքննության ավարտման պահին ծանոթանալով քրեական գործի նյութերին՝ ինձ իրավաբանական ծառայություն մատուցող ընկերության փաստաբանները եկել են այն եզրահանգման, որ շուրջ 10 ամիս տևած քննության ընթացքում վարույթ իրականացնող մարմինը ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի հատկանիշներով առհասարակ քննություն չի իրականացրել, իսկ 178-րդ հոդվածի հատկանիշներով լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն չի տարվել: Ուստի, փաստաբաններ կողմից քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը բողոքարկվել է Երևան քաղաքի դատախազին: Մասնավորապես, գործում ունենալով մեր կողմից ներկայացված էլփոստի հաղորդագրությունները, որոնցով հաստատվում էին մի շարք փաստեր կապված քրեական գործի հետ, քննիչի կողմից չեն ուսումնասիրվել, դրանց մասով հարցեր չեն ուղղվել կողմերին։ Այս ամենը համոզմունք է առաջացնում, որ քննիչը կամ չունի համապատասխան որակավորում այդպիսի գործք քննելու, կամ չունի օբյեկտիվություն, ինչը շատ ավելի հավանական է։
Սույն նամակով խնդրում եմ միջոցներ ձեռնարկել քրեական գործի արդյունավետ և հնարավորինս արագ քննությունն իրականացնելու, խախտված իրավունքներս վերականգնելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում, որի կարևոր երաշխիք եմ համարում քննիչ Ա. Գ-ին վարույթից հեռացնելը և քրեական գործի քննությունը տնտեսական հանցագործությունների քննության փորձ և համապատասխան գիտելիքներ ունեցող քննիչին հանձնելը:
Կանխավ շնորհակալ եմ աջակցության համար:
Սոնյա Մքլեոդ
Լուսանկարը՝ «Թրասթ Թրավել Ընդ Տուրիզմ» ՍՊԸ ֆեյսբուքյան էջից