‹‹Այսօր արդեն կարող ենք փաստել, որ Թալիշում առաջին փուլով կառուցվող տասնյոթ բնակելի տներն արդեն ամբողջությամբ պատրաստ են վերաբնակվելու համար››,- այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտնեց ԱՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը` հավելելով , որ արդեն մեկ ընտանիք տեղափոխվել է նորակառույց առանձնատուն:
‹‹Ինչպես գիտեք, նախագահի հանձնարարությամբ` 2017 թվականից, Թալիշում սկսվել են վերականգնման մեծածավալ աշխատանքներ: Այժմ բացի 17 առանձնատներից, ավարտվել են նաև հանդիսությունների տան և համայնքային կենտրոնի վերակառուցման աշխատանքները, որոնք մոտ ժամանակներս, նաև ամբողջությամբ կկահավորվեն գույքով››,- նշեց նա:
Ըստ նախարարի՝ դեռևս ընթացքի մեջ է դպրոցի և մանկապարտեզի նոր շենքերի կառուցումը: Կենտրոնական փողոցի հետ միասին, դրանց շինարարական աշխատանքների ավարտը ևս նախատեսվում է մինչ ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ը: Բացի այդ, երկրորդ փուլով նախատեսվող տասը առանձնատներից երկուսի կառուցման աշխատանքները սկսվել են, իսկ մնացած ութինը` կմեկնարկեն շուտով:
Կարեն Շահրամանյանը նշեց, որ ավարտվել են նաև գյուղի հարակից տարածքում ՊԲ զորամասերից մեկի համար զորանոցի կառուցման աշխատանքները. ‹‹Բացի այդ, գյուղի այլ հատվածներում ևս կառուցվում են զորանոցներ: Կարելի է ասել՝ գյուղը ‹‹շրջապատված է լինելու›› զորանոցներով:
Թալիշի վերականգնման աշխատանքներն ամբողջությամբ ֆինանսավորվում է ‹‹Հայաստան›› համահայկական հիմնադրամի կողմից:
‹‹Մենք ոչ մի խոչընդոտ չունենք՝ մեր նախանշած աշխատանքները ավարտելու և գյուղում ավելի լավ պայմաններ ստեղծելու, քան եղել է մինչ այդ››,-շեշտեց քաղշիննախարարը:
Դավիթ ԱԲԱՂՅԱՆ