Հատուկ քննչական ծառայության կողմից «Ելք» դաշինքի (բողոքաբեր կողմ՝ Նիկոլ Փաշինյան)՝ «Զիբիլիքսի գործի» վարույթը կարճելու դեմ բողոքի քննության ժամանակ այսօր կարծիք հայտնեց նաեւ դատարանում «Ելք»-ի շահերի ներկայացուցիչ, պատգամավոր Արտակ Զեյնալյանը: Նա նշեց՝ հավանական է, որ միջադեպի հետեւանքով ընտրական իրավունքի խախտում է արձանագրվել, ինչը պարտավոր էր պարզել նախաքննությունը: «Նախաքննությունը չի տվել պատասխան, թե արդյոք որեւէ մեկը մաքրե՞լ է ՀՀԿ շտաբի աղբամանը, արդյոք առգրավվել եւ ստուգվե՞լ են շտաբում եղած համակարգիչները: Իսկ շտաբի հարեւանությամբ գտնվող բանկի տեսախցիկների տեսագրությունները քննիչն անմիջապես պետք է առգրավեր, ոչ թե բանկից հարցներ՝ դրանք պահպանվե՞լ են, թե ոչ»,-նկատեց Զեյնալյանը:
Բողոքի ներկայացումից հետո առարկություններ հայտնեց նաեւ այս գործով դատախազ Հայկ Պետրոսյանը: Նա համաձայն չէր «Ելք»-ի ներկայացուցիչներ Նիկոլ Փաշինյանի եւ Արտակ Զեյնալյանի այն համոզման հետ, որ նախաքննությունը կատարվել է թերի եւ կոպիտ խախտումներով: «Համապատասխան բոլոր քննչական գործողությունները ձեռնարկվել են: Նախաքննությամբ չի հիմնավորվել՝ շտաբի մաքրուհի Անժելա Կիրակոսյա՞նն է այդ թղթերը նետել աղբարկղը, թե մեկ ուրիշը: Ինչ վերաբերում է համակարգիչներին, ապա խուզարկություն կատարվել է, եւ անգամ ջնջված ֆայլերի վերականգնման ֆունկցիան կիրառելուց հետո ֆայլեր չեն հայտնաբերվել»,-հայտարարեց դատախազը:
Նա վստահեցրեց, որ նախաքննական մարմինը պատշաճ ջանասիրություն է ցուցաբերել, հարցաքննել տասնյակ վկաների, որոնք հերքել են ՀՀԿ-ի կողմից կաշառք տալու մասին տեղեկություններն ու հնարավոր հանգամանքները: «Բանկի տեսախցիկների տեսանյութերի առնչությամբ էլ հայտնեմ, որ քննիչը կատարել է առգրավում, բայց տեսանյութերը պահպանված չեն եղել: Այս քրեական գործով բազմածավալ գործողություններ են կատարվել, բայց ձեռք չեն բերվել բավարար ապացույցներ՝ կաշառք տալու կամ ստանալու վերաբերյալ: Իսկ այդ գտնված թղթերում առկա տեղեկությունները գնահատվել են որպես ենթադրություններ»,-նշեց Հայկ Պետրոսյանը:
Քանի որ քննիչն այս նիստին ներկա չէր, դատարանն աշխատանքը կշարունակի փետրվարի 15-ին, 10:00-ին:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ