Փարիզի «Լե Բուրժե» օդանավակայանում քիչ առաջ վայրէջք կատարեց ՀՀ նախագահի ինքնաթիռը: Սերժ Սարգսյանի հետ պատվիրակության կազմում Փարիզ են մեկնել նաև ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ու ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակներում այսօր՝ հունվարի 22-ին, ՀՀ նախագահը հանդիպում կունենա Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի, այնուհետև Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լառշեի հետ: Փարիզի քաղաքապետարանում ՀՀ նախագահը կհանդիպի նաև հայ համայնքի շուրջ 300 ներկայացուցիչների հետ:
Այսօր նախատեսված է նաև Սերժ Սարգսյանի հարցազրույցը ֆրանսիական «Լե Էքսպրես» օրաթերթին:
Այս պահին Սերժ Սարգսյանը հանդիպում է ունենում Փարիզի քաղաքապետի հետ:
Նշենք, որ ՀՀ նախագահի վերջին այցերը Ֆրանսիա կայացել են 2017 թվականի մարտի 8-ին՝ նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով, 2015թ. նոյեմբերի 30-ին՝ Փարիզում կայացած ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնվենցիայի անդամ երկրների 21-րդ համաժողովի հանդիսավոր բացմանը, իսկ դրանից առաջ՝ 2015թ. հունիսին` Կաննի MIDEM միջազգային երաժշտական փառատոնին մասնակցելու նպատակով, որտեղ Հայաստանը մասնակցել է պատվավոր հյուրի կարգավիճակով: Այցի շրջանակներում ՀՀ նախագահը հանդիպում է ունեցել Նիսի քաղաքապետ Քրիստիան Էստրոզիի հետ:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ