Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե 800 հազար եվրոն ջուրը լցվի, քաղաքապետարանը պիտի հրաժարական տա» (Տեսանյութ)

Հունվար 22,2018 15:51

Երեւանի հասարակական տրանսպորտի նոր ցանցի նախագիծը, որը հունվարի 18-ին ներկայացրեց փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը` բուռն քննարկումների տեղիք է տվել: Մարդկանց հետաքրքրում է` օրինակ` ինչպե՞ս են 18 մետրանոց կցորդով ավտոբուսները տեղաշարժվելու մայրաքաղաքում, բարեփոխումների արդյունքում որքանո՞վ է բարձրանալու տրանսպորտի ուղեվարձը, քանի՞ տրանսպորտ փոխելով են քաղաքացիները հասնելու «ա» կետից «բ» կետը եւ այլն:

Այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում «Սպառողների խորհրդատվական կենտրոն» հ/կ նախագահ Կարեն Չիլինգարյանը, որը նույնպես մասնակցել է նախագծի քննարկմանը, կարծիք հայտնեց, որ երթուղային նոր ցանցով քաղաքացիները կազատվեն «չարիք» դարձած «գազելներից»:

Այդուհանդերձ դեռ մի շարք հարցերի պատասխաններ պարոն Չիլինգարյանն էլ չի ստացել, մասնավորապես` որքանով է բարձրանալու ուղեվարձը: Պարոն Չիլինգարյանը նաեւ չգիտեր, թե «գծատեր» ով է լինելու, պետությո՞ւնը թե մասնավոր ներդրողը:

Aravot.am-ի այն հարցին, թե երթուղագծերը, որոնք տարիներ ի վեր պատկանել են որոշ օլիգարխների կամ պաշտոնյաների, արդյոք անցնելու են պետության վերահսկողության ներքո, սպառողների պաշտպանը պատասխանեց` այդ հարցերը դեռ հստակեցված չեն, նաեւ պարզ չէ` մեկ, թե մի քանի օպերատոր է լինելու:

Ըստ նրա, եթե մեկ օպերատոր եղավ, դա կնշանակի ամեն ինչի տերը նա է, իսկ տեր հասկացողությունը սխալ է:

Մանրամասները` տեսանյութում

Ըստ նախնական հաշվարկների, մայրաքաղաքի տրանսպորտային ցանցը բարեփոխելու համար կպահանջվի 100 միլիոն եվրո: Կկարողանա՞ արդյոք այդ գումարները հայթայթել կառավարությունը, դեռ պարզ չէ: Եթե գումարները չգտնվեն, ըստ Կարեն Չիլինգարյանի, միջազգային փորձագետին վճարած 800 հազար եվրոն ջուրը կլցվի. «Այդ դեպքում, քաղաքապետարանը պետք է հրաժարական տա ու դուրս գա»:

Հասարակական տրանսպորտի նոր ցանցի նախագիծը մշակել է WYG ընկերությունը: Թե ինչու հենց այս ընկերությանն է վստահվել այդ գործը, հարցին՝ քաղաքային իշխանությունները պատասխանել են, որ նրա տված նախագծերը հեղինակություն են վայելում եւ միջազգային կառույցներից ավելի հեշտ կլինի վարկեր ներգրավել ծրագիրն իրականացնելու համար:

Այն մտահոգություններին ի պատասխան, թե դժվար կլինի 18 մետրանոց ավտոբուսների տեղաշարժը, Կարեն Չիլինգարյանը կարծիք հայտնեց, որ «գազելների» բեռնաթափման դեպքում երթեւեկությունը, կանգառները զգալի կթեթեւանան: Բացի այդ, մայրաքաղաքի դժվար անցանելի տեղերում ներդրվելու են մինչեւ 50 տեղանոց ավտոբուսներ: Վարորդները կանգառից կանգառ են կանգնելու, քաղաքացիներն էլ «ա» կետից «բ» կետը հասնելու համար ստիպված չեն լինելու երկու-երեք տրանսպորտ փոխել եւ մի քանի հարյուր դրամ ծախսել: Ըստ նախնական հաշվարկների, բարեփոխման դեպքում, հասարակական տրանսպորտի եղած շարժակազմի քանակը երեք անգամ կրճատվելու է:

Հարցին, թե ավելի ճիշտ չէ՞ր լինի մետրոպոլիտենի կայարաններն ավելացնել, քանի որ տրանսպորտի հարցը պարբերաբար խնդիր է դառնում մայրաքաղաքի համար` ավտոմեքենաների քանակն ավելանալու պատճառով, Կարեն Չիլինգարյանը պատասխանեց, որ մետրոյի միայն մեկ կայարան կառուցելու համար անհրաժեշտ է 150 միլիոն դոլար:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031