«Սասնա ծռերի» գործով պաշտպան Մուշեղ Շուշանյանի համոզմամբ՝ արդարադատություն իրականացնելու համար պետք է քննվեր ապստամբության գործը:
«Մեր պաշտպանյալները պնդում են, որ իրենց կատարած գործողությունը ապստամբություն է, որ իրենք իրականացրել են իրենց ապստամբության իրավունքը… իրենք հայտարարում են, որ Հայաստանում իշխանությունը յուրացված է, իշխանությունը յուրացրած խումբը զանգվածաբար խախտում է քաղաքացիների հիմնարար իրավունքներն ու ազատությունները, կեղեքում են քաղաքացիներին ու հարստահարում երկրի ընդերքը եւ այլն, այս պայմաններում, երբ ժողովուրդը զրկված է ազատ ընտրություններով իշխանություն փոխելու իրավունքից, քաղաքացիներին այլ ելք չի մնում, քան դիմել ապստամբության: Իսկ ապստամբության իրավունքը ամրագրված է միջազգային մի շարք փաստաթղթերում, ինչից հետեւում է, որ եթե, իսկապես, այդպես է, որ նրանք ապստամբության իրավունքն են իրականացրել, նրանց նկատմամբ քրեական հետապնդում չէր կարող իրականացվել: Քրեական հետապնդում կարող էր իրականացվել զոհված ոստիկանների մահվան հանգամանքները քննելու, պարզելու հարցի շուրջ, բայց այն գործողությունների համար, որոնք նրանց են վերագրվել, շենք-շինություն զավթել եւ այլն դրանց համար քրեական հետապնդում չպետք է իրականացվեր»,- այսօր «Մեդիա կենտրոնում» ասաց փաստաբան Մուշեղ Շուշանյանը:
Ըստ նրա՝ իշխանությանը ձեռնտու չէ, որ այս դատավարության ընթացքում իրենց պաշտպանյալներն այդ դիրքորոշումն ավելի մանրամասն ներկայացնեն, որովհետեւ դա կվերածվի վարչախմբի դեմ դատավարության:
Նա նաեւ նկատեց, որ նախորդ տարվա հոկտեմբերից մի փոքր դրական տեղաշարժ էր գրանցվել «Սասնա ծռերի» դատավարության մեջ. «Մեր պաշտպանյալների ու մեր՝ , իրավունքների խայտառակ խախտումները մի պահ դադարեցվեցին, բայց վերջին երկու նիստերը հիմք են տալիս ենթադրել, որ նորից որոշում է կայացվել վերադառնալ ճնշող միջոցներին: Մեր պաշտպանյալների նկատմամբ, հավանաբար, նորից կսկսեն կիրառել դատական սանկցիաներ՝ նրանց նիստերի դահլիճից հեռացնելու տեսքով, մեզ էլ կստիպեն, որ համակերպվենք մեր պաշտպանյալների իրավունքների խախտումներին ու թույլ տանք, որ առաջ տարվի արդարադատության հետ կապ չունեցող գործընթացը, սա քաղաքական հաշվեհարդար է: Իսկ հակառակ դեպքում, եթե դիմադրենք, դրա լուծումն էլ են գտել՝ գործում ներգրավելով պահեստային՝ հանրային պաշտպանների, որ անհրաժեշտության դեպքում, դատավարությունն առաջ տանեն՝ համարելով, որ մեր պաշտպանյալների իրավունքները խախտված չեն»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի