Լրահոս
Օրվա լրահոսը

Հոգեբան. «Հայը չի կռվել հանուն Նժդեհի»

Հունվար 22,2018 15:27

Հունվարի 22-ին «Տեսակետ» ակումբը հյուրընկալել էր պատմաբան Էդիկ Մինասյանին, հոգեբան Կարինե Նալչաջյանին եւ «Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին ընդառաջ» նախաձեռնության անդամ Տիգրան Մարտիրոսյանին:

Այս տարի լրանում է Առաջին հանրապետության հռչակման և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակը: Նրանք խոսեցին նշված իրադարձությունների դերից, անդրադարձան հաղթանակների հանրահռչակմանը՝ որպես ցեղասպանվածի բարդույթից ձերբազատման միջոց, նաեւ առաջիկա միջոցառումներից, որ նախատեսված են տոնակատարության շրջանակներում:

«Տարին հոբելյանական է, քանի որ Հայաստանի Առաջին հանրապետության եւ մայիսյան հերոսամարտերի հռչակման 100-ամյակն է լրանում, երկու իրադարձություններն էլ վճռորոշ դերակատարություն են ունեցել հայ ժողովրդի կյանքում: Հիշենք, թե ցեղասպանությունից հետո ինչ ողբերգական վիճակում էր հայտնվել հայ ժողովուրդը, երբ ռուսական զորքը նահանջել էր, թուրքական բանակը խախտելով Երզնկայի պայմանագիրը՝ անցել էր հարձակման…1918 թ. հունվար-փետրվարին Երզնկան էր ընկել, ձախողվել Էրզրումի պաշտպանությունը…Թուրքական մեծ խմբավորում էր շարժվում Արեւելյան Հայաստան…»,-պատմական էքսկուրս կատարեց Էդիկ Մինասյանը` հավելելով, որ այդ օրերին ժողովուրդը միասնաբար ոտքի կանգնեց:

Նա անդրադարձավ նաեւ Արամ Մանուկյանի, Դանիել Բեկ-Փիրումյանի, Սիլիկյանի, Դրոյի դերակատարությանը, շինականից, հոգեւորականից մինչեւ պետական գործիչ բռունցքվելուն:

Հոգեբան Կարինե Նալչաջյանը նշեց, որ 21-րդ դարը ռազմաշունչ է, ամբողջ աշխարհը պատերազմների մեջ է, եւ թեեւ Հայաստանն ապրում է հրադադարի պայմաններում, սակայն ամեն վայրկյան պետք է պատրաստ լինի պատերազմի: Նա նաեւ կարծիք հայտնեց, որ հայերս անարդար ենք մեր հաղթանակների հանդեպ. «Հաղթանակները պետք է վեր հանել, արժեւորել ու ներկայացնել սերունդներին… Ես, իհարկե, դեմ չեմ Ցեղասպանության վերաբերյալ տեղեկատվության ներկայացմանն ու տարածմանը, բայց պետք է նաեւ մեր պատմության հիասքանչ դրվագները` արքաների, սպարապետների մասին, ինչու պետք է իմ երեխան նայի ֆիլմեր Ռեմբոյի մասին, երբ ունենք արժեքներ: Հաղթանակների ըմբռնման հարցում թերանում ենք, մինչդեռ դրանք վերագնահատելը նույնպես միջոց է արժանապատիվ ազգ ձեւավորելու համար»:

Նրա ձեւակերպմամբ, «Տարբեր ժողովուրդների համեմատելիս` տեսնում ես, որ կռվում են հանուն տիրոջ, հանուն թագավորի, օրինակ՝ ճապոնացի սամուրայը կռվում է հանուն առաջնորդի, բայց հայը չի կռվել, ասենք, հանուն Նժդեհի, որքան էլ խարիզմատիկ է եղել Նժդեհը: Հայը կռվել է հանուն հայրենիքի: Նույնն էլ եղել է ապրիլյան պատերազմի օրերին»:

«Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին ընդառաջ» նախաձեռնության անդամ Տիգրան Մարտիրոսյանն էլ հայտնեց, որ սկսել են տարբեր միջոցառումներ իրականացնել համայնքների մակարդակով, պատրաստում են թվայնացնել «Անհայտ զինվորի հիշատակարանը» գիրքը: Նա նաեւ հայտնեց, որ կառավարությանն առաջարկ է եղել Արամ Մանուկյանի տուն-թանգարան հիմնել Երեւանում, ցանկություն ունեն թանգարան դարձնել Շուշիի այն տունը, որտեղ մի ժամանակ ապրել է Արամ Մանուկյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031