Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր դատավոր Աննա Մաթեւոսյանի նախագահությամբ սկսվեց «Ելք» դաշինքի (բողոքաբեր կողմ՝ Նիկոլ Փաշինյան)՝ «Զիբիլիքսի գործի» վարույթը կարճելու դեմ բողոքի քննությունը:
Հիշեցնենք՝ 2017. Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ «Ելք» դաշինքն ահազանգ էր ստացել, որ Տարոն Մարգարյանի՝ Կոմիտասում գտնվող նախընտրական շտաբերից մեկում ընտրակաշառք բաժանելուն միտված գործողություններ են նախապատրաստվում: «Ելք»-ի ակտիվիստները շտաբի աղբամանից հանել էին մի շարք փաստաթղթեր, որոնք, ըստ դաշինքի ներկայացուցիչների, փաստում են ՀՀԿ-ի կողմից ընտրակաշառք բաժանելու մասին: Հարուցված քրեական գործը, սակայն, ՀՀ Հատուկ քննչական ծառայության կողմից կարճվել էր՝ հանցակազմի բացակայության հիմքով, եւ այժմ «Ելք-ը» դատարանից պահանջում է պարտավորեցնել վերականգնել իր խախտված իրավունքները:
Դաշինքի առաջնորդներից ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նախ դատավորին տեղեկացրեց, թե ինչ թղթեր են գտել աղբամանից: Նրա խոսքով՝ այս գործը, որը ստացել է «Զիբիլիքս» անունը, ներկայացնում է ընտրակաշառքի բաժանման մեխանիզմի յուրօրինակ «ուղեցույց», ինչը փաստում են աղբամանում հայտնաբերված փաստաթղթերը: «Դրանցում նշված են՝ «բարեւ ձեզ», «քանի՞ հոգի եք», «առանձնանալ ննջարանում կամ բաղնիքում՝ զապիսից խուսափելու համար», «գումարը տալ մոտ տարածությունից», «պառոլը՝ բազե» եւ նմանօրինակ բաներ…Այս ամենը վկայում է, որ ՀՀԿ-ի կողմից գործել է ընտրակաշառքի բաժանման կազմակերպված համակարգ՝ իրավապահների հովանու ներքո: Մենք կարծում ենք, որ նախաքննությունն ընթացել է թերի եւ կոպիտ խախտումներով»,-բողոքը ներկայացնելիս հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Ապա մի շարք օրինակներ նշեց. «Քննիչը ոչինչ չի արել՝ պարզելու համար աղբամանից գտնված այդ թղթերի էությունը: Կներեք կոպիտ համեմատության համար, բայց եթե աղբանոցից մարդու ձեռք գտնեինք, մի շարք փորձաքննություններ եւ դրանց հաջորդող գործողություններ կնշանակվեին, բայց այս դեպքում նման բան չի արվել: Մաքրուհի Անժելա Կիրակոսյանը, որը թղթերը նետել է աղբարկղը, ցուցմունք է տվել, որն արժանահավատ համարվել չի կարող: Քննիչը հարցրել է՝ «լսե՞լ եք, որ ընտրակաշառք են բաժանել», նա էլ պատասխանել է՝ «առաջին անգամ եմ լսում»…Դա այն դեպքում, երբ իր խոսքով՝ այդ ընթացքում եղել է շտաբում: Նաեւ ասել է, թե ոչ մի թուղթ չի լցրել տոպրակի մեջ եւ չի նետել աղբարկղը: Պարզ չէ՞, որ այդպես պետք է ասեր…Պատկերացնո՞ւմ եք մի նախընտրական շտաբ, որի աղբարկղում ոչ մի թուղթ չկա: Սա աբսուրդ է: Երեւի աղբամանում միայն քյաբաբի ու խորովածի մնացորդներ էին»,-հեգնեց Նիկոլ Փաշինյանը:
Ապա մատնանշեց, որ քննիչը ոչինչ չի արել՝ ՀՀԿ շտաբում եղած համակարգիչների պարունակությունը ստուգելու համար, նաեւ չի առգրավել շտաբի հարեւան բանկի տեսախցիկների տեսագրությունները՝ հաստատելու համար, թե ով եւ ինչ է նետել աղբամանը: «Նախաքննական մարմինն ամեն ինչ արել է, որ այս գործի հանգամանքները չպարզվեն»,-ասաց պատգամավորը:
Նիստի այլ մանրամասները՝ տեսանյութում
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ