Այսօր` հունվարի 22-ին Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը հանդես է եկել մամուլի ասուլիսով: Ամփոփելով քաղաքաշինության ոլորտում նախորդ տարվա իրականացված աշխատանքները նախարարն արձանագրեց, որ 2017 թվականը բոլոր առումներով հաջող տարի էր:
‹‹Եթե 2017 թվականի սկզբին պետական բյուջեում կապիտալ ծախսերը կազմում էին 11 մլրդ 700 մլն դրամ, ապա տարվա վերջին արդեն այդ թիվը հասավ 16 մլրդ 324 մլն դրամի: Լրացուցիչ ֆինանսավորումը կատարվել է պետական բյուջեից տնտեսված և այլ փոխառու միջոցների հաշվին: Իսկ 2016 թ-ին այն կազմել էր 13 մլրդ 900 մլն դրամ››,- հայտնեց նախարարը:
Նրա խոսքով, ինչպես ամեն տարի, նախորդ տարի ևս կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել են միջոցները, որոնք կազմել են 553 մլն դրամ: Իսկ արտաբյուջետային միջոցների հաշվին կատարված աշխատանքները կազմել են 637 մլն դրամ:
Կարեն Շահրամանյանը նշեց, որ անվտանգության միջոցառումների շրջանակներում մասնավորապես քաղաքացիական պաշտպանության ոլորտում, նախորդ տարում ուղղվել է 80 մլն դրամ` առաջնագծին մոտ գտնվող բնակավայրերում ապաստարաններ կառուցելու նպատակով. ‹‹Իսկ պաշտպանության բանակին` առաջնագծի աշխատանքների իրականացման համար, հատկացվել էր 1 մլրդ 273 մլն դրամ: Նշեմ նաև, որ այժմ նախատեսվում է նաև մարտական հերթապահություն իրականացնող գրեթե բոլոր զորամասերի մարտական հենակետերն ամբողջությամբ ապահովել մշտական խմելու ջրով››:
Ըստ նախարարի`ընդհանուր առմամբ, շինարարության ոլորտի բաժնեմասը նախորդ տարում կազմել է համախառն ներքին արդյունքի 6.1 տոկոսը, 2016 թվականի 5,7 տոկոսի համեմատ, իսկ պետական բյուջեի` 17 տոկոսը, 2016 թվականի 15.1 տոկոսի համեմատ:
Դավիթ ԱԲԱՂՅԱՆ