Լրահոս
Օրվա լրահոսը

Նարինե Դիլբարյան. «Ո՞ւմ համակշռելու համար է գալիս Արմեն Սարգսյանը» (Տեսանյութ)

Հունվար 22,2018 14:17

Լեզվաբան Նարինե Դիլբարյանը հետաքրքիր է համարում ՀՀ չորրորդ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի ընտրությունը: Այսօր «Հայելի» մամուլի ակումբում խոսելով նախագահի թեկնածուի ընտրության մասին, Նարինե Դիլբարյանն ասաց, որ մամուլում շրջանառվող անուններից`Ռալֆ Յիրիկյան, Արկադի Ղուկասյան եւ այլն, կան մարդիկ, որոնք համապատասխանում էին Սերժ Սարգսյանի առաջնային պայմաններին, բայց Սերժ Սարգսյանը վերանայեց դրանք:

Վերհիշելով նորանկախ Հայաստանի քաղաքական կյանքի սկզբնական շրջանը, այն ժամանակահատվածը, երբ Արմեն Սարգսյանը նշանակվեց ՀՀ վարչապետի պաշտոնում, բանախոսը կարծիք հայտնեց, որ այն ժամանակ Արմեն Սարգսյանի նշանակումը խնդիր ուներ հակակշռել Վազգեն Սարգսյանի իշխանությունը ու հարց հնչեցրեց. «Հետաքրքիր է, թե հիմա ո՞ւմ համակշռելու համար է գալիս Արմեն Սարգսյանը»:

Նարինե Դիլբարյանն, ի դեպ, կարծում է, որ նոր Սահմանադրությամբ եւս բավական լիազորություններ նախագահն ունի: Նկատում է`մանավանդ Արմեն Սարգսյանը գալիս է իր պայմաններն առաջադրելով:

Ամեն դեպքում, ըստ նրա, Արմեն Սարգսյանը լինելով եվրոպական գործիչ, նրա գործունեությունը բավական փակ է. «Նրա գործունեության ոչ բոլոր դրվագներն են շատ հրապարակային, չեմ ցանկանում ասել ստվերային, բայց ինքը բավականին փակ գործիչ է: Չկան մեծ ծրագրեր, որոնք Մեծ Բրիտանիայում կատարել է Արմեն Սարգսյանը: Անգլիան միշտ եղել է Թուրքիայի շահերի իրականացնողը, Թուրքիայի նավթային շահերի կրողը, եւ կարող ենք ասել, որ Արմեն Սարգսյանն այդ անիվը մազաչափ անգամ չի շարժել: Դիվանագիտական ասպարեզում Արմեն Սարգսյանի կողմից մեծ նվաճումներ չեմ կարող արձանագրել»:

Մանրամասները`տեսանյութում

ՀՀԿ-ական գործիչ, ԱԺ նախագահի խորհրդական Մկրտիչ Մինասյանն ասում է՝ ի դեմս Արմեն Սարգսյանի գործ ունենք լուրջ, կազմակերպված, վերլուծական միտք, կապեր ունեցող մտավորականի, մարդու հետ: Կարծում է`այդ ամենը կարող է շահեկան լինի մեր երկրի համար: «Նա մի առավելություն էլ ունի`20-21-րդ դարի շունչը զգացող, բիզնեսում հաջողություն ունեցող մարդ է»,- ասում է Մկրտիչ Մինասյանը:

Անդրադառնալով Ցեղասպանության հարյուրամյակի օրը Անգլիայի թագաժառանգ Չարլզի մասնակցությանը «Գալիպոլիի ճակատամարտ» կոչվող «խեղկատակությանը», Նարինե Դիլբարյանն ասում է`դա Անգլիական քաղաքականության անսասանության վկայությունն է: Մկրտիչ Մինասյանը լրագրողների հարցերից`իսկ ինչո՞վ էր զբաղված Անգլիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը, տարակուսում է. «Դուք կարծում եք մեկ դեսպանը կարող էր պատմության անիվը շրջե՞լ: Անգլիան թուրքամետ երկիր է»: «Ավաղ, հայկական դիվանագիտությունը այդ անիվը մազաչափ չի տեղաշարժել»,-նկատեց Նարինե Դիլբարյանը:

Արմեն Սարգսյանի հետ կապված հիմնական հարցադրումը Նարինե Դիլբարյանը համարում է հետեւյալը` ո՞ւմ նախագահն է նա լինելու՝ Սերժ Սարգսյանի՞, թե՞ ՀՀ-ի: Լեզվաբանն ասում է, եթե Արմեն Սարգսյանը կարողացավ ցուցաբերել քաղաքական ինքնուրույն վարքագիծ, ապա նա կարող է արդարացնել հույսերը: Իսկ ներդրումներ բերելու խոսակցություն-ակնկալիքների մասին խոսելը դեռ վաղ է համարում: Բերում է Կարեն Կարապետյանի օրինակը եւ նրանից այս առումով սպասելիքները, որոնք ավարտվեցին ընդամենը մոլով եւ «փոքրիկ վտակներով»: Արմեն Սարգսյանն «առվակներ» կբերի՞`ժամանակը ցույց կտա:

Մկրտիչ Մինասյանը հակադարձում է սեփական փորձով. «Ես եղել եմ Խորհրդային շրջանի ղեկավար, ինքը վարչապետ էր, Նորքի զանգվածի մի դպրոցի հարցով դիմեցի, օպերատիվ արձագանքեց: Երեք շաբաթում դպրոցը վերանորոգվել է»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031