Լրահոս
Օրվա լրահոսը

Աղվան Վարդանյանը՝ Արմեն Սարգսյանի «սեթեւեթանքի», ՀՀ-ում մշտական չբնակվելու եւ այլ քննադատությունների մասին (Տեսանյութ)

Հունվար 22,2018 13:36

Այսօր ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն ԱԺ ճեպազրույցների ժամանակ անդրադառնալով ՀՀԿ-ի ներկայացրած ՀՀ նախագահի թեկնածուին՝ Արմեն Սարգսյանին՝ ասաց. «Շատ հետաքրքիր մարդ է ե՛ւ մարդկային, մասնագիտական պրոֆեսիոնալ որակների առումով: Չգիտեմ, մեզ համար առավելություն է, թե թերություն երկար ժամանակ իր՝ ՀՀ-ում ապրած չլինելը, անկուսակցական լինելը, որը հաճախ էր շեշտվում: Ես չեմ կարծում, որ կուսակցական լինելը այնպիսի բան է, որը կխանգարեր նախագահ լինելուն ընդհանրապես: Մի տեսակ տպավորություն չլինի, որ կուսակցական լինելը վատ բան է, ընդհակառակը: Շատ խոսվեց այն մասին, որ ինչպե՞ս կարող է նախագահը քաղաքականությամբ զբաղված չլինել, բայց կուսակցական չլինել չի նշանակում քաղաքականությունից իրազեկ չլինել, քաղաքական հարցերին տեղյակ չլինել եւ այդ առումով պրոֆեսիոնալ չլինել»:

Աղվան Վարդանյանն ասաց, որ ՀՀ պետական քաղաքական էլիտայում դրական առումով փոփոխություններ են նշմարվում՝ մարդկանց ներկայություն, որոնք տարբերվում են իրենց բազմաթիվ հատկանիշներով: Նա նշեց, որ ոչ պաշտոնական հանդիպում ՀՅԴ-ն արդեն ունեցել է Արմեն Սարգսյանի հետ, պաշտոնական հանդիպում կլինի, կքննարկեն խնդիրներ:

Հարցին՝ եթե նա չհամաձայնի, այլ թեկնածուներ կա՞ն նախագահի պաշտոնի համար՝ Վարդանյանը պատասխանեց, որ կան մարդիկ, որոնք կարող են այդ գործառույթը լիարժեք իրականացնել, բայց կարծում է, որ Արմեն Սարգսյանի թեկնածությունը կդրվի ԱԺ-ում: Հարցին՝ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ նախագահի թեկնածուն պետք է այնպիսի անձ լինի, որ քաղաքականությամբ զբաղված չլինի, արդյոք վարչապետի պաշտոնը քաղաքականությամբ զբաղվե՞լ չի՝ Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Անշուշտ, քաղաքական պաշտոն է:Քաղաքականությամբ զբաղվել՝ նկատի առնելով, որ կուսակցական գործունեություն չունենալ, կուսակցական չլինելը չի նշանակում քաղաքական իրադարձություններին անմասնակից կամ անտեղյակ լինել: Համոզված եմ, մենք բազմաթիվ անհատներ ունենք, որոնք կուսակցական գործունեությամբ չեն զբաղվում, բայց շատ էլ լավ քաղաքական իրադարձություններին մասնակից են, իրազեկ են, հետեւում են, տիրապետում են: Կարող է նաեւ թեկնածուն  լինել նախկին կուսակցական, բայց դա իր օբյեկտիվությանն ու գործառույթներին բնավ չէր խանգարի, այս հակադրությունը ճիշտ չեմ համարում»:

Արմեն Սարգսյանը վերջնական պատասխան չի տվել: Հարցին՝ այս «սեթեւեթանքն» ինչո՞վ եք բացատրում, ենթադրվում է, որ նախապես Սերժ Սարգսյանի հետ քննարկել են այդ հարցը՝ Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Սեթեւեթանք բառը ճիշտ չեմ համարում: Առաջադրման պահից մոտ մեկ ամիս առաջ անունը հայտնի դարձավ եւ առաջադրվեց, որպեսզի ժամանակ լինի այդ քննարկումներում հանդիպումներ անելու: Շատ բնական, շատ նորմալ երեւույթ է, երբ մարդը ստանձնում է պատասխանատու պաշտոն, պետության գլուխ է, իր կողմից քաղաքակիրթ է, ճիշտ է նման ժամանակ խնդրելը, հանդիպելը տարբեր շերտերի հետ հանրության: Այստեղ ես սեթեւեթանք չեմ տեսնում, տեսնում եմ ճշգրտություն, աշխատանքի կազմակերպման ճիշտ ձեւ»:

Հարցադրումներ կան, որ Արմեն Սարգսյանը մշտական բնակություն չի ունեցել ՀՀ-ում, իսկ նախագահի պաշտոնի համար Սահմանադրությամբ ամրագրված է՝ 6 տարի մշտական բնակություն պետք է ունենա ՀՀ-ում: Աղվան Վարդանյանի մեկնաբանությամբ՝ Արմեն Սարգսյանի գործունեության ամբողջ ընթացքը շատ թելերով անցել է ՀՀ-ով եւ ՀՀ-ի հետ. «Իբրեւ առավելություն՝ նա թաղված չի եղել հայաստանյան վերջին 20 տարիների տարբեր ինտրիգների մեջ, տարբեր կապերի մեջ, հեռավոր լինելն էլ, այսօրվա աշխարհն այնքան փոխկապակցված է, այնքան սերտ է, որ չեմ կարծում, որ մեծ խնդիր կարող է լինել: Հետաքրքիր թեկնածու է: Օրենքն ասում է՝ հնարավոր է, ես որեւէ հիմնավոր բան չգիտեմ, գիտեք դեսպանների կարգավիճակը, ես վստահ եմ, որ այստեղ որեւէ խնդիր չի կարող լինել: Ցանկացած դեսպանատուն, տարածք, համարվում է տվյալ երկրի տարածք: Դեսպանը համարվում է ՀՀ քաղաքացի, չի կարող չհամարվել: Գիտեք, ամեն անգամ մենք պաշտոնների նշանակման ժամանակ այս խնդիրը արծարծում ենք, բարդ չի վերցնել նրա պաշտոնավարման ժամկետում նայել օրենքը, համադրել, տեսնել՝ այդ 6 տարին բավարարո՞ւմ է, թե՞ չէ: Ես վստահ եմ, որ այդպիսի հարց գոյություն չունի, արհեստական հարցեր ենք ստեղծում կոմերիտականի նման եւ սկսում ենք ԶԼՄ-ներով հաղթահարել»:

Հարցին՝ Արմեն Սարգսյանն այս հարցում անփոխարինելի՞ է, իշխանության ներսում չկա՞ր մի հարմար թեկնածու՝ Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Անփոխարինելի մարդիկ չկան»: Նա նշեց, որ Արմեն Սարգսյանը լավ թեկնածու է, հնարավոր մի քանիսի մեջ նաեւ ակնհայտ է իր անունը. «Մենք, ցավոք, այդ թվում ԶԼՄ-ները, հաճախ ամեն ինչ անում են, որ մեր հանրության, հասարակության  մեջ, կլինի մտավորական, քաղաքական գործիչ, գիտնական, թե արվեստագետ, ամեն ինչ անում են, որ այդ մարդկանց միայն ստվերոտ կողմերը տեսնեն, այդ մարդիկ չունենան հանրային դրական ընկալում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031