Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Նավասարդյան. Աշխարհաքաղաքական կոնյուկտուրան աշխատում է Ալիեւի դեմ (Տեսանյութ)

Հունվար 22,2018 13:17

Արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը հնարավոր, բայց քիչ հավանական է համարում Սիրիայում լայնածավալ պատերազմական գործողությունների վերսկսումը, քանի որ հիմնական խաղացողները`ՌԴ-ն, ԱՄՆ-ը Իրանը, Թուրքիայի դեմ գործողություններ չեն ձեռնարկում: Ռուսական զորամիավորները դուրս եկան Շաբղինից, ԱՄՆ-ը մի քանի օր առաջ հայտարարեց, որ Շաբղինն իր համար առանձին հետաքրքրություններ չի ներկայացնում: Բանախոսի կարծիքով, ԱՄՆ-ի հեռահար նպատակն այն է, որ հիմնական գործողությունները տեղափոխվեն Թուրքիայի տարածք`մասնատելով թուրքական պետությունը:

«ՌԴ-ն եւ Դամասկոսը համաձայնության են եկել չեզոքացնել քրդական շարժումը գոնե այս շրջանում: Չեմ բացառում, որ բախման նոր ալիք կարող է լինել եւ դրական վերջավորության գնացող հանգուցալուծումը այլ ուղղությամբ գնա»,- ասաց նա`փաստելով, որ Մերձավոր Արեւելքում, մասնավորաբար, Սիրիայում, այսօր նոր ռազմական գործողություններ են սկսվել:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին Արման Նավասարդյանը ճկուն, էքսցենտրիկ քաղաքական գործիչ է համարում, որը սխալ է գնահատում իր հնարավորությունները. «Մարդն ուզում է դառնալ երրորդ աշխարհի առաջնորդ եւ ճանապարհներ է փնտրում: Սա նյու օսմանիզմի դրսեւորումն է»: Ինքը կարծում է, որ Թուրքիայի վերջնական նպատակը միջուկային զենք ձեռք բերելն է եւ կարող են դրան հասնել`ատոմակայան ստեղծելով, կամ այլ երկրներից կարող է միջուկային զենք գնելով: Էքսցենտրիկությունը նկատի ունենալով հանդերձ, Արման Նավասարդյանը Էրդողանին Թրամփի հետ չի համեմատի:

Մանրամասները`տեսանյութում

Aravot.am-ի հարցին`տարածաշրջանում նոր զարգացումներից Ալիեւը կարո՞ղ է ոգեւորվել, Արման Նավասարդյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որովհետեւ աշխարհաքաղաքական կոնյուկտուրան աշխատում է իր դեմ: Նա չի համարձակվի գնալ քայլի`հասկանալով, որ կարող է ամեն ինչ կորցնել: Ոչ թե հայերին են սկսել շատ սիրել, այլ ՌԴ-ն, ԱՄՆ-ը, անգամ Թուրքիան չեն գնա կոնֆլիկտի նորացման: Այլ հարց, որ կարող են նախադեպեր լինել, մանավանդ, Նախիջեւանից Հայաստանին սպառնացող վտանգը`կրկին թուրք-ադրբեջանական տանդեմից: ԱԳՆ-ն պետք է հասնի վերանայելու Կարսի պայմանագիրը: Երեւանից 60 կմ հեռավորությամբ Թուրքիան հսկայածավալ զենք է կուտակում»:

Բանախոսն անդրադարձավ նաեւ Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաեւի` ԱՄՆ կատարած այցին: Ասաց`տնտեսական առումով դրական բան կտա Ղազախստանին`տաս հազար աշխատատեղ: Բացի այդ, Նազարբաեւը փորձում է «առաջին էշելոնի գործիչ» դառնալ. «Այդ այցով նա փորձում էր նա ՌԴ-ի ազդեցությունը թուլացնել Ղազախստանի վրա, ապա Կենտրոնական Ասիայում ԱՄՆ-ի հետ հավասարը-հավասարի հանդես գալ: Նազարբաեւը փորձում է միջնորդ հանդես գալ ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի միջեւ: Նազարբաեւը մաքոքային դիվանագիտություն է վարում, ժամանակին Բիշքեկում դա կիրառեց`վերցնելով առաջին ջութակի դերը: Հայաստանը պետք է փոխառի այս քաղաքականությունը: Նազարբաեւը հետաքրքիր անձնավորություն է, Հայաստանը պետք է փորձի հարաբերությունները շտկել նրա հետ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031