Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ելքը մեր ստեղծած ընդդիմությո՞ւնն է, եթե մեր ստեղծածն է, մենք կօգնենք». Վահրամ Բաղդասարյան (Տեսանյութ)

Հունվար 22,2018 13:05

«Ելքի» պատգամավորները գտնում են, որ քաղաքական ուժերը պետք է աջակցեն «Ելքի» թեկնածուին, որ գոնե բանավեճ լինի ընտրությանը, իսկ այս պարագայում լինելու է առանց այլընտրանքի, առանց երկխոսության եւ առանց բանավեճի ընտրություն, ինչը ինքնին ժողովրդավարությանը դեմ է: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ «Ելքը» դեմ է քվեարկելու Արմեն Սարգսյանին:

Խմբակցությունը շուտով հանդիպելու է ՀՀԿ-ի թեկնածուի հետ: Հարցին՝ այդ հանդիպման ժամանակ հնարավո՞ր է «Ելքը» այնպես համոզի Արմեն Սարգսյանին, որ նա չցանկանա այլեւս նախագահի պաշտոնը զբաղեցնել՝ «Ելքի» պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը պատասխանեց. «Մենք կներկայացնենք երկրի իրողությունը, եթե այդքանից հետո նա դեռ կամենա նախագահ լինել, մենք ոչինչ անել չենք կարող»:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, լսելով, որ «Ելքը» ամեն դեպքում որոշել է դեմ քվեարկել իրենց թեկնածուին, ասաց. «Հետաքրքիր է, եթե ՀՀԿ-ի թեկնածուն չլիներ Արմեն Սարգսյանը, ի՞նչ դիրքորոշում կունենար «Ելքը»: Այսինքն, դեմ են քվեարկում միայն այն պատճառով, որ նա ՀՀԿ-ի՞ թեկնածուն է»: Նա ասաց, որ իրենք չէ, որ պետք է «Ելքի» թեկնածուին ձայն տան, որ կարողանան առաջադրել, ընդդիմադիր դաշտը բավարար ձայներ ունի, որ առաջադրի, թող մնացածն իրենց մեջ մտածեն. «Ինչ վերաբերում է մեզ կհաջողվի, թե չի հաջողվի համապատասխան ձայներ հավաքել, մենք կանխագուշակումներ չենք անում, կլինեն հանդիպումներ, կհայտնեն իրենց դիրքորոշումը եւ ընդհանուր պատկերը կտեսնեք քվեարկության ժամանակ»:

Հարցին՝ վարչապետ լինելուց 3 ամիս անց Արմեն Սարգսյանը մեկնեց եւ հրաժարական տվեց: Երաշխիքներ ունե՞ք, որ նա ամիսներ անց նորից չի հեռանա Մեծ Բրիտանիա՝ Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Թե ինչ պատճառով է Արմեն Սարգսյանը վարչապետի պաշտոնից հեռացել, այն ժամանակ հայտարարվել է, նա ունեցել է լուրջ առողջական խնդիրներ»: Նա ասաց, որ բնականաբար մամուլը պետք է մտածի Արմեն Սարգսյանի մեջ խոցելի տեղեր գտնելու մասին. «Չկա որեւէ մարդ, որը լինի իդեալական, այն չափորոշիչները, որն ունի մեր թեկնածուն, դրանք բավականին բարձր են»:

Ինչ վերաբերում է «Ելքի» առաջարկին՝ թող աջակցեն մեր թեկնածուին, որ այլընտրանք, լինի, բանավեճ լինի՝ Վահրամ Բաղդասարյանն արձագանքեց. «Ելքը» մեր ստեղծած ընդդիմությո՞ւնն է, եթե մեր ստեղծածն է, մենք կօգնենք…Եթե իրենք ցանկանում են մեզ հետ համագործակցել, մեր դռները բաց են… «Ելքը» թող դիմի, իրենց թեկնածուին էլ, մեր թեկնածուին էլ նայենք, եթե գտնենք այդ արժանիքները…«Ելքին» հորդորեք, թող դիմի մեզ»:

Վահրամ Բաղդասարյանի խոսքով՝ 9 ձայնով ԱԺ-ում նրանք ցանկանում են իրենց թեկնածուին առաջադրել եւ անցկացնե՞լ, աշխարհի որեւէ երկրում նման բան չեք տեսնի:

Հարցին՝ Արմեն Սարգսյանը պատասխան չտվեց, առայժմ չհամաձայնեց լինել նախագահի թեկնածուն, այդ սեթեւեթանքն ինչո՞վ եք բացատրում՝ Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Քաղաքականության մեջ մեկ գիշերվա մեջ շատ բաներ են փոխվում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031