«Ալիկը խելոք տղա է: Ես կարծում, եմ ինքը լավ նախարար է եղել»,- այսօր «Հայելի» մամուլի ակումբում Դանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանի մասին կարծիք հայտնեց արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:
Բանախոսի համար, սակայն, մի փոքր անհասկանալի էր «նման օպոզիցիոն դիրքորոշումից նշանակվել այնպիսի մի պաշտոնի, որը հարյուր տոկոսանոց լոյալություն է պահանջում»: Դա չի խանգարել Արման Նավասարդյանին`զանգելու եւ շնորհավորելու Ալեքսանդր Արզումանյանին: Ամեն դեպքում, նա դրական է համարում նման պրոֆեսիոնալի նշանակումը դեսպանի պաշտոնին: Ինքը կարծում է, որ դիվանագիտական աշխատանքը պրոֆեսիոնալների գործ է, ոչ թե դիլետանտների:
«Ինչ եղավ հետո`չպետք է լիներ»,- ասում է Արման Նավասարդյանը`նկատի ունենալով ՄԻԵԴ-ի վճիռը: Հիշեցնենք, այդ վճռով ՀՀ-ն պետք է 2500 դոլար վճարի Ալեքսանդր Արզումանյանին: Բանախոսը չգիտի` իրավաբանական առումով հնարավո՞ր էր հրաժարվել հայցից: Եթե հնարավոր էր, կարծում է, որ Ալեքսանդր Արզումանյանը պետք է հրաժարվեր:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ