Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսասեր Կարեն Կարապետյանն ու արեւմտասեր Արմեն Սարգսյանը

Հունվար 22,2018 14:00

Աշխարհաքաղաքական շահերի կռիվ` իշխանությունում

Թեեւ Արմեն Սարգսյանը Սերժ Սարգսյանից ժամանակ է խնդրել մտածելու համար Ազգային ժողովում մեծամասնություն կազմող քաղաքական ուժի՝ Հանրապետականի կողմից Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրվելու հարցի մասին, ակնհայտ է, որ հենց նա է լինելու ՀՀ չորրորդ նախագահը: Արմեն Սարգսյանի ընտրության մասին լուրեր կային նախքան երեկվա պաշտոնական հաղորդագրությունը: Լուրեր կան, թե Արմեն Սարգսյանի՝ նախագահ դառնալուց հետո Սերժ Սարգսյանը դառնալու է վարչապետ, Կարեն Կարապետյանը՝ առաջին փոխվարչապետ:

Պաշտոնական հաղորդագրություն չկա: Հնարավոր է, ավելի ճիշտ` հավանականությունը շատ մեծ է, որ պետական կառավարման մեկ համակարգում աշխատեն Արմեն Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը:

Արմեն Սարգսյանը բացահայտ արեւմտասեր է, Կարեն Կարապետյանը՝ բացահայտ ռուսասեր: Արմեն Սարգսյանը արեւմտյան բիզնես շրջանակներում հետաքրքրություններ ունի: Կարեն Կարապետյանը ռուսական բիզնես շրջանակներում հետաքրքրություններ ունի: Արմեն Սարգսյանը Հայաստանում մի կարճ ժամանակ վարչապետ եղավ ու հեռացավ Արեւմուտք: Կարեն Կարապետյանը Հայաստանում մի կարճ ժամանակ քաղաքապետ եղավ ու հեռացավ Ռուսաստան: Այսքանն էլ բավարար է՝ հասկանալու համար, որ եթե Հայաստանի պետական կառավարման համակարգում միաժամանակ լինեն Արմեն Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը, Հայաստանի պետական կառավարման համակարգը կդառնա Արեւմուտք-Ռուսաստան կռիվների «ռազմաճակատ», ինչը Հայաստանին ոչ մի լավ բան չի խոստանում:

Մինչ օրս Արեւմուտքն ու Ռուսաստանը կռվում էին եւ են Հայաստան աշխարհագրական տարածքի համար: Արմեն Սարգսյան-Կարեն Կարապետյան մեկտեղման պարագայում կկռվեն Հայաստանի կառավարությունում ազդեցության համար: Մի բան է, երբ ռուսասեր կառավարության դեմ է խոսում արեւմտասեր ընդդիմադիրը, այլ բան, երբ արեւմտասերը դառնում է ռուսասեր իշխանության մաս: 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեով փոխվեց ՀՀ Սահմանադրությունը, ու զգալիորեն կրճատվեցին նախագահի լիազորությունները: Արմեն Սարգսյանը այդ քիչ լիազորություններով օժտված նախագահ է լինելու: Քիչ, բայց լիազորություններ ունենալու է: Ու քիչ լիազորություններով արեւմտասերը կարող է հակադրվել շատ լիազորություններով ռուսասերին: Կարեւոր չի՝ ով կհաղթի, այդ հակադրությունից Հայաստանը հաստատ չի շահելու:

Հա, մոռացել էի. Հայաստանի ՀՀԿ-ական իշխանությունն ու նախագահ Սերժ Սարգսյանն ասում են` մենք «եւ-եւ»-ի քաղաքականություն ենք վարում, ԵԱՏՄ-ԵՄ համագործակցություններն էլ դրա մեջ են տեղավորում-խցկում: Բայց նաեւ պարզ ճշմարտություն է` կիսահղի չեն լինում, ու հնարավոր չէ եւ հաճույք ստանալ, եւ կույս մնալ:

 

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

20.01.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031