Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Որ քաղաքական ուժն ինչպես է քվեարկելու Արմեն Սարգսյանի թեկնածությանը

Հունվար 22,2018 13:30

Ըստ քաղաքագետ Արմեն Վարդանյանի՝ խորհրդարանական ուժերից միայն «Ելք»-ն է դեմ քվեարկելու Արմեն Սարգսյանի թեկնածությանը

«Ծառուկյան» դաշինքում դեռ չեն քննարկել, թե ինչ դիրքորոշում ունեն ՀՀԿ-ի կողմից ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածու Արմեն Սարգսյանի վերաբերյալ: «Առավոտի» հետ զրույցում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց՝ այժմ Գագիկ Ծառուկյանը երկրում չէ, վերադառնալուց հետո, երբ արդեն պարզ լինի, թե անձամբ Արմեն Սարգսյանն ինչ որոշում է կայացրել, իրենք էլ կհայտնեն իրենց դիրքորոշումը:

Հիշեցնենք՝ Արմեն Սարգսյանը Սերժ Սարգսյանին ասել էր՝ շատ կարեւոր է, որ որոշում ընդունելուց առաջ ինքը նույնպես առիթ ունենա հանդիպելու քաղաքական տարբեր ուժերին ե՛ւ Ազգային ժողովում, ե՛ւ Ազգային ժողովից դուրս՝ կուսակցություններին: Արմեն Սարգսյանը շատ կարեւորել է նաեւ հանրության լայն շրջանակները ներկայացնող գիտական, մտավորական, հասարակական, բարեգործական կազմակերպություններին, գործարար շրջանակներին, աշխատավորական շրջանակներին:

Մեզ հետ զրույցում տիկին Զոհրաբյանը մանրամասնեց. «Չեմ կարծում՝ մենք հրատապ պետք է քաղխորհրդի նիստ հրավիրենք այդ որոշումը կայացնելու համար: Կարծում եմ՝ մինչ Գագիկ Ծառուկյանի վերադարձն ու կուսակցության՝ նիստ հրավիրելը Արմեն Սարգսյանն արդեն իր որոշումը կայացրած կլինի այն մասին՝ արդյոք ընդունո՞ւմ է առաջարկը, թե՞ ոչ: Այնուհետեւ կհանդիպի քաղաքական ուժերի հետ, մենք կլսենք իր տեսակետները, եւ միայն դրանից հետո հնարավոր կլինի որեւէ որոշում կայացնել: Հիմա քանի դեռ Արմեն Սարգսյանն ինքը չունի վերջնական որոշում, եւ դա մեծապես կախված է լինելու տարբեր հանդիպումներից՝ քաղաքական, մտավորականների, գիտական շրջանակի հետ, ՀՀ-ում, Սփյուռքում եւ Արցախում, դիրքորոշում հայտնելու շտապողականության կարիք չկա»: Նաիրա Զոհրաբյանն այս պահին ձեռնպահ մնաց իր սեփական կարծիքն արտահայտելուց, քանի որ ըստ նրա՝ սա այն հարցն է, որտեղ չի կարող լինել անձնական տեսակետ կամ մոտեցում. բոլոր հարցերը անպայմանորեն տրվելու են, եւ դրանից է կախված լինելու յուրաքանչյուր քաղաքական ուժի որոշումը:

«Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ այժմ Արմեն Սարգսյանի թեկնածության հարցն իրենց համար օրակարգային չէ, եւ երբեք էլ այն չեն քննարկել: Լենա Նազարյանը տեղեկացրեց. «Հիմա զբաղված ենք երթով»:
Նշենք, որ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը Արմեն Սարգսյանի հնարավոր առաջադրման մասին կարծիք էր հայտնել, որ Արմեն Սարգսյանի որակներն իսկապես համապատասխանում են, որ առաջադրվելու այս առաջարկությունը կատարվեր այս փուլում:

Մինչդեռ քաղաքագետ Արմեն Վարդանյանի կարծիքով՝ Արմեն Սարգսյանի կերպարը չի համապատասխանում անգամ այն կերպարին, որը մտավորականների հետ հանդիպմանը ներկայացրել էր Սերժ Սարգսյանը. «Իմ մեջ զարմանք ու տարակուսանք է առաջացնում այն, որ Սերժ Սարգսյանն ասում էր, թե նախագահի թեկնածուն նախկինում չպետք է քաղաքականությամբ զբաղված լինի, այնինչ մի քանի ամիս նա վարչապետի պաշտոնն է զբաղեցրել: Փաստորեն, Սերժ Սարգսյանի կարծիքով՝ վարչապետի պաշտոնում եղած անձը քաղաքականությամբ չի՞ զբաղվում»:

Արմեն Վարդանյանը փաստեց՝ նոր սերունդն ընդհանրապես չի ճանաչում Արմեն Սարգսյանին: Ըստ քաղաքագետի՝ նա մի քանի ամիս է եղել վարչապետի պաշտոնում, բայց հետք չի թողել ՀՀ քաղաքական դաշտի վրա: Արմեն Վարդանյանի պնդմամբ՝ Արմեն Սարգսյանի թեկնածությունը չի համապատասխանում նաեւ նոր ընդունված Սահմանադրության այն կետին, ըստ որի՝ թեկնածուն վերջին 6 տարիների ընթացքում պետք է ՀՀ-ում մշտապես բնակված լինի: Արմեն Սարգսյանը 2013-ին է նշանակվել դեսպան, բայց դեռ այդ վեց տարին չի էլ լրացել»:

Մեր հարցին՝ այն, որ Արմեն Սարգսյանի անունը կապում են Ամուլսարի խնդրահարույց գործարքի հետ, դա նրան խոցելի չի՞ դարձնում, Արմեն Վարդանյանը պատասխանեց. «Իհարկե, նրան խոցելի է դարձնում, քանի որ նրա անունը կապում են մի խոշոր ծրագրի հետ, որի իրագործումը լուրջ աղետ է բերելու ՀՀ-ին: Արմեն Սարգսյանի թեկնածության միակ դրական կողմն այն է, որ նա մեծ կապեր ունի արտասահմանում եւ միգուցե նաեւ Արեւմուտքի համար ընկալելի կերպար է»:

Արմեն Վարդանյանի կանխատեսմամբ՝ խորհրդարանական ուժերից միայն «Ելք»-ն է դեմ քվեարկելու Արմեն Սարգսյանի թեկնածությանը, քանի որ նրանք առաջադրել էին իրենց թեկնածուին՝ Արտակ Զեյնալյանին:

Անդրադառնալով ՀՅԴ-ին եւ «Ծառուկյան» խմբակցությանը՝ պարոն Վարդանյանը եզրափակեց. «Փորձը ցույց է տալիս, որ «Ծառուկյան» խմբակցությունը բոլոր վճռական եւ կարեւոր օրինագծերին միշտ կողմ է լինում իշխանությանը: Դաշնակցությունն առայժմ կարծես որեւէ լուրջ հայտարարություն չի անում, բայց կարծում եմ՝ դա նախօրոք համաձայնեցված է կոալիցիոն շրջանակներում»:

 

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ»

20.01.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031