Լրահոս
Օրվա լրահոսը

«Ապրելու ու օգնություն չխնդրելու միջոցներ փնտրում եմ, բայց չեմ գտնում»

Հունվար 22,2018 13:00

Զոլաքարի ուսուցիչը 60 հազար դրամ աշխատավարձով չգիտի՝
ինչպե՞ս ընտանիք պահի, երեխաների ուսման վարձն էլ բարերարներից է կախված

Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի բնակիչ 64-ամյա Օնիկ Հովսեփյանը տարիներ շարունակ պետական ու բարեգործական կազմակերպությունների դռներն է ընկնում, որպեսզի իր 3 ուսանող երեխաների ուսման վարձը գտնի: Քիչ գումար չէ, 1 միլիոն դրամի շեմը գերազանցում է երեքի ուսման վարձը միասին: Օնիկ Հովսեփյանն ընդամենը 60 հազար դրամ աշխատավարձ է ստանում, գյուղի դպրոցում պատմության ուսուցիչ է: Օնիկ Հովսեփյանն ասում է՝ ջանք չի խնայել, որպեսզի երեխաները դպրոցում լավ սովորեն, ապա ընդունվեն բարձրագույն ուսումնական հաստատություն: Երբ մի քանի տարի առաջ Օնիկի 3 դուստրերը ընդունվել են բուհ, նա թեեւ շատ է ուրախացել, բայց այն երկար չի տեւել: Ուրախությանն անմիջապես հաջորդել է մտահոգությունը՝ վարձերն ինչպե՞ս եմ վճարելու: Ուսանողների հայրն ամեն տարի տարբեր բարերարների է խնդրանքով դիմել ու նրանց աջակցությամբ վճարել վարձերը:

Նոր ուսումնական տարին թե՛ դուստրերի եւ թե՛ հոր համար այնքան էլ ցանկալի չէ, կրկին պետք է այստեղից-այնտեղից օգնություն խնդրել:

Այս անգամ բազմաթիվ բարեգործական հիմնադրամներ ու կազմակերպություններ Հովսեփյանի խնդրանքը մերժել են: Օնիկն ասում է՝ փակուղի է թվում այս ամենը, կարծես մի հսկա ու անհաղթահարելի պատին է դեմ առել:

«Ես այլեւս չգիտեմ ինչ անել, էլ տեղ չմնաց, որ չդիմեմ: Շատ ցավալի կլինի, եթե աղջիկներս ուսման վարձը չվճարելու պատճառով դուրս մնան: Լավ են սովորում, բա ինչ տանջանքով են ընդունվել, ոնց էին օրուգիշեր պարապում, որ ընդունվեն: Շատ ընդունակ ու խելացի էրեխեք են»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է Հովսեփյանը:

Ապա նա հերթով ներկայացնում է, թե դուստրերը որտեղ են սովորում. ավագ դուստրը՝ Հասմիկը, ԳԱԱ իրավագիտական ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսում է, ուսման վարձը 550 հազար դրամ է, Նելլին Երեւանի պետական համալսարանի ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսում է սովորում, ուսման վարձը՝ 585 հազար դրամ, Իրինան Երեւանի բժշկական համալսարանում է սովորում, 3-րդ կուրս է, վարձը 800 հազար դրամ է: Այս համալսարանում Իրինայի ուսման վարձը 30%-ով զեղչել են, 200 հազար դրամ էլ մի կազմակերպություն է փոխանցել: Իրինայի ուսման վարձից 100 հազար դրամն էլ, ինչպես Օնիկն է պատմում, իր, որպես ուսուցիչ, սոցփաթեթից է փոխանցվել:

«Աղջիկներս Երեւանում վարձով բնակարանում են ապրում: Նրանցից մեկը ժամանակ առ ժամանակ աշխատանք է գտնում, իրենց առօրյա ու կենցաղային հարցերը մի կերպ լուծում են, բայց ուսման վարձին վաստակած գումարը չի բավարարում: Մյուս աղջիկս էլ աշխատանք է փնտրում, այնպես չէ, որ զլանում են աշխատել: Ես էլ չեմ կարող թողնել գնալ Ռուսաստան՝ աշխատելու, անչափահաս երեխա էլ ունեմ, կինս հիվանդ է (հոգեկան առողջության խնդիրներ ունի), նրա նպաստն էլ 17 հազար դրամ է: Հիմա հույսս բարի մարդիկ են: Ամաչում էլ եմ աղջիկներիս առջեւ, որ հայրը չի կարողանում ուսման վարձերը վճարել»:

Ու եթե ուսման վարձն այս ընտանիքի միակ հոգսը լիներ. Օնիկն ասում է՝ գյուղում արդեն փտած վագոնում են ապրում: Այս մետաղյա ու շարքից դուրս եկած վագոն-տնակը հազիվ 10 քմ է. «Ամբողջ հատակը մաշված ու ծակծկված է, այնպես ենք քայլում, որ հանկարծ փտած փայտյա հատակին նոր անցք չբացվի: Սարսափելի օրերը ձմռանն են, անտանելի ցուրտ է լինում, այսինքն՝ տարին կլոր սարսափելի է մեր տնակում. գարնանը ձնհալն է սկսվում, ու տանիքից անընդհատ ներս հալոցքն է կաթում, աշնանը անձրեւաջրերն են լցվում: Էլ չեմ ասում, որ առնետները մեկ էլ մի ծակից դուրս են գալիս: Արտակարգ վտանգավոր պայմաններում ենք ապրում»:

Օնիկ Հովսեփյանի ընտանիքի խնդրին «Առավոտը» տարիներ առաջ անդրադարձել էր, այն ժամանակ էլ Օնիկը պատմել էր, որ Գեղարքունիքի մարզպետից օգնություն էր խնդրել, որպեսզի մի քիչ շինանյութ տրամադրեն, Օնիկն էլ իր ուժերով չորս պատ կառուցեր: Մերժել էին: Տարիներ հետո ոչինչ չի փոխվել: Օնիկ Հովսեփյանն ասում է. «Էս անգամ էլ ՀՀ նախագահին, վարչապետին եմ նամակով դիմել, դիմումս մակագրել են մարզպետարան, այստեղից էլ ասել են՝ բնակարանային օգնության հնարավորություն մարզպետարանը չունի: Ես էլ ասում եմ՝ եթե չունեք, գոնե շինարարական մատերիալով օգնեք, ես ինքս տուն կկառուցեմ: Գոնե ինչ-որ չափով օժանդակեն, ասել են՝ մենք ֆինանս չունենք:

«Հայաստան» համահայկական հիմնադրամին էլ եմ դիմել: Պատասխան չկա: Ախ որ տեսնեն՝ ինչ պայմաններում ենք ապրում, գոմը ավելի ապահով է ու մարդկային պայմաններով: Կտուրը փտած է, հատակի տախտակներն արդեն իրարից տարանջատվել են, քայլել չի լինում: Ես իմ աշխատավարձով անգամ նորմալ սնունդ չեմ հասցնում գնել, ուր մնաց տան հարց լուծեմ: Եթե աշակերտների հետ արտադպրոցական պարապմունքներ անեմ, պատմություն պարապեմ, էլի եկամուտ կլիներ: Բայց նախ էս պայմաններում ոչ ոք չի ուզի իր երեխային մեր տուն ուղարկի՝ պարապելու, բացի այս, մեր վագոնը գյուղի ծայրում է, շատ հեռու է, էլի ծնողներին ու իրենց երեխաներին հարմար չէ: Մարդավարի ապրելու ու օգնություն չխնդրելու միջոցներ փնտրում եմ, բայց չեմ գտնում»:

 

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

20.01.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031