Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Առավոտի» դատացուցակը սկսվում է սպառնալիքով ու վիրավորանքով

Հունվար 22,2018 12:30

«Տղա ըլնեիր՝ կտայի մռութդ կջարդեի, նոր կիմանայիր», «տղա ըլնեիր՝ մի հատ բառ կասեի…», «շատ անգրագետ լրագրող ես», «թուլին նայի հլը» վիրավորանքներն ու սպառնալիքները հնչեցվել էին թիվ 7/46 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ Արայիկ Գեւորգյանի կողմից aravot.am-ի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին:
Սակայն ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննիչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Հ. Հալաբյանը տեղեկացրել էր, որ քրեական գործի հարուցումը մերժվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Հետաքննիչը հարկ չէր համարել որոշումը ուղարկել լրատվամիջոցին բողոքարկման համար, այն դեպքում, երբ փորձել էր նախապատրաստել նյութեր՝ քրեական գործ հարուցելու համար լրագրողի հրապարակման հիման վրա: Քրեական գործ այդպես էլ չհարուցվեց, հանցակազմ չդիտվեց սպառնալիքն ու վիրավորանքը մասնագիտական գործունեություն իրականացնելու ժամանակ:

Լրագրողի եւ նրա ներկայացուցիչ Կարեն Տոնոյանի բողոքն անցյալ տարվա նոյեմբերի 17-ին Մալաթիա -ՍԵբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մերժվեց, իսկ այդ որոշման դեմ բողոք բերվեց վերաքննիչ քրեական դատարան:

Տարվա անդրանիկ նիստը նշանակվել էր հունվարի 12-ին, իսկ հունվարի 26-ին, ժամը 15-ին, դատավոր Ա. Մնացականյանը կհրապարակի որոշումը:

Փետրվարի 5-ին, ժամը 12.30-ին «Առավոտը» որպես երրորդ անձ հրավիրվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Դատավոր Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ կշարունակվի Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի՝ ՀՊՏՃ ռեկտոր Կորյուն Աթոյանի, պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանի, դասախոսներ Պարույր Քալանթարյանի, Լյուբա Մեհրաբյանի ներկայացուցիչ Աստղիկ Ղազարյանի կողմից ներկայացված հայցի քննությունն ընդեմ «Առավոտի» նամակագիր, նախկին աշխատակցի, դասախոս Նորիկ Սարգսյանի եւ «Առավոտի»՝ պատվի, արժանապատվության, գործարար համբավի պաշտպանության համար:

«Առավոտի» ներկայացուցիչը տողերիս հեղինակն է:

Հայցվոր կողմը պահանջում է «մասնակի» հրապարակել դատարանի վճիռը:
Ինպես տեղեկացրել ենք, վեճի առարկան 15.06.2016թ. «Որտեղ է թաղված շան գլուխը՝ բաց նամակ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանին» նամակն է: Այս գործով ներգրավված է նաեւ «Հրապարակը»:
Ապրիլի 11-ին, ժամը 14.30-ին, որպես պատասխանող հրավիրվել ենք Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ Թբիլիսյան խճուղու վրա գտնվող, դատավոր Հ. Զարգարյանի վարույթում գտնվող գործով:
Հայցվորը՝ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն է, պատասխանողները՝ բացի «Առավոտից», «Անկախ լրագրողների ցանց» հասարակական կազմակերպությունը, «Սյունյաց աշխարհ» ՍՊ ընկերությունը, Արթուր Գրիգորյանը:
Պատասխանող բնապահպան Արթուր Գրիգորյանի ներկայացուցիչ, փաստաբան Նվարդ Փիլիպոսյանից օրեր առաջ ստացվել է հայցադիմումի եւ պատվի, արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման, հերքման պահանջի վերաբերյալ իրենց դիրքորոշման տեքստը:

Փաստաբանը տեղեկացնում է, որ իր վստահորդ Արթուր Գրիգորյանը անցյալ տավա հուլիսի վերջին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, որում հայտնել է մի շարք տվյալներ, ներկայացրել է ապացույցներ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի գործունեության դեմ:

Հաղորդման տեքստը հրապարակվել էր նշյալ լրատվամիջոցներում:
Ըստ պատասխանողի ներկայացուցչի, «անկախ իրենց բնույթից եւ բովանդակությունից, հանցագործության մասին հաղորդում տված անձի հայտնած տվյալները չեն կարող համարվել զրպարտություն, քանի որ դրանք մինչդատական վարույթի ընթացքում հայտնած տվյալների հրապարակային ներկայացում են»:

Իսկ ներկայացված տեղեկատվությունն էլ պայմանավորված է եղել գերակա հանրային շահով:

Փաստաբանը վկայակոչել է ՀՀ վճռաբեկ դատարանի «Թաթուլ Մանասերյանն ընդդեմ Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի գործով վեց տարի առաջ կայացված որոշմանը, նշել էր. «Քննարկման առարկա հայցի վերաբերյալ դատական գործեր քննելիս դատարանները մեծ ուշադրություն պետք է դարձնեն հրապարակայնորեն փաստացի տվյալներ ներկայացրած անձի բացատրություններին, մոտեցումներին, իր կողմից ներկայացված փաստացի տվյալների նկատմամբ վերաբերմունքին՝ պարզելու նպատակով՝ արդյո՞ք անձը ներկայացված փաստերով դիտավորություն ունեցել է արատավորելու որեւէ մեկին, թե՞ օբյեկտիվորեն արտահայտել է իր գնահատող դատողությունները՝ միաժամանակ դրսեւորելով բարեխիղճ մոտեցում»:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

20.01.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031