Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆինանսատնտեսական բարեփոխումները ռիսկային են

Հունվար 22,2018 12:00

Հարցազրույց տնտեսագիտության դոկտոր,
պրոֆեսոր Արմեն Ճուղուրյանի հետ

Պատրաստվում են օրենսդրական փոփոխություններ, որոնք էական ազդեցություն են ունենալու բարձրագույն կրթական համակարգի վրա: Այս թեմայի շուրջ զրուցեցինք տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Արմեն Ճուղուրյանի հետ, որը բազմիցս է «Առավոտում» մեկնաբանել հանրապետությունում ընթացող կրթական բարեփոխումները:

– Պրն Ճուղուրյան, ՀՀ ԿԳ նախարարը կառավարության նիստում ներկայացրեց հեռակա կրթության վերացման անհրաժեշտությունը, նաեւ հիմնավորեց ուսումնառության տարիների ժամանակահատվածի ճկունության մոտեցումները: Որքանո՞վ եք հիմնավոր համարում այդ բարեփոխումները:

– Դրանք բարեփոխումներ են, որ ընդօրինակում են միջազգային փորձը, սակայն մեր իրականության համար դեռեւս խորթ են, եւ իմ կարծիքով՝ ՀՀ բուհերում բերելու են թե կառավարչական եւ թե ֆինանսական բնույթի խառնաշփոթ, եթե այս պահին գոնե չգնահատվեն սպասվող բարեփոխումների ֆինանսատնտեսական ռիսկերը:

– Ի՞նչը նկատի ունեք, չէ՞ որ ակնկալվող փոփոխությունները ընդամենը միջազգային առաջավոր փորձի տեղայնացում է:

– Չեմ կարծում, որ ամեն ինչ պետք է տեղայնացվի, եթե այն հղի է անցանկալի հետեւանքներով: Եթե կրթության առանցքային շահառուները` բուհերն ու ուսանողները չեն դժգոհում հեռակա ուսուցումից, ուրեմն ինչու է նման օրենսդրական փոփոխության պահանջ առաջացել: Իմ սուբյեկտիվ կարծիքով, դա դրսից եկող պահանջ է, քանի որ Եվրոպայում իրոք չկա հեռակա ուսուցում, եւ նրանք պարզապես չեն հասկանում այդ ինստիտուտը, որ մենք ժառանգել ենք Խորհրդային Միությունից: Խնդիրն այն է, որ անկախության տարիներին մենք ինքներս խարխլեցինք հեռակա կրթության հիմքերը: Նախկինում պահանջվում էր, որ ուսանողը սովորելու ընթացքում պետք է աշխատի իր մասնագիտությամբ եւ դրանով լրացնի հեռակա մասնագիտական կրթության կոնտակտային ժամերի քանակը: Եթե հեռակա կրթությամբ ուսանողների շրջանում ներկայումս կատարվի հետազոտություն, ապա պարզ կդառնա, որ նրանցից քչերն են աշխատում կրթությանը ուղղակի կամ գոնե անուղղակի առնչվող մասնագիտությամբ: Եվ ստացվում է այնպես, որ ՀՀ բուհերը համատարած հեռակա ուսանողներ են ընդունում, որպեսզի ֆինանսավորման խնդիրներ լուծեն: Ուրեմն, հեռակա կրթության վերացմամբ ֆինանսական մուտքերի առանց այն էլ ոչ բարվոք վիճակը ՀՀ բուհերում առավել խորանալու է:

– Իսկ ի՞նչ կասեք կրթական ժամանակահատվածի ճկունության վերաբերյալ, երբ բակալավրիատի ուսանողին հնարավորություն կտրվի կազմելու իր կրթական անհատական գրաֆիկը` չորսից մինչեւ ութ տարիների կտրվածքով:

– Կարծում եմ, որ այս նորամուծությունը նույնպես խառնաշփոթ կառաջացնի համալսարանական ֆինանսական համակարգում: Այս դեպքում արդեն չի գործի ուսման «հաստատուն տարեկան վարձ» հասկացությունը, փոխարենը կիրառության մեջ կդրվի «վճարում ըստ ակադեմիական ձեռքբերվող կրեդիտների» մոտեցումը, որը կստիպի բուհերին վերանայելու դրամական հոսքերի կառավարումը, կազմելու ճկուն բյուջետավորում: Իսկ դա անպայման կբերի կրթական ծառայությունների անկայուն ծախսատարություն: Անգամ ՀՀ պետական բուհերը այսօր արդեն լուրջ կախվածություն ունեն կրթավճարներից: Եթե միջազգային համալսարանները խոշոր ֆինանսավորում են ստանում պետությունից, հոգաբարձուների խորհրդից, զանազան հիմնադրամներից, ապա մեր իրականությունում դա չկա եւ մեր բուհերը դեմ առ դեմ կանգնած են կայուն կրթավճարների խզման ֆինանսական ռիսկերի առջեւ: Իսկ կրեդիտային հավաքագրման հենքով ֆինանսական ներհոսքերը չեն կարող կայուն լինել, քանի որ դրանք ոչ թե նախօրոք կանոնակարգվում են, այլ ձեւավորվում են ուսանողի ակադեմիական ակտիվության նախասիրություններով: Պատկերացրեք մի իրավիճակ, եթե մեկ կիսամյակ ուսանողների գերակշիռ մասը նախընտրի ակտիվորեն հավաքել կրեդիտներ, իսկ մյուս կիսամյակ, ընդհակառակը` պասիվանա: Դրանով բուհերում կձեւավորվի ֆինանսական անկայուն իրավիճակ` դրամական ներհոսքերի վերելքներով ու վայրէջքներով: Ուստի կարծում եմ, որ նախատեսվող բարեփոխումների ոչ միայն ակադեմիական, այլեւ տնտեսական հետեւանքները պետք է այնպես հաշվարկել, որպեսզի այս նորամուծությունները ֆինանսական խառնաշփոթ չառաջացնեն առանց այն էլ դժվարություններով կազմակերպվող կրթական ծառայություններում:

 

Հարցազրույցը` ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱԲԱՅԱՆԻ

«Առավոտ»

20.01.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031