Քայքայված երկիր, անտեր ժողովուրդ,
Մի շարք հարուստներ, մեռած բազմություն,
Երկիրը քանդող մի քանի խլուրդ,
Եվ կոկորդ սեղմող հիասթափություն:
Անհույս էակներ, դատարկ օջախներ,
Բանկերին գերի գրավառուներ,
Մոլորված այրեր, բյուր գործազուրկներ,
Զավակներ կորցրած անհավատ մայրեր:
Վախեցած աչքեր, զարմացած դեմքեր,
Զարմանահրաշ, ահարկու դեպքեր,
Ծռված մարմիններ, թախծոտ հայացքներ,
Նեղ փողկապներով անխիղճ ջահելներ:
Համարյա մեռած, պապիկ-տատիկներ,
Սպասման տենչից տառապող հարսներ,
Վախկոտ հայացքով բյուր մուրացկաններ,
Երկիրը պահող բազում աղքատներ:
Արյամբ շաղախված նորակառույցներ,
Եվ դրանք կրող գորշ թաղամասեր,
Վրեժով լցված շատ մահապարտներ,
Ուղեղը հալված բյուր թմրամոլներ:
Նայող՝ չտեսնող փլված հոգիներ,
Ականջը պարզած՝ չլսող որբեր,
Այգում գիշերող լի հարբեցողներ,
Կյանքի գծից դուրս գունատ կմախքներ:
Եվ ցերեկվա պես գիշեր անցկացնող
Անհույս պոռնիկներ, անամոթ լրբեր,
Ձեռքերը պարզած հոծ մուրացկաններ,
Խիղճը վաճառած լիքը ճարպիկներ:
Սնկի պես ծլած տարանուն բանկեր,
Օջախներ քանդող անխիղճ հարուստներ,
Երբեմնի տաղանդ՝ լիքը խելառներ,
Ամեն տասնյակում՝ իննը հիվանդներ:
Փողին խոնարհվող կեղծ նվիրյալներ,
Մարդկանց կեղեքող չար պաշտոնյաներ,
Այս արտագաղթին նպաստող անձեր,
Գերեզմանները ուրացող այրեր:
Եկեղեցիներ կառուցող այրեր,
Հավատն ուրացած մոլորյալ կույսեր,
Եվ բախտի բերմամբ հարստացածներ,
Հոգին վաճառած անհավատ լրբեր:
Հավատքը շահի վերածող անձեր,
Հոգեորսությամբ՝ հարստացողներ,
Սրբությունները ոտնահարողներ,
Միամիտ մարդկանց մոլորեցնողներ:
Աստծուց հեռացած «հավատացյալներ»,
Գաղթի ճամփեքին ծվարած հայրեր,
Եվ հարմար պահի սպասող գողեր,
Ուրիշին գռփող անհոգի այրեր:
Անհասկանալի իրավիճակներ,
Պաթոսով լեցուն անհույս պոռթկումներ,
Եվ բողոքավոր խճողված խմբեր,
Ու ոչինչ չասող անհասցե ճառեր:
Անկարողության անիմաստ ճիչեր,
Քաոս հիշեցնող անհեթեթ շարժեր,
Քամու պես սուրող ասեկոսեներ,
Ասելիքից զուրկ մերկ բամբասանքներ:
Խուլ տնքոցներով խորը հևոցներ,
Հավատը կորցրած դալուկ հայացքներ,
Վայրկյանով ապրող գունատ կմախքներ,
Կյանքից անտեղյակ զարմացած դեմքեր:
Շուտ ոգևորվող բյուր միամիտներ,
Եվ ոչինչ չասող անմիտ ելույթներ,
Արժեքներից զուրկ անբարո բարքեր,
Բռնապետական ահարկու կարգեր:
Դառն ալիքներով լեցուն քամիներ,
Անմեղ հայացքով լայն շերտ քծնողներ,
Սարսափ տարածող անսիրտ գազաններ,
Եվ կյանքեր խլող անխիղճ դահիճներ:
Ամեն մի մետրում բյուր դավաճաններ,
Խիղճը վաճառած մեծահարուստներ,
Ծնողին հանգիստ ծերանոց տանող
Պատվից հեռացած մեծ փողատերեր:
Արժեքներից զուրկ դատարկաբաններ,
Կերակրատաշտը պաշտող սողուններ,
Միշտ պատվից խոսող նենգ պատվազուրկներ,
Մարդ սնանկացնող հատուկ տեսակներ:
Ջրից վախեցող, միշտ լողից խոսող
Նամուսը կորցրած կեղծ երեսպաշտներ,
Ոչինչ չարարող, ամեն ինչ քանդող
Երկիր կործանող բյուր դավաճաններ:
Կեղծ խայծ գցողներ և խառնակիչներ,
Եվ ամեն հարցում ջուր պղտորողներ,
Սրբությունները հեշտ շրջանցողներ,
Ամեն ինչ ուտող, միշտ ուրացողներ:
Փողը մեծարող բազում էակներ,
Նյութը արժեքից միշտ վեր դասողներ,
Խոսքը հեշտ դրժող դատարկ վախկոտներ,
Եվ անբովանդակ ներկայացումներ:
Մարդկանց քանակից շատ մեքենաներ,
Սարսափելի խիտ դղյակաշարեր,
Նրանցից խլած և հենց նույն մարդկանց
Տոկոսով տրված արյունոտ փողեր:
Լրիվ ավերված կանաչ տարածքներ,
Նոր, վեր խոյացած բիզնես օբյեկտներ.
Արտասահմանյան ճոխ մեքենաներ,
Օրենքից վերև խումբ արտոնյալներ:
Անմահ խաղացող մոլորյալ խմբեր,
Քթները ցցած անմիտ էակներ,
Սեփական անձին խիստ սիրահարված
Արժեքներից զուրկ կույր փողամոլներ:
Կյանքի անխնա, ուժգին հարվածներ,
Անկարողությունից շփոթված անձեր,
Աշխատանք փնտրող բյուրավոր այրեր,
Տիրոջը լքած կորուսյալ մայրեր:
Ողջը թալանված՝ փակ գործարաններ,
Եվ աշխատանքով հրաշքներ գործած
Մուտքի դռան մոտ կախված նկարներ,
Նաև գործազուրկ աշխատակիցներ:
Վայրագ հողմեր են սուրում ամենուր,
Երերում հողը մեր ոտքերի տակ,
Եթե չսթափվենք ու դառնանք ամուր,
Կկորչենք անհետ ու հիմնահատակ…
Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
Հերթական ցնդաբանություն է, այլ ոչ բանաստեղծություն