«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն այսօր գյումրեցիների հետ հանդիպման ժամանակ ասաց․ «Մենք այսօր այցելել ենք Գյումրի մեկ նպատակով, որպեսզի իրազեկենք ձեզ ապագա համազգային մեծ ընդվզման գործընթացի մասին, առանց որի հնարավոր չէ առաջին հերթին տապալել ապօրինի գործող իշխանությունը և հիմնադրել նոր իշխանություն, որ կծառայի բոլորիս։ Այս տարի մենք նշելու ենք նաև Հայաստանի Հանրապետության պատմության 100-ամյակը, մեզ համար դա շատ կարևոր միջոցառում է իհարկե, բայց դեռ իրական Հայաստանի Հանրապետություն մենք չունենք։ Իրական Հայաստանի Հանրապետությունը պետք է դեռ նոր հիմնադրենք, հանրապետություն, որտեղ մարդիկ արժանապատիվ են ապրում և իրենց հայրենիքում ամուր կանգնած են իրենց հողի վրա»։
Այնուհետ ցուցադրելով իր հետ բերած «Դժոխքի երաժշտություն Հայաստանում. ընդվզիր, մերժիր սատանայի բանաձևը» վերտառությամբ մեծ ցուցապաստառն` ասաց․ «Մենք ունենք այս պաստառը, դասական նկար է նաև, ունի մի քանի հարյուրամյա պատմություն, պաստառը մի մեծ նկարի մի մասն է կազմում, այս պաստառի վրա ներկայացված են այն բոլոր հանրային հարաբերությունները, որոնք կան Հայաստանում։ Եվ կոչվում է «Դժոխքի երաժշտություն»։ Տեսեք․ ո՞վ է բազմած այս աթոռի վրա»։
Ի պատասխան նրա հարցի՝ գյումրեցի մի տարեց տղամարդ բացականչեց․ «Սերժիկը», մյուսներն էլ՝ «Սատանան»։ «Այո»-հաստատեց Զարուհի Փոստանջյանը՝ շարունակելով․ «Հիմա տեսեք ոնց է սատանան կուլ տալիս մեր հայրենակիցներին։ Դեռ շարունակելու է կուլ տալ, եթե մենք լռելու ենք, իսկ մենք ինչո՞ւ ենք լռելու, որովհետև չենք լսում, ինչո՞ւ չենք լսում, որովհետև մեր ականջն է վնասված։ Նայեք այս նկարի մեջ, մարդու ամենակարևոր զգայականն ականջն է՝ լսելու հնարավորությունը, մեզանից օտարել են, այս նկարի մեջ նույնպես կտրել են դանակով։ Ինչո՞ւ են կտրում, խոսքի ազատությունը սահմանափակում, որպեսզի չլսես, մնաս տգետ և հիմնական այսօրվա սատանայի գործիքը և քարոզչությունը հետևյալն է՝ տգիտությունը ուժ է։
Եվ մեզ ասում են, որ մենք ոչ մի բան հնարավորություն չունենք իրականացնելու, ովքեր ենք մենք, իշխանությունը իրենց ձեռքում է, իրենք ուժեղ են և իրենք կարողանում են ամեն ինչ։ Իրականում նրանք հազար հոգի են, մե՛նք ենք ուժեղ, մե՛նք ենք ավելի շատ, մե՛նք հազարավոր ենք, մե՛նք հարյուր հազարներով ենք, ամբողջ աշխարհով մեկ ենք, բայց մեր իրավունքները չենք գիտակցում։ Մեր իրավունքները չենք պահանջել որպես քաղաքացիական հասարակություն և քաղաքական ազգ, ինչը ամենակարևորն է։ Մինչ այս պահը մտածել ենք, մեզ ինչ-որ մեկը պիտի գա, առաջնորդի, ո՛չ, յուրաքանչյուրդ ձեր տեղում առաջնորդ եք, յուրաքանչյուրդ ձեր տեղում կարող եք անել շատ մեծ հեղափոխություն։ Հիշեք մեր զինվորներին 18-ամյա, ովքեր այդ դժվարին պահին՝ հարձակման պահին իրենց կյանքի գնով պահեցին սահմանը։ Եթե 18-ամյա զինվորը կարող է հերոսություն անել, ապա մեզ ոչինչ չի մնում, որպեսզի մենք մեր տեղում, չեմ ասում հերոսություն անենք, ցույց տանք քաղաքական ու քաղաքացիական դիրքորոշում։ Այս վիճակը, որտեղ մենք ապրում ենք, պայմանները, որ մեզ այսպես ծաղրում են, մեր համար անթույլատրելի են»։
Զարուհի Փոստանջյանն ասաց, որ համահայկական ընդվզումը պետք է տեղի ունենա նույն օրը, նույն ժամին, միգուցե և մի քանի օր շարունակ Հայաստանի բոլոր քաղաքներում, որպեսզ բռնի ուժերը չկարողանան ճնշել։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ