Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյանը բողոք կներկայացնի միջազգային ատյաններին՝ իր մուտքը Վրաստան արգելելու համար (Տեսանյութ)

Հունվար 21,2018 19:32

«Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանին, որն այսօր իր կուսակիցների հետ մեկնում էր Ախալքալաք՝ հանրահավաք անցկացնելու, Բավրայի անցակետի վրացական հատվածում արգելեցին հատել սահմանակետը։

«Նինոծմինդա» անցակետից Գյումրի այցելած Զարուհի Փոստանջյանը մեզ հետ զրույցում ասաց․ «Որևիցե մի հիմնավորում չներկայացրեցին, ուղղակի ինչ-որ փաստաթղթի, տեղեկանքի նման ինչ-որ մի գրություն են ներկայացրել, որը գրված է վրացերենով, նաև անգլերեն գրառումներ կային։ Այդ գրառման նիշում գրված է՝ այն դեպքերում, երբ նախատեսված է օրենքով, թե դա որ դեպքն է․․․ Ես խնդրեցի ինձ պարզաբանում տրամադրեին՝ միգուցե ես որևիցե հանցագործության մեջ եմ մեղադրվում կամ կասկածվում, կամ ինչ-որ արգելված իր եմ փոխադրում, կամ վարակակիր եմ, որ դրա հիման վրա դուք ինձ թույլ չեք տալիս։ Որևիցե պարզաբանում ինձ չտրամադրեցին։ Մենք նախատեսում էինք, որ մեր այս միջոցառումն անցկացնեինք նաև Բոգդանովկայում և Ախալքալաքում, մեր հայրենակիցները մեզ սպասում էին, որ լինի իրականում համահայկական ընդվզում, համազգային ընդվզում, մենք դիտարկում ենք ողջ հայությանն այդ համազգային ընդվզման մեջ, և միանշանակ Ջավախքը պետք է ընդգրկված լինի այս ամենի մեջ»,-ասաց Զարուհի Փոստանջյանը։

Զարուհի Փոստանջյանն ունի կասկածներ, որ այսօրվա մեր իշխանությունների կողմից վրացիներին ներկայացված լինեն շարժառիթներ։ Հարցին՝ միգուցե տեղյակ են եղել, որ ընդվզման ակցիա եք անցկացնելու ու այդ պատճառով չեն թույլատրել, Զարուհի Փոստանջյանն ասաց․ «Ես չեմ կարող հստակ պատճառ ասել՝ միգուցե նաև հանդիպումների համար, նա ակցիա ենք իրականացնելու ընդդեմ ՍԵրժ Սարգսյանի, այս իշխանությունների տապալման, և նոր հասարակարգի ձևավորման, միգուցե դա է եղել պատճառը։ Մենք հանուն մեր երկրի ենք մեր հայրենակիցներին այցելել, որպեսզի համահայկական ընդվզման միջոցով կարողանանք տապալել այս ապօրինի գործող իշխանությունը և հիմնադրել նոր հանրապետություն, որը բոլորիս համար կարող է ծառայել և բարեկեցիկ կյանք ապահովել»։

Զարուհի Փոստանջյանը պատրաստվում է բողոքներ ներկայացնելու բոլոր ատյաններին ու պահանջելու է իր ոտնահարված իրավունքները վերականգնել։ «Իհարկե, կպահանջեմ հատուցել նաև պատճառված վնասները, որովհետև ես Ջավախք էի մեկնում հատուկ նպատակով, և իրենք իմ գործունեությանը խոչընդոտ են հանդիսացել։ Իհարկե, բողոքելու եմ բոլոր հնարավոր ատյանները, որոնք գոյություն ունեն, որովհետև մենք ունենք առանց վիզայի հնարավորություն այցելելու միմյանց երկրներ և մենք երկուսս էլ՝ Հայաստանն էլ, Վրաստանն էլ Եվրոպայի խորհրդի անդամներ ենք։ Իմ իրավունքները ոտնահարվել են, ՄԱԿ-ի անդամ է Վրաստանը։ Իհարկե, բոլոր միջազգային ատյանները ու նաև ներպետական ատյանները, որոնք հնարավորություն են ինձ ընձեռելու, ես բողոք եմ ներկայացնելու նաև եմ մեր արտգործնախարարություն»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ       

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031