Լրահոս
Օրվա լրահոսը

Պապիկների լեզվակռիվ ու հրմշտոց Գյումրիում՝ Զարուհի Փոստանջյանի ելույթի ժամանակ (Տեսանյութ)

Հունվար 21,2018 18:43

«Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ, Երևանի ավագանու անդամ Զարուհի Փոստանջյանն, այսօր չկարողանալով հանդիպել վրացահայության հետ․ նրան «Նինոծմինդա» անցակետում  չէին թույլատրել մուտք գործել Վրաստան՝ ասելով, որ իր մուտքն արգելված է, կուսակցության ներկայացուցիչների հետ եկավ Գյումրի։

«Դժոխքի երաժշտություն Հայաստանում. ընդվզիր, մերժիր սատանայի բանաձևը» վերտառությամբ մեծ ցուցապաստառը ձեռքերին՝  նրանք նախևառաջ հանդիպեցին Գյումրու Անի թաղամասի Հակոբ Մծբնեցի եկեղեցու շուրջ հավաքված մարդկանց հետ՝ երկար զրույցի բռնվելով։ Տարեց մի տղամարդ, ողջունելով տիկին Փոստանջյանին, ասաց․ «Զարուհի ջան, ամբողջ հայ ժողովրդին պիտի հավաքել, որ այս իշխանությանը  հեռացնենք, ամբողջ հանրապետականներին, մեկին չէ, բոլոր հանրապետականներին։ Ամբողջ ժողովրդին պիտի ոտքի հանել, տեսաք, թոշակները չավելացրեցին, երեկ հայտարարեցին, որ ոստիկաններին սեփական մեքենաների ու բջջայիների համար հատուկ բյուջե պտի տան՝ 500 միլիոն, էդ միլիցոնցը որպես ի՞նչ պիտի տաք, եթե բյուջեն փող չկա»։

«Որ մեզ  լավ ճնշեն, դրա համար», -մեկնաբանեց Զարուհի Փոստանջյանը։ Նա ասաց, որ ամբողջ ազգը պիտի ոտքի կանգնի՝ մեր հայրենիքի, մեր սերունդների ապագայի համար, քանի որ վտանգված է պետականությունը։ Սակայն հավաքված տղամարդկանցից մեկը հակադարձեց․ «Գիտեք մենք ձեզ ե՞րբ կհավատայինք, եթե ամբողջ ընդդիմադիր կուսակցությունները համախմբվեին, դառնայիք մի բռունցք։ Ամեն մեկը, ընդդիմադիր կուսակցությունների մասին է խոսքս, ուզում է իշխանություն զավթել։ Էդ էլ մենք տեսնում ենք, գիտես, սավսեմ տուպո՞յ ենք, ոչինչ չենք հասկանո՞ւմ։ Եթե մեկը ձգտում է իշխանության, ուրեմն թալանի է ձգտում, ինչո՞ւ չեք միանում, ինչո՞ւ չեք միավորվում, Փաշինյանի հետ ելաք պայքարի, ինչի՞ չմիացաք»։

Զարուհի Փոստանջյանն ասաց, որ պապիկը սխալվում է, ինքը Նիկոլ Փաշինյանի հետ պայքարի դուրս չի եկել, իրենց ծրագրերը, սկզբունքները, գաղափարախոսությունը չեն համընկնում։ «Մենք պետք է դառնանք քաղաքական ազգ, որ ասում  եք՝ սրա հետ միացեք, նրա հետ միացեք, միացման խնդիրը չէ, խնդիրը ուրիշ տեղ է։ Առաջինը քաղաքական ազգ լինելու մեջ է, և նոր համակարգ ստեղծելու։ Ժամանակին միացել են, ժամանակը ցույց է տվել, որ այդ արհեստական միացումները որևիցե կերպ չեն անդրադառնում բարեփոխումների  վրա, դրանք ժամանակավոր միավորումներ են»,-ասաց Զարուհի Փոստանջյանը։

Տարեց տղամարդն, ընդհատելով Զարուհի Փոստանջյանին, ասաց, որ ինքը 70 տարեկան է, ժամանակին 1500 հոգանոց կոլեկտիվ է ղեկավարել և հիմա միակ ելքը տեսնում է ազգովի միավորվելու և Հանրապետականներից ու Սերժ Սարգսյանից ազատվելու ուղի փնտրելու  մեջ,  ոչ թե պաշտոնակռիվ տալու։ «Մտածեք Հանրապետականներից փրկվելու մասին, բայց դուք դա չեք անում, է՜», -ասաց տղամարդը։ Զարուհի Փոստանջյանը նրան հորդորեց լսել իրեն ու ասաց, որ մինչ «Հանրապետական» կուսակցության իշխանությունն ու Սերժ Սարգսյանն, անունն այլ էր՝ ՀՀՇ էր, Լևոն Տեր-ՊԵտրոսյան էր, Ռոբերտ Քոչարյան էր։

«Մենք պետք է փոխենք համակարգը, իսկ էդ համակարգի անունը կարող է Սերժ Սարգսյան չլինի, եթե մնա այս համակարգը, մեկ այլ անուն լինի, նույն Հանրապետականի անունը  մեկ այլ անուն լինի, այն, որ Հանրապետականին պիտի դատապարտենք, միանշանակ է, երկրորդ կարծիք չկա, բայց  դրա հետ մեկտեղ բոլորս պիտի պայմանավորվենք՝ ինչպիսի քաղաքական կառուցվածք պետք  ունենա հայկական պետականությունը։ Եթե հիմա մենք չմտածենք, էլի մեկը գալու է, դառնա Սերժ, դրա համար պետք է լինեն հստակ  և՛ պայմանավորվածություն, և՛ Սահմանադիր օրենքներ, բոլորիս համար պետք է ստեղծվեն  հավասար քաղաքական պայմաններ»,- ասաց տիկին Փոստանջյանը։

70-ամյա տղամարդն ասաց՝ «Աստված տա լինի, բայց չի լինել»։ «Մենք եկել ենք, ձեզ ասենք, մենք հավատալու ենք, որ լինելու է»,-ասաց Զարուհի Փոստանջյանը՝ մեկնաբանելով իրենց հետ բերած ցուցապաստառը։ Նա, ցույց տալով դժոխքի պատկերը ու առանձնացնելով կտրված ականջներն, ասաց, որ մեզանից ամենագլխավոր զգայականը, որով ստանում ենք տեղեկատվություն, կտրել են։ «Հիմա մեր զգայականներն այսօր բթացած վիճակում մեզ տանելու են դեպի անդունդ, մենք կորցնելու ենք պետությունը։ Մեր խնդիրն է, որ մեր միջից հանենք ստրուկին ու հասկանանք, որ մեր իրավունքները մեզ են պատկանում, որևիցե մեկը՝ ո՛չ մի առաջնորդ, ո՛չ մի ուրիշ կուսակցություն կամ ինչ-որ առանձին քաղաքական ուժ դա քեզ չի նվիրելու։ Մեր գործն է ձեզ օգնել, որ դուք  այդ իրավունքներից օգտվեք»,- ասաց Զարուհի Փոստանջյանը։

Հարցուպատասխանի հետո, երբ նա ելույթ էր ունենում՝ նշելով, որ իրենց այցի նպատակը Գյումրի համազգային ընդվզման մեր գործընթացի մասին իրազեկելն է, միջադեպ տեղի ունեցավ։ Մի ծերունի միջամտեց, դիտողություն արեց Զարուհի Փոստանջյանին, թե մենք շատ լավ պետություն ունեք և այն, ինչ ունենք այս պահին, բավարար է։ Ծերունու միջամտությունը դուր չեկավ կանգնածներին, նա զգալով դա, առաջ եկավ, վրա տվեց ու հայհոյեց, երբ փորձեցին ծերունուն մի կողմ հրել՝  հեռացնելու  նպատակով, վերջինս վայր ընկավ։ Զարուհի Փոստանջյանը, սա տեսնելով, անմիջապես ընդհատեց ելույթը ու  օգնեց պապիկին ոտքի կանգնելու։

Երբ ոտքի հանեցին, Զարուհի Փոստանջյանը զրուցեց նրա հետ։ Պապիկն ասում էր. «Ինչ ունենք, բավարար է, մեր երկիրը շատ լավ երկիր է», իսկ Զարուհի Փոստանջյանը հակադարձում էր՝ ասելով․ «Ո՛չ հայրիկ, բավարար չէ,  փոխելու ենք, հայրիկ ջան։ Մեր երկիրը հրաշք երկիր է, ունենք ապաշնորհ ղեկավարություն, դրանց պիտի գնահատական տանք, դրա համար ենք եկել»։

«Երկիր Ծիրանի» կուսակցության անդամները բարձրախոսով ու սատանայի իշխանությունը մերժող ցուցապաստառով շարժվեցին  Պարույր Սևակի անվան փողոցով։ Գյումրեցիները լսում էին նրան, մոտենում, զրուցում էին։ Զարուհի Փոստանջյանը   բարձրախոսով հայտարարում էր, որ ոչ միայն սոցիալական պայմաններն են վատթարացել, այլ պետականության անկման վտանգ կա․ շուրջ 7 միլիարդ դոլարի հասնող պետական պարտք կա արդեն, տեղի է ունենում զանգվածային արտագաղթ։ «Միասին դուրս գանք քնած վիճակից ու միասին իրականացնենք հայկական հեղափոխությունը»,-հայտարարում էր Զարուհի Փոստանջյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ   

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031