Իրականում շտրուդելի` ավստրիական հանրահայտ փխրուն կարկանդակի, խմորի պատրաստումը բավականին ժամանակատար պրոցես է: Եվ ժամանակի ու էներգիայի խնայողության առումով` շատ հարմար տարբերակ է այդ խմորի փոխարեն պատրաստի ֆիլո խմոր գնելը: Երեւանյան սուպերմարկետներում կան ֆիլոյի տարբեր տեսակներ` բավականին լավ որակի եւ մատչելի:
Անհրաժեշտ մթերքները
Սառեցված ֆիլո խմոր- 250 գրամ
Խնձոր- միջին չափի 6 հատ
Ընկույզ- կես բաժակ
Աղացած դարչին- 1 թեյի գդալ
Շաքարավազ- 1 բաժակ
Կարագ-100 գրամ
Պատրաստման եղանակը
Ֆիլո խմորները վաճառվում են սառեցված վիճակում, հարկավոր է գնելուց հետո այն լիովին ապասառեցնել, դրա համար առնվազն 6-7 ժամ պետք է խմորը թողեք սենյակային ջերմաստիճանում:
Կարագը հալեցրեք:
Խնձորները կեղեւահանեք եւ կտրեք ոչ շատ մանր կտորներով, ավելացրեք շաքարավազը, դարչինն ու ընկույզը (վերջինս պարտադիր բաղադրիչ չէ), խառնեք գդալով:
Ֆիլոյի շերտի վրա քսեք հալած կարագ կամ յուղ, վրան դրեք հաջորդ շերտը, կրկին քսեք հալած կարագ, ապա` հաջորդ շերտը, եւ այսպես` մինչեւ վերջին շերտը: Բազմաշերտ խմորի մեջտեղում լցրեք խնձորները: Խմորը երկու կողմից վրա բերեք, վրայից էլ հալած կարագ քսեք: Խմորը դրեք ջեռոցի թավայի մեջ: Վրան էլ յուղ քսեք եւ դրեք նախապես 200-220 աստիճան տաքացրած ջեռոցը 20-30 րոպեով` մինչեւ լավ վարդագունի:
Կարող եք մատուցել տաք վիճակում` մեկ գդալ պաղպաղակի հետ:
Բարի ախորժակ:
Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ