«Հայ Խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի և անձամբ իմ անունից սրտի խոր կսկիծով հայտնում եմ,որ կյանքի 91-րդ տարում վախճանվել է «20-րդ դարի լավագույն խոհարար», «խոհարարության պապիկ» խոհարարության անառարկելի հեղինակություն Պոլ Բոքյուզը։
Իր երկարամյա խոհարարական գործունեության ընթացքում նրան հաջողվել է Խոհարարությունը և խոհարարի մասնագիտությունը բարձրացնել մի պատվանդանի, որը հավասարների հետ չափվում էր արվեստների, սպորտի բնագավառների և նրանց հայտնի մարդկանց մակարդակին։ Նրան ճանաչում և ընդունում էին պետությունների ղեկավարներ, քաղաքականության, բիզնեսի, մշակույթի, սպորտի երևելիները։ Պատահական չէ, որ խոհարարական աշխարհի ամենից հեղինակավոր մրցանակը՝ «խոհարարական օսկարը», կոչվում էր «Ոսկե Բոքյուզ»։
Ֆրանսիայի պես հարուստ մշակութային ավանդույթներ ունեցող երկրում (առավելապես Պոլ Բոքյուզի շնորհիվ) հաջողվել է խոհարարությունը բարձրացնել արվեստի մակարդակի։ Որպես պատկերավոր համեմատություն Բոքյուզին կարելի է համեմատել երաժշտության մեջ՝ Բեթհովենի, կինոյի պատմության մեջ՝ Չարլի Չապլինի, Ֆուտբոլում՝ Պելեի, բռնցքամարտում՝ Մուհամեդ Ալիի, քաղաքականության մեջ Ուիսթոն Չերչիլի, և այլ հայտնիների հետ։
Պոլ Բոքյուզնը խոհարարական անտառի հաստաբուն կաղնին էր, որի ապրած կյանքն ու թողած ժառանգությունը թույլ են տալիս ասելու, որ խոհարարության պատմության մեջ նրա անունը ոսկե տառերով գրված կլինի՝ոգեշնչելով նոր խոհարարներին նվաճումների։
Սեդրակ ՄԱՄՈՒԼՅԱՆ
«Հայ Խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ ղեկավար