Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց Առաջավորաց պահքը

Հունվար 20,2018 21:08

Որ 5 օր բռնեցին իշխանություններն
ու ժողովուրդը ու Ոսկե դար ապրեցին

Մենք մեր պատմության մեջ ունեցել ենք մի շրջան, երբ Հայաստանի իշխանություններն ու ժողովուրդը 5 օր պահք պահեցին ու մեծապես զղջացին իրենց սխալ կյանքի ու մեղքերի համար: Դա այնքան օրհնաբեր բան էր, որ դրանից քիչ անց Հայաստանն ապրեց իր Ոսկե դարը: Առաջիկա երկուշաբթի օրը, Սբ. Սարգսի տոնից մեկ շաբաթ առաջ, սկսվում է Առաջավորաց պահքը: Սա Հայոց պահք է:

Պահք՝ բոլոր քրիստոնյա իշխանավորների, պաշտոնավոր մարդկանց ու ամբողջ ժողովրդի համար: Ինչքան ավելի շատ իշխանավորներ ու ժողովուրդ իրական զղջմամբ պահեն այս պահքը, այնքան ավելի արագ մեր կյանքում կլինի արմատական փոփոխություն: Որովհետեւ ինքնամաքրումից ու սեփական անձնուրանալուց առաջանում է իրական սեր, իսկ իրական սերն Աստուծո տեսանելի ներկայությունն է մեր մեջ: Զղջումից լույսը շատանում է, ու խավարը չքանում է:

301 թվականին, Խոր Վիրապից ելնելուց հետո, Սուրբ Գրիգոր Լուսավորիչը դարձի եկած Տրդատ թագավորին ու ժողովրդին նախքան մկրտելը պատվիրեց 5 օր ապաշխարել պահեցողությամբ: 5 օր մեր ամբողջ ազգը Նինվեացիների նման՝ թագավորով հանդերձ պահք էին պահում, զղջում իրենց մեղքերի ու սխալների համար ու աղոթում Հայաստանի համար: Այդ հինգ օրերին ժողովուրդն իր արքայով հանդերձ ոչ միայն իրենց զրկել էր կերակուրներից, այլ, ինչպես հարկն է, հոգեւոր պահեցողությամբ մեծապես զղջում էր իր նախկին հեթանոսական, անբարո կյանքի եւ բոլոր տեսակ մեղքերի համար: Մանավանդ թագավորն ու իշխանավորները շատ էին զղջում, որովհետեւ ոչ միայն սխալներ էին թույլ տվել ազգի նկատմամբ, այլ նաեւ տանջել էին Սբ. Գրիգոր Լուսավորչին ու չարչարելով սպանել Հռիփսիմեաց կույսերին: Այսպես հաստատվեց Առաջավորաց պահքը` Հայ աոաքելական եկեղեցու առաջին պահքը:

Սիրելի բարեկամ, եթե այս խոսքերը հասնում են քեզ, լավ կլինի, որ դու էլ միանաս ու միասին ազգովի պահենք այս պահքը, որ հատուկ Հայոց Պահք է: Ամեն հայ մարդ ուզում է խաղաղ ու բարգավաճ երկիր: Ամեն հայ մարդ ուզում է երկիր, որի բնակիչները սիրում են իրար, չեն խաբում իրար ու հոգ են տանում իրար համար: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ բոլորս պահեցողությամբ զղջանք մեր կատարած սխալ գործերի ու չար մտքերի համար եւ սկսենք մաքրվել: Այս գործը կարող ենք անել միայն Քրիստոսին օգնության կանչելով: Որովհետեւ մեր կրքերն ավելի ուժեղ են, քան մենք, բայց մենք ավելի ուժեղ ենք, քան ամեն չարություն, եթե Քրիստոսի հետ ենք: Բացի նրանից, ոչ մեկն աշխարհում չի կարողացել հաղթել մարդկային կրքերին, ինչպիսիք են ագահությունը, նախանձը, ատելությունը, փառասիրությունը, ինքնահավանությունը, խաբեբայությունը, որկրամոլությունն ու նման տեսակ կրքեր: Չէ՞ որ ամեն չարություն այսպիսի կրքերից է ծնվում: Ուրեմն, առաջիկա երկուշաբթի օրվանից մինչեւ ուբաթ ներառյալ, 5 օր պահք է մեր ազգի մեծ ու փոքրի համար: Ուր էլ լինեք, ինչ պաշտոն էլ ունենաք, իմացեք, որ Աստված ձեզ կոչել է այդ առաքելության ու իր երեխաներին է ուղարկում ձեզ մոտ, որպեսզի հոգ տանեք նրանց համար, օգնեք իրենց եւ ուրախացնեք իրենց սրտերը՝ նրանց մխիթարելով: Երբ մեր ազգը 4-րդ դարում պահեց այս պահքը, շատ շուտով Ոսկե դար ունեցավ: Երկիրը զորացավ, մշակույթը զարգացավ ու Աստուծո օրհնությունը հովանի եղավ Հայոց Պետությանն ու ազգին: Իսկ եթե մենք հեռանանք Աստծուց ու ապրենք ոչ թե իր պատվիրաններով, այլ մեր սեփական ցանկություներով, ապա վերքեր կհասցնենք ինքներս մեզ, կցրվենք ամբողջ աշխարհով ու կդառնանք թափառական, մինչեւ որ հասկանանք մեր սխալներն ու զղջանք դրանց համար՝ կրկին վերադառնալով Աստուծո գիրկը: Ինչ լավ բան կլինի, որ առաջիկա երկուշաբթի օրվանից սկած, մեծից փոքր պահք պահենք, զղջանք մեր սխալների ու մեղքերի համար ու աղոթենք մեր հայրենիքի ու Հայոց պետականության զորացման համար:

Ինչպես պահել պահքը

Նախ, որքան հնարավոր է՝ ծածուկ: Որպեսզի մարդկանց պահք պահող չերեւաք, ինչպես սովորեցրեց մեր Տեր Հիսուս Քրիստոսը: Հնում մարդիկ ընդհանրապես բան չէին ուտում ու ջուր խմում էին քիչ: Բայց հետո բանջարեղեն սկսեցին օգտագործել եւ չուտել որեւէ կերակուր, որ կենդանական ծագում ունի: Եթե հիվանդ եք կամ հղի, փորձեք գոնե մի փոքր բան անել, մի փոքր բանից հրաժարվել: Աստված նայում է մեր բոլորի արած ջանքերին: Ամեն մեկը թող բարձրացնի այնքան ծանրություն, որքան որ կարող է: Նույնիսկ երեխաներին սովորեցրեք հրաժարվել մի ինչ-որ բանից ու համբերել սովորել: Օրինակ, եթե օրական 10 հատ կոնֆետ եք տալիս իրենց, ապա հիմա այս պահոց օրերին 6 հատ տվեք, սովորեցնելով սպասել, մինչեւ որ պահքն ավարտվի: Այսպիսով ձեր երեխան համբերել կսովորի մանկուց, ու իր համար դա մեծ օգուտ կլինի, երբ նա հասունանա: Ու այնպես պետք է անել, որ այս պահոց օրերը չլինեն դիետայի օրեր: Այլ դրա ժամանակ մարդը պիտի իրապես փորձի տեսնել իր սխալներն ու մեղքերը, իմանա, թե ինչքան վերք ու ցավ է դրանցով պատճառել դիմացինին ու սեփական անձին եւ զղջա դրանց համար: Զղջալը ցավ ապրել է:

Եթե ձեր սխալները չեք կարողանում տեսնել ու ձեզ արդար մարդ եք համարում, աղոթե՛ք Աստծուն ու խնդրեք, որ ձեզ ցույց տա եւ հիշեցնի ձեր կատարած մեղքերը: Հավատացե՛ք, դուք կսկսեք տեսնել ու հիշել բաներ, որոնց համար եւ կամաչեք, եւ կզղջաք: Դրանք երեւի առաջացնեն զղջման արտասուք, որը լավագույն դեղն է մարդու ապաքինման համար: Եթե սա էլ չեք կարող անել, գոնե նպատակ դրեք այս պահոց օրերին 4 Ավետարանները կարդալ: Ամեն մեկը 2 ժամ է տեւում: Եթե սա էլ չեք կարող անել, գոնե 4 Ավետարաններից ընտրեք մեկը, եւ կարդացեք ծայրից ծայր: Արդյունքում ձեր միտքը կլցվի Աստուծո Խոսքով: Այն կթափանցի ձեր սրտի խորքերն ու այնտեղից դուրս կմղի ամեն կեղտ ու մաղձ: Դուք կսկսեք ապաքինվել այնպիսի հիվանդություններից, որոնք նույնիսկ չէիք տեսնում մինչ այդ: Եթե սա էլ չեք կարող անել, գոնե ամեն օր երկու նախադասություն աղոթեք ձեր մեղքերի եւ Հայաստանի համար: Այսպես ասեք. «Տեր Հիսուս Քրիստոս, Որդի Աստուծո, ողորմյա ինձ մեղավորիս: Տեր Հիսուս Քրիստոս, Որդի Աստուծո, ողորմյա Հայոց Պետականությանը»: Օրը 10 անգամ, 20 անգամ, 100 անգամ, ինչքան որ կարող եք:

Ամփոփում

Սրանից մոտ 2800 տարի առաջ Աստված վճռել էր կործանել Նինվե քաղաքը, քանի որ այդ քաղաքի մարդիկ չարացել էին: Նրանք խաբում էին իրար, կաշառք վերցնում, արդարություն չկար, մեծամիտ էին ու ինքնահավան: Տերը Հովնան անունով մի մարգարե ուղարկեց, ասելով՝ գնա ասա 3 օրից քաղաքը կործանվելու է: Բայց զարմանալի բան տեղի ունեցավ: Ժողովուրդը լրջացավ, հավատացին մարգարեի խոսքերին ու այդ երեք օրը, թագավորից սկսած, ամբողջ քաղաքով ծոմ պահեցին: Նույնիսկ իրենց անասուններին ուտելիք չէին տալիս այդ երեք օրերին: Թագավորն էլ քուրձ հագավ ու մոխրի մեջ նստեց: Նրանք տեսան իրենց սխալներն ու զղջացին դրանց համար: Արդյունքում հրաշք կատարվեց: Աստված պահպանեց քաղաքը: Ժողովուրդը զղջման միջոցով փրկվեց կործանումից: Մեր Հայոց ազգն էլ, 4-րդ դարում այսպես ծոմ պահելով, այնպիսի մի գործընթաց բերեց, որ մի քանի տասնամյակ անց Ոսկե դար ապրեց: Ես հավատում եմ, որ մենք էլ շուտով նոր Ոսկե դար կապրենք, եթե ամեն մեկս մեր ներսում կարողանա տեսնել իր սեփական սխալներն ինչպես ծովի ավազը:

Մենք էլ շուտով նոր Ոսկե դար կապրենք, եթե ամեն մեկս զղջա իր սխալների համար, ու Քրիստոսի անունը կանչելով, ծոմապահությամբ լվանանք ու մաքրենք մեր մեղքերը: Այն ժամանակ Սիրո լույսը կճառագի մեր մեջ ու մեզանից դեպի մեր շուրջի մարդիկ: Խավարը կչքվի ու ամեն ինչ այլ կլինի: Սիրելի բարեկամ, եթե այս խոսքերը քեզ հասան ու կպան քո սրտին, խնդրում եմ, դու էլ կիսիր քո ընկերների ու բարեկամների հետ, որպեսզի ավելի շատ մարդիկ իմանան այս բաների մասին: Միգուցե ձեր շնորհիվ ավելի շատ մարդիկ բռնեն Հայոց Առաջավորաց պահքը, զղջան իրենց մեղքերի համար, աղոթեն մեր երկրի ու բանակի համար եւ մենք շուտով, շատ շուտով տեսնենք մի նոր Ոսկե դար Հայոց աշխարհում:

 

ԱՐՄԵՆ ՀԱՐԵՅԱՆ

«Առավոտ»

20.01.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031