Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հունվարի 19-ին «Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով» դատական նիստում դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը մերժեց պաշտպանական կողմի՝ տասից ավելի հանրային գործիչների, այդ թվում՝ «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման ներկայացուցիչներից Ալեք Ենիգոմշյանին հարցաքննելու միջնորդությունը: Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով դատարանի որոշմանը՝ գործով ամբաստանյալներ Ժիրայր Սեֆիլյանի եւ Գեւորգ Սաֆարյանի շահերի պաշտպան, փաստաբան Արայիկ Պապիկյանը տեղեկացրեց՝ այդ վկաները նախաքննության ընթացքում հարցաքննվել են եւ մանրամասն բացատրել, թե ինչ էին իրենցից ենթադրելու 2015թ.-ին «Հիմնադիր խորհրդարան»-ի կողմից նախատեսվելիք քաղաքացիական ակտիվ գործողությունները:
«Մեղադրանքի կողմը պնդում է, թե Գեւորգ Սաֆարյանը եւ Ժիրայր Սեֆիլյանն այդ ժամանակ նպատակ են ունեցել զանգվածային անկարգություններ հրահրել, մինչդեռ իմ մատնանշած վկաներն ասել են, որ իրենց բոլոր գործողությունները պետք է կատարվեին բացառապես օրենքի սահմաններում»,-համոզմունք հայտնեց Արայիկ Պապիկյանը:
Նա խոսքով՝ այդ վկաները չեն դատակոչվել, քանի որ մեղադրանքի կողմը հասկանում է՝ եթե նրանք դատարանում էլ հարցաքննվեին, Սաֆարյանին եւ Սեֆիլյանին առաջադրված մեղադրանքներից մեկը՝ զանգվածային անկարգություններ հրահրելը, կփլուզվեր: Փաստաբանը հավելեց, որ նշյալ վկաները «Հիմնադիր խորհրդարան»-ի ակտիվիստներ եւ աջակիցներ են, հասարակական գործիչներ:
Մանրամասն՝ տեսանյութում
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Փաստաբանական տեսանկիւնից, իրաւաբանական գետնի վրայ, բացայայտօրէն անիմաստ է այս «փաստաբանին» ըսածը:
Այդ վկաները, եւ անոնց պէս հարիւրներ, կարող են ամենայն համոզումով եւ անկեղծութեամբ դատարանին ասել թէ մեղադրեալները միշտ ել ուզել են միայն օրինական միջոցներով գոծել:
Դատական-օրինական ոչ մի արժէք չունի սակայն այդպիսի վկայութիւն, նոյնիսկ եթէ հարիւր անգամ կրկնուի, քանզի կարող է որ այդ վկաները իրենք բնաւ տեղեակ չէին թէ մեղադրեալները ունէին այլ միտումներ, անօրէն ծրագիրներ:
Որեւէ կազմակերպութեան մէջ, կան անդամներ որոնք չգիտեն թէ միւսները ինչ են անում…
Խնդիրը այստեղ կառավարութեան փաստերն են: Հետապնդող կողմը ունի՞ բաւարար փաստեր, հաստատելու համար մեղադրանքը: Բերել վկաները որ խօսելու են բաներու մասին որ չգիտեն, օրինապէս անիմաստ է, եւ այդ քայլի նպատակը միայն մեղադրեալների համակիրները խանդավառել է: Ընդունելի մարտավարութիւն է, տուեալ խաղին մէջ, սակայն ՈՉ ինքզինք «փաստաբան» կոչող անձին կողմէ: