Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի իշխանություններն օգտագործում են բոլոր միջոցները՝ կոծկելու իրենց ցեղասպան գործողությունները՝ նենգափոխելով իրողությունները. ԱՀ ԱԳՆ

Հունվար 20,2018 16:44

Բաքվի հայ բնակչության զանգվածային ջարդերի 28-րդ տարելիցի կապակցությամբ

28 տարի առաջ՝ 1990 թվականի հունվարի 13-19-ը, Բաքվում ադրբեջանական իշխանությունների կողմից կազմակերպվել և իրականացվել է հայ բնակչության զանգվածային կոտորած: Ազգային պատկանելության հողի վրա բռնությունների ու տեղահանման է ենթարկվել տեղի շուրջ քառորդ միլիոն հայությունը: Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների վկայությամբ՝ խոշտանգումների զոհ են գնացել հարյուրավոր հայեր, թալանի ու բռնագրավման է ենթարկվել հայերի ունեցվածքը: Հայաթափված Բաքուն պատմության մեջ մտավ «երեք ջարդերի քաղաք» անվանմամբ (1905թ., 1918թ. և 1990թ):

1990-ի հունվարի արյունոտ օրերին Բաքվում տեղի ունեցածը, որ իրականացվել էր Գորբաչովի վարչախմբի իմացությամբ և թողտվությամբ, ադրբեջանահայության ցեղասպանության ծրագրի իրագործումն էր, քաղաքականություն, որով Բաքուն ձգտում էր լռեցնել իր ինքնորոշման իրավունքի իրագործման համար ոտքի ելած արցախահայության ձայնը: Այսօր էլ Ադրբեջանի իշխանությունները օգտագործում են բոլոր միջոցները՝ կոծկելու իրենց ցեղասպան գործողությունները՝ նենգափոխելով իրողությունները և խուսափելով պատասխանատվությունից:

Հարգանքի տուրք մատուցելով Բաքվի կոտորածին ու բռնատեղահանությանը զոհ գնացած անմեղ հայերի հիշատակին, համոզված լինելով, որ հանցագործության անպատժելիությունը հանգեցնում է նոր ոճիրների իրականացման, ինչին քաղաքակիրթ հանրությունը ևս մեկ անգամ ականատես եղավ 2016թ. ապրիլին Արցախի Հանրապետության ժողովրդի նկատմամբ սանձազերծված նոր ռազմական ագրեսիայի ժամանակ՝ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը.

դատապարտում է ահաբեկչության, այլատյացության ու ծայրահեղականության ցանկացած դրսևորում,

պնդում է, որ Բաքվի, ողջ Արևելյան Անդրկովկասի, ինչպես նաև Հյուսիսային Արցախի ու Նախիջևանի հայության հանդեպ կազմակերպված բռնությունները լիովին համապատասխանում են ՄԱԿ-ի 1948թ. «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին» կոնվենցիայով սահմանված ցեղասպանության հանցագործության իրավական ձևակերպմանը,

վերահաստատում է, որ Արցախի Հանրապետությունը հետևողական է լինելու ադրբեջանահայության ցեղասպանության կազմակերպիչներին և իրականացնողներին  պատասխանատվության ենթարկելուն,

կոչ է անում  միջազգային հանրությանը և խորհրդարանական կառույցներին՝ Բաքվի հայ բնակչության զանգվածային ջարդերին տալ իրավական գնահատական և քայլեր ձեռնարկել Ադրբեջանում պետական մակարդակով շարունակվող հայատյացության քարոզչության դեմ՝ կանխելու դրա հնարավոր հետևանքները:

ԱՀ ԱԳՆ մամուլի հաղորդագրություն

20 հունվարի, 2018թ.
ք. Ստեփանակերտ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031