Իրաքի ինքնավար շրջան Քրդստանում այս տարի սպասվում են նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ, սակայն Իրաքի կառավարությունը դրանց անցկացումը մտադիր է արտոնել Իրաքի խորհրդարանական ընտրությունների անցկացումից, այսինքն՝ մայիս 15-ից հետո, ինչի հետ համաձայն չեն Քրդստանում: Պատճառը, ըստ թուրքագետ-քրդագետ Կարեն Հովհաննիսյանի, Քրդստանի անկախության գործընթացի հնարավոր փորձերը չեզոքացնելու տեսլականն է:
«Ինչպես նախորդ տարի կայացած Քրդստանի անկախության հանրաքվեի, այնպես էլ այս դեպքում տարաձայնություններ կան: Քրդստանի այսպես կոչված ընդդիմադիրները փորձում են ընտրություններ անցկացնել նշված ժամկետից հետո եւ հաճոյանալ Իրաքի իշխանությանը»,-«Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով թեմային՝ ասաց նա:
Կարեն Հովհաննիսյանը նշեց, որ վերջին մի քանի տարում բուն Իրաքի տարածքից ներգաղթ է նկատվում դեպի Քրդստանի տարածք, որը վերաբերում է նաեւ տեղի հայերին. «Չնայած այն հանգամանքին, որ Քրդստանը պատերազմական իրավիճակում, է իրաքցիների համար այն համարվում է ավելի բարենպաստ միջավայր՝ ապրելու եւ բիզնեսի համար: Այդ պատճառով էլ Իրաքի կառավարությունն այժմ փորձում է Քրդստանի ընտրողներին հնարավորինս իր հսկողության ներքո առնել»:
Ինչ վերաբերում է Իրաքի հայերի վիճակին, Կարեն Հովհաննիսյանի խոսքով՝ Քրդստանում բավականին դրական են վերաբերվում նրանց. «Քրդստանի ղեկավարը հանրաքվեից առաջ խոստացավ, որ հայերենը Քրդստանի պաշտոնական լեզուներից մեկը կճանաչվի, բայց խոստումը չիրականացավ: Այնուամենայնիվ, հայերին շատ լավ են վերաբերվում թե արաբները, թե քրդերը: Բացառություն են այն ուժերը, որոնք Թուրքիայի աջակցությունն են վայելում: Հայերի համար ներկայում հատուկ գյուղեր են կառուցվում, բնակարաններ են հատկացնում, որոնք հայերը վաճառելու իրավունք չունեն, բայց կարող են անհատույց կերպով տնօրինել: Խնդիրը միայն այն է, որ տեղի հայերը հայերենին չեն տիրապետում, թեեւ հայկական եկեղեցիներ են այցելում»:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ